Յորղիս Զոռբաս (հուն․՝ Γεώργιoς Ζορμπάς, 1865, Katafygio, Commune of Katafygio - սեպտեմբերի 16, 1941(1941-09-16), Սկոպիե, Բուլղարիա), հույն հանքագործ, որը դարձել է հույն հայտնի գրող Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» վեպի գլխավոր հերոսը։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1946 թվականին[1]։

Յորղիս Զոռբաս
Դիմանկար
Ծնվել է1865
ԾննդավայրKatafygio, Commune of Katafygio
Մահացել էսեպտեմբերի 16, 1941(1941-09-16)
Մահվան վայրՍկոպիե, Բուլղարիա
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունհանքափոր
ԵրեխաներԱնաստասիա Ալեքսիու

Կենսագրություն

խմբագրել

Յորղիս Զոռբասը ծնվել է 1865 թվականին Պիերիայի լեռներում գտնվող Կատաֆիյոն գյուղում, որն այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում[2][3]։ Նրա լրիվ անունը, հոր անունը, ծննդյան տարեթիվն ու վայրը փաստագրված են Կատոֆիյոնի գրանցամատյանում, որը պահպանվել է մինչ մեր օրերը։

 
Զոռբասի անունը Կատաֆիյոնի գրանցամատյանում:

Եղել է հարուստ հողատեր և ոչխարատեր Ֆոտիոս Զոռբասի որդին։ Վերջինս, բացի Յորղիսից, ունեցել է նաև մեկ դուստր՝ Կատերինան և երկու այլ որդի՝ Յոանիսը և Քսենոփոնը։ Ընտանիքը ծագումով Կոլինդրոսից էր, սակայն տեղի օսմանյան կառավարիչների հետ կոնֆլիկտից հետո, Ֆոտիոս Զոռբասը որոշում է ընտանիքի հետ միասին տեղափոխվել Կատաֆիյոն[4]։

Աշխատել է Կատաֆիյոնի իր դաշտերում ու զբաղվել անասնապահությամբ, այնուհետ դարձել փայտահատ, իսկ ավելի ուշ մեկնել Քաղկեդոնյան թերակղզու վրա գտնվող Պալայոչորի գյուղ, որտեղ անցկացրել իր կյանքի բավականին մեծ ժամանակահատված՝ 1889-1911 թվականները։ Որպես հանքափոր, աշխատել է Ստրատոնիկիում գտնվող ֆրանսիական հանքարդյունաբերական ընկերությունում ու ընկերացել վարպետ Ջիանիս Կալկունիսի հետ։ Փախել է Կալկունիսի դստեր Էլենիի հետ ու ունեցել 8 երեխա։ Այս ժամանակաշրջանի վերջում պատերազմն ու կնոջ մահը մեծ դժբախտություն բերեցին նրա ընտանիքին։

Այս ամենից հետո Յորղիս Զոռբասը Պալայոչորիից հեռացել է Էլեֆթերոհորի, որը Կոլինդրոսից գտնվում էր միայն 8 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ բնակվում էր Յորղիսի եղբայրը՝ Յոանիսը, որը մասնագիտությամբ բժիշկ էր։ 1915 թվականին Զոռբասը որոշում է ճգնավոր դառնալ ու մեկնում Աթոս լեռ։ Հենց այնտեղ էլ նա հանդիպում է Նիկոս Կազանձակիսին ու դառնում նրա մտերիմ ընկերը։ Նրանք միասին մեկնում են Մանի թերակղզի, որտեղ գտնվող Պրաստովայում աշխատում որպես հանքափորներ։ Հենց այստեղ ունեցած իրենց արկածների հիման վրա էլ, ավելի ուշ, Կազանձակիսը գրում է «Ալեքսիս Զոռբասի կյանքնի ու ժամանակները» (Βίος και πολιτεία του Αλέξη Ζορμπά) աշխատությունը, որը Յորղիս Զոռբասի կյանքի գեղարվեստականացված տարբերակն է։ Տարբեր լեզուներով, այդ թվում՝ նաև հայերենով, գիրքը թարգմանվել է «Հույն Զոռբան» վերնագրով։ 1968 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է «Զոռբան» մյուզիքլը, իսկ 1964 թվականին՝ օսկարի ներկայացված «Հույն Զոռբա (ֆիլմ)|Հույն Զոռբա]]» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Էնթոնի Քուինն էր[1]։

Զոռբասն իր կյանքը շարունակում է Հարավսլավիայի թագավորությունում, որտեղ բնակություն է հաստատում 1922 թվականին՝ իր 10-ամյա դստեր՝ Կատերինայի հետ։ Նա հանքահորեր է ձեռքբերում Նիշի ու Սկոպիեի մոտ ու սկսում զբաղվում հանքագործությամբ[5]։ 1940 թվականին Կատերինան ամուսնանում է մի հարուստ վաճառականի հետ, ում հետ միասին նա մեկնում է ապրելու Բելգրադում։

Զոռբասը մահացել է 1941 թվականի սեպտեմբերի 16-ին[6] ու թաղված է Սկոպիեին կից գտնվող Վոդնո թաղամասի գերեզմանատանը։ Նրա մահվան պահին Հյուսիսային Մակեդոնիայի այս քաղաքը գտնվում էր Բուլղարիայի թագավորության տիրապետության ներքո[7]։ Քաղաքային պլանավորման փոփոխությունների պատճառով նրա ոսկորները 1954 թվականին տեղափոխվել են Բուտելի գերեզմանատուն (P-17), որը ևս մոտ է Սկոպիեին[8]։

Զոռբասի ծոռը հույն հայտնի ռոք երաժիշտ Պավլոս Սիդիրոպուլոսն էր[9][10][11][12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Thomas R. Lindlof (8 August 2008). Hollywood Under Siege: Martin Scorsese, the Religious Right, and the Culture Wars. Lexington, Ky.: University of Kentucky Press. էջ 16. ISBN 978-0-8131-2517-6 – via Google Books.
  2. George Logothetis, (2008) Mikis Theodorakis - The Greek Soul, publisher: George Logothetis; 9604221329, p. 196.
  3. Nikos Kazantzakis, Zorba the Greek, Publisher Simon and Schuster, 2014, 1476782814, p. 345.
  4. Giannēs Anapliōtēs, (1978) The Real Zorbas and Nikos Kazantzakis; Hakkert, 9025608035, pp. 31-32.
  5. „Етнос“: Гробот на вистинскиот Грк Зорба е во Скопје. 18.11.2013, А1он.(չաշխատող հղում)
  6. Nikos Kazantzakis, Zorba the Greek, Publisher Simon and Schuster, 2014, p. 349., 1476782814
  7. Brown, K. The Past in Question: Modern Macedonia and the Uncertainties of Nation, Publisher Princeton University Press, 2003, p. 134., 0691099952
  8. Катерина Блажевска, Дојче Веле, Зорба почива во Македонија, но не живее на нејзината сцена. Нова ТВ, January 18, 2014.
  9. Dimitris Pagadakis (8 February 2018). «The true story of Zorba and the Kazantzakis» (հունարեն). Արխիվացված օրիգինալից 8 February 2018-ին.
  10. «The grave of "Alexis Zormpas" in Skopje will be visiting members of the International Society of Friends of Nikos Kazantzakis» (հունարեն). 21 November 2023. Արխիվացված օրիգինալից 29 November 2023-ին.
  11. «Skopje: At the grave of "Alexis Zormpas" friends of Nikos Kazantzakis together his great-granddaughter» (հունարեն). 25 November 2023. Արխիվացված օրիգինալից 25 November 2023-ին.
  12. «The grave of "Alexis Zormpas" in Skopje visited friends of Nikos Kazantzakis» (հունարեն). The National Herald. 25 November 2023. Արխիվացված օրիգինալից 29 November 2023-ին.

Գրականություն

խմբագրել
  • The Real Zorbas and Nikos Kazantzakis by Giannes Anapliotes. Amsterdam: Hakkert, 1978. 90-256-0803-5.

Արտաքին հղումներ

խմբագրել