Յանուշ Կուսոչինսկի (լեհ.՝ Janusz Tadeusz Kusociński, հունվարի 15, 1907(1907-01-15)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1940(1940-06-21)[2][1], Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ մարզիկ, թեթև աթլետ[3], 1932 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն 10000 մետր վազքատարածությունում, 1934 թվականին Եվրոպայի առաջին առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի (վազք 5000 մ), աշխարհի ռեկորդակիր 3000 մ (19 հունիսի, 1932, 8.18,8) և 4 մղոն (30 հունիսի, 1932, 19.02,6) վազքատարածություններում, Լեհաստանի տասնակի չեմպիոն։ Դիմադրության շարժման մասնակից է։

Յանուշ Կուսոչինսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Janusz Tadeusz Kusociński
Մասնագիտացում՝երկար հեռավորություն վազող, թեթևատլետ, runner, Մարզական լրագրող և մարզիչ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 15, 1907(1907-01-15)[1]
Ծննդավայր՝Վարշավա, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հունիսի 21, 1940(1940-06-21)[2][1] (33 տարեկան)
Մահվան վայր՝Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Ակումբ՝Վարշավյանկա
Մարզիչ(ներ)՝Ալեքսանդր Կլումբերգ
167 սմ
Քաշ՝72 կգ
Յանուշ Կուսոչինսկու շիրիմը

Կենսագրություն խմբագրել

Յանուշ Կուսոչինսկին ծնվել է 1907 թվականի հունվարի 15-ին Վարշավայում։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է ֆուտբոլ Վարշավայի տարբեր ակումբներում։ Թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել 1928 թվականին, երբ միացել է «Սարմատա» մարզական ակումբին, որտեղ նրա մարզիչն էր լեհ հայտնի տասնամարտիկ Ալեքսանդր Կլումբերգը։

Առաջին անգամ մասնակցելով Լեհաստանի առաջնությանը՝ Յանուշ Կուսոչինսկին հաղթել է 5000 մ վազքատարածությունում։ Հաջորդ տարի նա չի մասնակցել մրցությունների բանակում ծառայելու պատճառով, սակայն զորացրվելուց հետո 1930 և 1931 թվականների Լեհաստանի առաջնություններում հաղթել է 1500 մ և 5000 մ մրցատարածություններում, իսկ 1932 թվականին՝ 800 մ վազքատարածությունում։

1932 թվականին Յանուշ Կուսոչինսկին՝ որպես այգեգործ, աշխատել է Վարշավայում[4]։ Լոս Անջելեսում անցկացվելիք Օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ 3000 մ վազքատարածությունում (8:18.8), իսկ ավելի ուշ սահմանել է աշխարհի ոչ պաշտոնական նոր ռեկորդ՝ չորս մղոն վազքատարածությունն անցնելով 19:02.6 ժամանակում։ Օլիմպիական խաղերում Յանուշ Կուսոչինսկին առաջին տեղն է գրավել 10 000 մետր վազքատարածությունում (30:11.4)՝ արժանանալով ոսկե մեդալի։

1934 թվականին Թուրինում անցկացված Եվրոպայի առաջին առաջնությունում 5000 մ վազքատարածությունում երկրորդ տեղը գրավելուց հետո Յանուշ Կուսոչինսկին որոշում է ընդունել ավարտել իր մարզական կարիերան, սակայն 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի առաջնությանն ու հաղթել 10 000 մետր վազքատարածությունում։

Յանուշ Կուսոչինսկին ընդունվել է Վարշավայի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որտեղ նրա հետ միասին սովորել է այնպիսի հայտնի մարզիկներ, ինչպիսիք են Յադվիգա Վայսը (լեհ.՝ Jadwiga Wajs), Ֆելիցիա Սխաբինսկան (լեհ.՝ Felicja Schabińska), Մարիա Կվասնևսկայան (լեհ.՝ Maria Kwaśniewska), Ստանիսլավա Վալասևիչը։

Որպես կամավոր՝ Յանուշ Կուսոչինսկին մասնակցել է սեպտեմբերյան շարժմանը, երկու անգամ վիրավորվել է։ Պարգևատրվել է «Krzyż Walecznych» շքանշանով։ Մասնակցել է դիմադրության շարժմանը որպես ընդհատակյա հետախուզության անդամ[4][5]։ Ձերբակալվել է 1940 թվականի մարտին, ոչ ոքի չի մատնել և գնդակահարվել է Պալմիրի գյուղի մոտակայքում այլ հայտնի լեհերի հետ միասին (Մացեյ Ռատայ, Դավիդ Պշեպյուրկա և այլ մարզիկներ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ)։

Ներկայում Յանուշ Կուսոչինսկու շիրիմը գտնվում է Պալմիրիի գերեզմանատանը։

Հիշատակ խմբագրել

  • 1954 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում է Յանուշ Կուսոչինսկու հիշատակին նվիրված մրցություն (լեհ.՝ Janusz Kusociński Memorial
  • Դոլսկում (Մեծ Լեհաստան վոևոդություն) տեղադրվել է Յանուշ Կուսոչինսկու հուշարձանը։
  • 1977 թվականին ռեժիսոր Քշիշտոֆ Ռոգուլսկին նկարահանել է «Վերջին շրջան» (լեհ.՝ Ostatnie okrążenie) ֆիլմը՝ նվիրված Յանուշ Կուսոչինսկու կյանքին 1939-1940 թվականներին։
  • 2009 թվականին Յանուշ Կոսուչինսկին հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի մեծ խաչով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Janusz_Kusociński
  3. БРЭ/Кусочиньский Януш
  4. 4,0 4,1 Wallechinsky, David (2004). The Complete Book of the Summer Olympics, Toronto: Sport Classic Books. ISBN 1-894963-34-2
  5. Karski, Jan (1944). The Story of a Secret State. Houghton Mifflin. ISBN 1931541396.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Կուսոչինսկի» հոդվածին։