Մխիթարյան միաբանության կրթական հաստատություններ

(Վերահղված է Մխիթարյան վարժարաններից)

Մխիթարյան վարժարաններ, Մխիթարյան միաբանության հիմնած հայկական դպրոցներ։ Մինչև Մխիթարյան միաբանության ստեղծումը (1701) նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել Կարինի Կարմիր վանքում (1698), Կ․ Պոլսի Ղալաթիա թաղամասում (17001717-ին Սուրբ Ղազար տեղափոխված միաբանությունը վանքին կից հիմնել է ճեմարան (ակադեմիա), որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն։ Այստեղ հայերենին, արևելյան լեզուներին և մշակույթին ծանոթացել են Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Բրեյնդ, Ստենդալ, Դիարիխ, Պետերման և ուրիշներ)։ XIX դ․ Մխիթարյան միաբանությունը Կ․ Պոլսում ուներ 6 նախակրթարան։ Իրենց երկարատև գործունեությամբ առանձնանում են Մագըզ Աղաճի (1847), Քաղկեդոնի (1870) նախակրթարանները։ Վիեննի Մխիթարյանները Կ․ Պոլսի ֆրանցիսկյան վանքին կից հիմնել են դպրոց (1830), որը 1857-ին տեղափոխվել է Բանկալթիի թաղամասը։ Դպրոցներ են հիմնել Հունգարիայի հայ գաղթավայրերում՝ Վարատինում (1749), Սիռվիզում (1797), Եղիսաբեթուպոլսում (1746, ծրագիրն ու կանոնադրությունը 1790-ին կազմել է Միքայել Չամչյանը), նաև Պարտիզակում (1883), Նիկոմիդիայում (1887), Սավորայում (1885), Ղարասու Բազարում (1825), Տրապիզոնում (1817), Միմֆերոպոլում (1862), Ախալցխայում (1831), Մուշում (1892), Մերդինում (1911), Խարբերդում (1912), Քավթառլու գյուղում (1880, այժմ՝ Փանիկ, Արթիկի շրջան)։ Դպրոցական գործի ղեկավարման մեջ միասնականություն հաստատելու նպատակով միաբանությունը կազմել է (1843) Խնամակալից ժողով՝ Ս․ Թեոդորյանի և Ռ․ Թրյանի գլխավորությամբ։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Վիեննայի Մխիթարյաններն ունեցել են 26 դպրոց։ 1918-ին Կ․ Պոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է որբանոց-դպրոց, որը 1921-ին տեղափոխվել է Գատը գյուղը, 1922-ին՝ Իտալիայի Ֆիեսո գյուղը, ապա՝ Միլան։ 1936-ին նոր դպրոցներ են հիմնվել Ալեքսանդրիայում, Հալեպում (վերջինս՝ լիցեյի ծրագրով)։ Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ այժմ գործում են Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրատ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։ Միաբանությունն ունի նաև երկու ընծայարան՝ Բեյրութում և Սուրբ Ղազարում։ Առանձին ընծայարաններ ունեն նաև Վիեննայի միաբանները, որոնց հովանավորությամբ Կ․ Պոլսում գործում է Բանկալթիի լիցեյը։ Ա․Իգնատյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 637 CC-BY-SA-icon-80x15.png