Նիսիկի-է (ճապ.՝ 錦絵, «դիպակե նկարներ», հայտնի է նաև որպես էդո-է), ճապոնական արվեստի ուկիյո-է ժանր, որն իրենից ներկայացնում է բազերանգ պատկերների փայտափորագրություն։ Նիսիկի-է տեխնոլոգիան հայտնագործվել է 1760-ական թվականներին և մասսայականություն է ձեռք բերել նկարիչ Սուձուկի Հարունոբուի շնորհիվ, որը ստեղծել է նիսիկի-է տեխնիկայով բազմաթիվ աշխատանքներ 1765 թվականից հետո[1]։

«Կայսերն ընտանիքի հետ վայելում է խաղաղության պահը», Յասուձի Ինոե, 1887 թ.
«Ճապոնացի ռազմական սպաները քննարկում են մարտավարությունը», Միձունո Տոսիկատա

Մինչև նիսիկի-է տեխնոլոգիայի հայտնագործումը ուկիյո-է ժանրի բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են սև-սպիտակ տարբերակով, այնուհետև նկարազարդվել ձեռքով։ Նիսիկի-է-ի երևան գալով փորագրությունները դարձան ավելի իրատեսական և արտահայտիչ[2]։ Նիսիկի-է-ի համար օգտագործվում էին ջրային և բուսական հիմքով ներկանյութեր, որը հնարավորություն էր տալիս ստեղծել տարբեր բազմաթիվ երանգներ։ Դրա շնորհիվ նկարիչները կարողանում էին պատկերել տարբեր նրբերանգներ և նուրբ գունային անցումներ, օրինակ արտացոլումը ջրում կամ հայելում, թափանցիկ գործվածքի տակ թաքցված առարկաների պատկերումը[2]։ Նիսիկի-է-ի ստեղծման համար յուրաքանչյուր գույնի համար ստեղծվում է փայտի առանձին հատված, այնուհետև այն օգտագործվում է որպես դրոշմ։ Կինրոկու ազգանունով փորագրողը համարվում է ծաղիկների առանձին տեսակների պատկերման համար օգտագործվող բազմաթիվ գույների համադրման տեխնոլոգիայի հայտնագործողը[1]։ Նիսիկի-է տեխնիկայով առաջին աշխատանքները դարձան Էդոյի հարուստ արիստոկրատների խմբի կողմից պատվիրված օրացույցները[3]։ Այս ոճը և տեխնիկան երբեմն անվանում են նաև Էդո-է (ճապ.՝ 江戸絵) ի պատիվ Էդո քաղաքի։ Ուկիյո-է-ի վարպետներ Կացուշիքա Հոքուսայի և Ուտագավա Հիրոշիգեի ժամանակ դրոշմվածքների ստեղծման համար օգտագործվում էր շուրջ 20 տարբեր գույներ[2]։ Նկարիչները փորձում էին միմյանց գերազանցել ոչ միայն գույներին տիրապետելու, այլև կատարյալ կոմպոզիցիաների ստեղծման գործում[2]։

Մեյձիի ժամանակաշրջանում նիսիկի-է տեխնիկայով աշխատանքներ էին կատարվում նորաձևության ուղղությունների, այլ երկրներից բերված ապրանքների, իրադարձությունների և այլ թեմաներով ստեղծագործությունների նկարազարդումների համար։ Այդ ժամանակ մեծ կիրառություն ուներ թերթային նիսիկի-է (ճապ.՝ 新聞錦絵 սիմբուն նիսիկի-է) ոճը։ Նկարիչ- փորագրիչները նկարազարդումներ էին կատարում Տոկիո Նիթինիթի Սիմբուն կամ Յուբին Հոթի Սիմբուն թերթերի հոդվածների համար։

Փայտափորագրական նկարազարդումները մեծ պահանջարկ ունեին առաջին ճապոնա-չինական պատերազմի տարիներին (1894-1895), պատերազմի 9 ամիսների ընթացքում ստեղծվեցին շուրջ 3 հազար փորագրություններ[4]։ Այս նկարազարդումներում հիմնականում գովաբանում էին ճապոնական բանակին և նվաստացնում չինական զորքերին։ Վառ գույները, հրապուրիչ սյուժեները և կատարման մատչելիությունը նիսիկի-է-ին դարձնում էին այլընտրանքային մրցակից այդ ժամանակներում նոր ի հայտ եկող սև և սպիտակ լուսանկարչության համար։

Գրականություն խմբագրել

  • Forbes, Andrew ; Henley, David (2012). Suzuki Harunobu: 100 Beauties. Chiang Mai: Cognoscenti Books. ASIN: B00AC2NB8Y
  • Munsterberg, Hugo (1957). "The Arts of Japan: An Illustrated History." Tokyo: Charles E. Tuttle Company.
  • Paine, Robert Treat and Alexander Soper (1955). "The Art and Architecture of Japan." New Haven: Yale University Press.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Nishiki-e». Encyclopædia Britannica.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The evolution of ukiyo-e and woodblock prints». Khan Academy.
  3. «Woodblock Prints in the Ukiyo-e Style» (անգլերեն). The Metropolitan Art Museum.
  4. Keene, Donald (1983). Impressions of the Front. Philadelphia: Philadelphia Museum of Art.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսիկի-է» հոդվածին։