Նովգորոդի Ռուսիա, Ռյուրիկի պետություն կամ Պրիվոլխովիեի Ռուսիա (ռուս.՝ Новгородская Русь, Государство Рюрика, Поволховская Русь), արևելասլավոնական և ֆիննաուգորական ցեղերի միություն, պետական կազմավորում։ Հիմնադրվել է 862 թվականին։ Նրա գլուխ կանգնած էին Սկանդինավյան թերակղզուց 9-րդ դարում Նովգորոդ տեղափոխված Ռյուրիկովիչները[1]։ Այն Կիևյան Ռուսիայի նախորդն էր, հին ռուսական պետության հիմքը[2]։ Հետագայում, երբ հարավում նվաճվում են նոր տարածքներ և միացվում առաջին համառուսական պետությանը, 882 թվականին մայրաքաղաքը տեղափոխվում է Կիև։ Այդ 20 տարիներին՝ 862-882 կառավարել են 2 իշխաններ՝ Ռյուրիկը (862–879) և Օլեգը (879-882)։ Ռուսական առաջին մայրաքաղաքի հավակնություն ունեն Ռյուրիկովո գորոդիշչե, Հին Լադոգա և Սլովենսկ բնակավայրերը։ Ավելի ուշ հայտնվում է Նովգորոդի հողը (ռուս.՝ Новгородская Земля), որը միացյալ ռուսական պետության մասնիկներից էր։

Новгородская Русь
Նովգորոդի Ռուսիա
862 - 882 Կիևյան Ռուսիա 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նովգորոդ
Լեզու ռուսերեն
Կրոն Հեթանոսություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն
իշխան Ռյուրիկ (862–879)

Թեև ընդունված է համարել, որ ռուսական պետության հիմնադրման տարեթիվը 862 թվականն է, իսկ Դնեպր գետի մերձափնյա տարածքների գրավումը և մայրաքաղաքը Կիև տեղափոխելը՝ 882-ը, սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ իրականում Նովգորոդի Ռուսիան հիմնադրվել է 890 թվականին, իսկ տարածքների ընդարձակումը՝ 10-րդ դարի սկզբին։

Իշխան Ռյուրիկը իրեն էր ենթարկել ոչ միայն Նովգորոդը, այլև հարևան ու հեռավոր Լադոգա, Բելոօզերո, Իզբորսկ, Ռոստով, Մուրոմ, Պոլոցկ քաղաքները։ 10-րդ դարի արաբ աշխարհագրագետները իրենց քարտեզներում այս երկիրը նշում էին ալ-Սլավիա (արաբ․՝ السلافية‎‎)։ Բյուզանդական կայսր, հայկական ծագում ունեցող հարստության ներկայացուցիչ Կոստանդին Ծիրանածինը այն կոչում էր Ներքին Ռուսիա, իսկ Կիևի տարածքը՝ ուղղակի Ռուսիա։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Նովգորոդի Ռուսիան կառավարվում էր սկանդինավյան օրենքներով և աշխարհի քարտեզին հայտնվել էր շատ ավելի առաջ, քան Նովգորոդ քաղաքը։ Սակայն տարեգրության համաձայն վարյագները Նովգորոդից, որի մեջ մտնում էին չուդերի, կրիվիչների, իլմենյան սլովենների և այլ արևելյան սլավոնների հողերը, հարկ էին վերցնում ոչ թե 859, այլ նույնիսկ 852 թվականից։ Իսկ Սմոլենսկի և Լյուբեչի գրավումից հետո Օլեգը տեղափոխվեց հարավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նովգորոդի Ռուսիայի մասին ռուսական հանրագիտարանում
  2. Цукерман К. Два этапа формирования древнерусского государства // Археологiя : журнал. — Киев: Інститут археології HAH України, 2003. — № 1.