Կարինե Մկրտչյան

երգչուհի
(Վերահղված է Մկրտչյան Կարինեից)

Կարինե Թաթոսի Մկրտչյան (օգոստոսի 19, 1954(1954-08-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (սոպրանո), մանկավարժ։

Կարինե Մկրտչյան
Ծնվել էօգոստոսի 19, 1954(1954-08-19) (69 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Կարինե Մկրտչյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 19-ին Լենինականում։ 1976 թվականին ավարտել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան ուսումնարանի երգեցողության բաժինը (դասատու՝ Վ. Աթոյան), 1981 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի (Ա. Սարաջյանի դասարան) երգեցողության բաժինը։

1981-1997 թվականներին դասավանդել է Ք. Կարա-Մուրզայի անվան ուսումնարանում (1988-1997 թվականներին եղել է վոկալ բաժնի վարիչ), 1997-2006 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում (2003-2005 թվականներին՝ ամբիոնի վարիչ)։ 2005 թվականից զուգահեռաբար աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում (2016 թվականից՝ պրոֆեսոր), 2007 թվականից միաժամանակ աշխատել է Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում։

Մենահամերգներով հանդես է եկել Գյումրիում, Վանաձորում, Երևանում, Թբիլիսիում, Գյումրիի կամերային նվագախմբի հետ՝ Մերձբալթյան երկրներում (1986)։ 1982 թվականին Լենինականում հանդես է եկել Անուշի դերերգով (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրման 70-ամյակին)։ Համերգային երկացանկում ընդգրկված են եղել Յ. Ս. Բախի, Հ. Գ. Հենդելի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի, Ֆ. Մենդելսոնի, Ռ. Շումանի, Յ. Բրամսի, Ջ. Վերդիի, Վ. Բելլինիի, Պ. Ի. Չայկովսկու, Ս. Վ. Ռախմանինովի, Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի, Է. Միրզոյանի, Գ. Չթչյանի և ուրիշների ստեղագործություններից։

2008 թվականին ՀՀ և սփյուռքահայ կոմպոզիտորներին նվիրված համահայկական համերգին կատարել է իրանահայ կոմպոզիտոր Վ. Վահրամյանի ստեղծագործությունները։ 2008 թվականին վարպետության դասեր է վարել Կապանի ու Գյումրիի երաժշտական դպրոցներում։ Սաներից են Հ. Կարապետյանը, Ս. Ասմանգուլյանը, Մ. Գրիգորյանը, Գ. Թումանյանը, Լ. Առաքելյանը և ուրիշներ։

Կարինե Մկրտչյանը մասնակցել է երաժիշտ-կատարողների այսրկովկասյան VII (1981, դիպլոմ) և Մ. Ի. Գլինկայի անվան մեներգիչների համամիութենական (1981, Մինսկ, 1983, Երևան) մրցույթներին։

Հեղինակել է «XX դարի արտասահմանյան կոմպոզիտորների երգեր և ռոմանսներ» (սոպրանոյի համար, 2008), «Ջ. Վերդի. արիաներ սոպրանոյի համար» (2015) նոտաների ժողովածուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։