Միջատների կյանքը
«Միջատների կյանքը» (ռուս.՝ «Жизнь насеко́мых»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երկրորդ վեպն է (1993)։
Միջատների կյանքը ռուս.՝ Жизнь насекомых | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տուրբոռեալիզմ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1993 |
Հրատարակվել է | 1993 |
Նախորդ | Օմոն Ռա |
Հաջորդ | Չապաևն ու Պուստոտան |
Մարդու կյանքի մասին այլաբանություն, որը ձեռք է բերվել միջատների կյանքի հետ համեմատության միջոցով (ակնհայտ են Կարել Չապեկի «Միջատների կյանքից» պիեսի հետ զուգահեռները)։ Հեղինակի ընտրած հերոսները 1990-ական թվականների սկզբի Ռուսաստանի հասարակության տիպիկ ներկայացուցիչներն են։ Սակայն այս փաստն ինքնին դեր չի խաղում, քանի որ կերպարները շատ համընդհանուր են և ադեկվատ են ցանկացած պահի համար։ Տեքստը պարունակում է հղումներ Կարլոս Կաստանեդային, Մարկոս Ավրելիոսին և բուդդայականության ուսմունքներին[1]։
1999 թվականին վեպն անգլերեն է թարգմանել Էնդրյու Բրոմֆիլդը (The Life of Insects)[2]։
Սյուժե
խմբագրելՎեպի գործողությունները ծավալվում են 1990-ական թվականների սկզբին Ղրիմում[3]։
Վեպում զուգահեռ գոյություն ունի երկու աշխարհ՝ մարդկայինը և միջատների աշխարհը։ Ըստ այդմ, հերոսներից յուրաքանչյուրը հայտնվում է իր դերերից կա՛մ մեկում, կա՛մ մյուսում, իսկ երբեմն էլ՝ երկուսում միաժամանակ[3]։
Երկու ռուս մոծակ՝ Արթուրը և Առնոլդը, պետք է հանդիպեն ամերիկացի մոծակ Սեմին։ Սեմը ծանոթ է Ռուսաստանին, նա գերազանց ռուսերեն է խոսում[3]։
Բոլոր երեք մոծակների համար համախմբման սկիզբը մարդկային արյունն է։ Այս հերոսների համար արյուն ծծելը և՛ կարևոր ժամանց է, և՛ աշխատանք, և՛ կոչում, և՛ կիրք։ Սեմը գնում է Ռուսաստան՝ արյան նոր նմուշներ հավաքելու համար։ Մոծակները մեկնում են իրենց որսի հետևից[3]։
Սեմի համտեսած արյունը նրա համար դառնում է մեծ խնդիր։ Ամերիկացին անմիջապես հարբում է տիրոջ արյան մեջ եղած օդեկոլոնից[3]։
Տեղի է ունենում ծանոթություն Արչիբալդ մոծակի հետ։ Վերջինս սովորական մոծակի նման արյուն չի ծծում, այլ օգտագործում է լաբորատորիայից՝ պահածոյացված տեսքով, բաժակներով։ Ընկերների խնդիրն է Արչիբալդին մոծակային բնականոն կյանքին վերադարձնելը, որտեղ մոծակները որս անելով են արյուն խմում։ Ճանապարհին Արչիբալդի հետ դժբախտություն է պատահում. նրան սպանում է Նատաշա ճանճն այն պահին, երբ նա փորձում էր ծծելով կպչել վերջինիս ոտքին[3]։
Սրբազան բզեզները (կոյաբզեզներ) հայր ու որդի են։ Նրանց կյանքում գլխավորը գոմաղբն է (իսկ մարդկային աշխարհում՝ փողերը)[3]։
Որդին ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ այս երկվությունը. ինչպե՞ս գոմաղբի գունդը կարող է լինել և՛ այն գունդը, որն ինքը հրում է իր առջևում, և՛ այն գունդը, որին նա կպչում է և որն ինքն իրեն գլորվում է, և ոչ ոք չգիտի, թե ուր։ Պարբերաբար կրկնվող այն պահը, երբ գոմաղբի մեջ խրված կոյաբզեզները հայտնվում են իրենց իսկ գլորած գնդի տակ, երազ է։ Նրանք այդ երևույթն ընկալում են այնպես, կարծես ժամանակ առ ժամանակ նրանց աչքերը բետոնե սալ է ծածկում։ Երբ բետոնե սալը հեռանում է նրանց աչքերից, բզեզներն արթնանում են[3]։
Հայրը երկար տարիներ որդուն սովորեցնում է իր փիլիսոփայական համակարգը, մինչև սատկում է՝ սպանվելով կնոջ կոշիկով[3]։
Այս շարքի գլխավոր հերոսներն են թռչող մրջյուն Մարինան, մրջնառյուծը, մայոր Նիկոլայը և նրանց դուստրը՝ Նատաշա ճանճը[3]։
Մարինան գալիս է հայտնի չէ որտեղից և նստում առափին։ Նա չգիտի, թե ինչ է ուզում։ Նա նույնպիսին է, ինչ բոլորը։ Ուստի, նախևառաջ, նա հանդես է գալիս շրջապատող բոլոր էգերի պես. խարտում է իր թևերը, այնուհետև գնում է կինոթատրոն, այնտեղ դիտում է արտասահմանյան ինչ-որ ֆիլմեր և սիրահարվում օտարերկրյա ինչ-որ դերասանի։ Նա ցանկանում է, որ իր կյանքում ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ցույց է տրված այդ ֆիլմերում[3]։
Դուրս գալով կինոթատրոնից՝ նա գնում է իր համար բույն փորելու։ Փորում է և տեղավորվում այնտեղ։ Որոշ ժամանակ անց Նիկոլայն անցք է փորում դեպի նրա բույնը։ Նրանք սկսում են միասին ապրել բնում, որը գտնվում է Մագադանում[3]։
Նիկոլայը շտապում է. քանի դեռ նրա կինն ամբողջովին չի գիրացել և դեռ կարողանում է դուրս գալ բնից, նրան պետք է տանել թատրոն։ Նիկոլայն անսպասելիորեն մահանում է թատրոնում, գործընկերները նրա դիակը սղոցում են մասերի։ Այս կտորներից մի քանիսը Մարինան իր հետ բերում է բույն։ Այնտեղ նա արագորեն գիրանում է, գործնականում կորցնում է շարժվելու ունակությունը։ Բայց հիմա Մարինան մայր է դառնում։ Այստեղ ձվից դուրս է գալիս նրա դուստրը՝ Նատաշան[3]։
Մարինայի ցանկությունն է դստերը մշակույթի աշխատող դաստիարակելը, ուստի Նատաշան ամբողջ մանկության ընթացքում սովորում է բայան նվագել, որը նա ժառանգել էր հանգուցյալ հորից։ Նատաշայի ճակատագիրն այլ կերպ է դասավորվում, քան մայրն էր ուզում, և նա դառնում է ճանճ (ինտերաղջիկ)։ Այսուհետև նրա և մոր միջև պատ է գոյանում։ Նա հանդիպում է Սեմ մոծակին, մի անգամ նրան նույնիսկ տուն է բերում[3]։
Նատաշան Սեմին բողոքում է ծանր կյանքից։ Ճանճերը ոչ մի իրավունք չունեն, նրանց թունավորում են քիմիական նյութերով։ Նա երազում է Սեմի հետ մեկնել Ամերիկա։ Բայց Նատաշայի երազանքներին վիճակված չէ իրականանալ։ Վեպի վերջում նա մահանում է Սեմի աչքերի առաջ՝ ռեստորանում սոսնձվելով կպչուն ժապավենին[3]։
Գիշերային թիթեռնիկներ
խմբագրելՎեպի սյուժետային հաջորդ գիծը Դիմա և Միտյա գիշերային թիթեռնիկների կյանքն է։ Նրանք ձգտում են լույսին, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչ է լույսը, ինչ է խավարը և արդյոք իրականում կա լույս[3]։
Որոշակի պահի Դիման ու Միտյան հասկանում են, որ իրենք թիթեռներ չեն, այլ լուսատտիկ են, և, հետևաբար, որ իրենք են լույսի աղբյուր, բայց միևնույն ժամանակ ստիպված են միշտ մնալ խավարի մեջ։ Եվ ցանկալի է, որ ոչ ոք գլխի չընկնի, որ նրանք լույսի պայծառ աղբյուր են, որից բացի աշխարհում ոչինչ գոյություն չունի[3]։
Վեպի վերջում Միտյան ստիպված է պայքարել սեփական դիակի հետ, բայց, միևնույն ժամանակ, ով ում հետ է կռվում և ով է հաղթում, մնում է չբացահայտված[3]։
Կանեփի փայտոջիլներ
խմբագրելՄաքսիմը և Նիկիտան միջատների աշխարհում կանեփի փայտոջիլներ են (թմրամոլներ)։ Կանեփի փայտոջիլներն այնքան փոքր են, որ շատ թմրամոլներ դրանք սխալմամբ մանր աղբի տեղ են դնում, որը ծխելու ժամանակ ճտճտում է։ Բայց թմրամոլներից ոմանք գիտեն, որ սա ոչ թե աղբ է, այլ փոքր բզեզներ են, և նրանք հավատում են այն նախանշանին, որ եթե բզեզները փորձում են դուրս գալ խառնուրդից և ինչ-որ տեղ փախչել, ապա դա նշանակում է, որ շուտով գալու են ոստիկանները, և ժամանակն է, որ իրենք էլ փախչեն։ Նիկիտան այս ամենը գիտի։ Այդ մասին նա պատմում է Մաքսիմին, երբ նա իրեն հյուր էր եկել։ Ընկերները զրուցում են և գնում իրենց թմրամոլային գործերով[3]։
Ճանապարհին նրանք հանդիպում են ոստիկանների։ Նիկիտան և Մաքսիմը նրանցից թաքնվում են լայն խողովակի մեջ։ Միջատների աշխարհում այդ խողովակը ծխախոտով գլանակն է լինում, որը սկսում են ծխել։ Մահից առաջ Մաքսիմը դիմում է Աստծուն և նրանից ստանում պատասխան, որ ինքը մեղք չունի (մարդկային աշխարհում Սեմն է ծխում գլանակը, իսկ Մաքսիմի լսած «Աստծո խոսքերը»՝ Նատաշային ուղղված Սեմի խոսքերն էին)[3]։
Խավարասերներ-կնճիթավոր ճպուռներ
խմբագրելՍերյոժան դուրս է գալիս ձվից, ծառից ընկնում գետնին, ատամները խրում գետնի մեջ։ Նրա հիմնական զբաղմունքը հողը փորելն է, ինչը նա կանի իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա փորում է, երբ պետք է աշխատանքի գնա, իսկ աշխատանքից վերադառնալիս՝ հողը փորում է տանը լինելու համար։ Սերյոժան նույնիսկ իր համար կանանց է փորելով գտնում։ Նրա կյանքի նպատակը հնարավորինս շատ փողեր փորելն է, և նա դա իրականացնում է[3]։
Սերյոժայի մեծ վախը իր հայրենիքում խավարասեր դառնալն է, բայց նա փորում-հասնում է Ամերիկա։ Այնտեղ Սերյոժան ևս անընդհատ փորում է։ Չնայած իր բոլոր ջանքերին՝ նա վերածվում է ամերիկյան հին խավարասերի։ Ծեր հասակում հերոսը հասկանում է, որ անհրաժեշտ է փորել բացառապես դեպի վերև. դա նրան դուրս է բերում հողի մակերես։ Այդ պահին Սերյոժան խավարասերից վերածվում է ցիկադի (կնճիթավոր ճպուռի)։ Հայտնվում են թևեր, և նա սովորության համաձայն սկսում է փորել օդը։ Այստեղ տեղի է ունենում այն երեկոյի կրկնությունը, երբ հերոսը ծնվում է ձվից։ Ընթերցողը հասկանում է, որ այլ բան պարզապես երբեք չի եղել[3]։
Առանձնահատկություններ
խմբագրելՀետազոտողները նշում են, որ Պելևինի համար համատեքստային հղումը Ժան Անրի Ֆաբրի «Միջատաբանական հուշերին»[4], Իվան Կռիլովի առակներին և Չապեկ եղբայրների «Միջատների կյանքից» չեխական պիեսին կարևոր է։ Պելևինը վերարտադրում է Կռիլովի առակային «բարոյական օրենսգիրքը»՝ արդիականացնելով նրա բարոյականության երկիմաստությունը։ Պելևինի մոտ տեսնում ենք կերպարի գենդերային առանձնահատկությունները. Մարինան մրջյուն չէ, այլ էգ մրջյուն, քաղքենի կին (մրջնուհի, ճպուռ, ճանճ և այլն)[4]։ Պելևինը միջատների համար օգտագործում է մարդ-միջատների հատուկ անուններ (Սերյոժա, Դիմա, Միտյա, Մարինա և այլն), որոնք գործում են անկախ նրանց նույնականացումից որպես մարդ, մրջյուն, ցիկադ և այլն։
Պելևինի արձակի ասոցիատիվ հարստությունը, իհարկե, այն դարձնում է տխրահռչակ պոստմոդեռնիզմի երևույթ։
- Բորիս Պարամոնով[5]
Ստեղծման պատմություն
խմբագրելԱռաջին անգամ հրապարակվել է «Զնամյա» ամսագրում, 1993 թվական, թիվ 4, էջ 6-65։ Այս վեպի համար հեղինակը 1993 թվականին ստացել է «Զնամյա» ամսագրի «Ռուսաստանում ժողովրդավարության կյանքի և արտասովոր արկածների մասին լավագույն վիպակի համար» մրցանակը[6]. այն մշտապես հանձնվում է ամսագրի կողմից՝ այնտեղ հրապարակված լավագույն գործերի համար, հովանավորն է «Մատերիկ» հրատարակչությունը[7]։
Փիլիսոփայություն
խմբագրելՎեպում հեղինակը ընթերցողին հղում է Մարկոս Ավրելիոսի և անտիկ ժամանակների փիլիսոփայական գաղափարներին։ Այս հնարքը Վիկտոր Պելևինին անհրաժեշտ է` առանձին անհատի դեպի ճշմարտություն էքզիստենցիալ ճեղքման հնարավորությունը ժամանակակից զանգվածային քաղաքակրթության համատեքստում ուսումնասիրելու համար։ Տարբեր փիլիսոփայական դիսկուրսների համեմատության և երկխոսության մեջ (անտիկ և արևելյան) առաջատար դերը պատկանում է անտիկին[8]։
Մրցանակներ
խմբագրելՄրցանակների անվանակարգեր.
առաջադրված | Մեծ Օղակ, 1993 // Խոշոր ձև |
առաջադրված | Բրոնզե խխունջ, 1994 // Խոշոր ձև |
առաջադրված | Ինտերպրեսկոն, 1994 // Խոշոր ձև (վեպ) |
Բեմադրություններ
խմբագրել- 2000՝ Միջատների կյանքը (վեպի հիման վրա նկարահանված մոնոներկայացում) - Սերգեյ Մակովեցկին կարդում է բոլոր դերերը
- 2017՝ Միջատների կյանքը (Ռուսլան Կուդաշովի ռեժիսորական արվեստանոց), Մեծ տիկնիկային թատրոն, Սանկտ Պետերբուրգ[9]
- 2019՝ Պլաստիկ ներկայացում «Յա, կամ Միջատների կյանքը», Պերմի ժամանակակից պարի ազատ թատրոն, Պերմ[10][11]
2001 թվականին «Ռադիո Ռոսսիի» ռադիոկայանը «Միջատների կյանքը» ռադիոսերիալի համար (30 սերիա) արժանացել է Ալեքսանդր Պոպովի անվան համառուսական «Հատուկ ծրագրեր» պրոֆեսիոնալ մրցանակին «Նոր ձևերի հայտնաբերման համար» անվանակարգում[12][13]։
Պատկերազարդողներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ватутина А. С. Постмодернистский образ насекомого как квинтэссенция «Высокого» и «Низкого»: Д. Пригов, В. Пелевин, Л. Петрушевская // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского. — 2014. — № 2—3.
- Мартьянова Ирина Анатольевна Басенный «Нравственный кодекс» И. А. Крылова и современная русская литература: интертекстуальные связи // Вестник Череповецкого государственного университета. — 2019. — № 6 (93).
- Суханов Вячеслав Алексеевич Марк Аврелий и философские идеи античности в романе В. Пелевина "жизнь насекомых" // Вестник Томского государственного университета. Филология. — 2019. — № 58.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Книга «Жизнь насекомых». 2013 թ․ մարտի 29.
- ↑ «The Life of Insects». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 «Жизнь насекомых - краткое содержание романа Пелевина (сюжет произведения)». sochinimka.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ 4,0 4,1 Мартьянова Ирина Анатольевна Басенный «Нравственный кодекс» И. А. Крылова и современная русская литература: интертекстуальные связи // Вестник Череповецкого государственного университета. — 2019. — В. 6 (93). — ISSN 1994-0637.
- ↑ Борис Парамонов (01 января 2000). «Пелевин - муравьиный лев». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Алексеевич, Суханов Вячеслав (2019). «Марк Аврелий и философские идеи античности в романе В. Пелевина "жизнь насекомых"». Вестник Томского государственного университета. Филология (58). ISSN 1998-6645.
- ↑ ««Знамя» Ежемесячный литературно-художественный и общественно-политический журнал» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Суханов Вячеслав Алексеевич Марк Аврелий и философские идеи античности в романе В. Пелевина "жизнь насекомых" // Вестник Томского государственного университета. Филология. — 2019. — В. 58. — ISSN 1998-6645.
- ↑ kudago. «Спектакль «Жизнь насекомых» в Большом театре кукол». KudaGo.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Йа или жизнь насекомых». iCity.Life (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 11,0 11,1 Ольга Богданова (25 февраля 2019). «В «Часовом заводе» откроется выставка работ Александра Жунёва из цветного скотча». www.chitaitext.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ ««Жизнь насекомых». Моноспектакль по роману Виктора Пелевина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Настоящее «Радио России».
- ↑ «Иллюстрации / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Միջատների կյանքը» վեպի տեքստը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում
- Ժան դը Լաֆոնտենը Վիկտոր Պելևինի «Միջատների կյանքը» վեպի մշակութային ասոցիացիաների համատեքստում. 17-րդ դարը դարաշրջանների և մշակույթների երկխոսության մեջ։ Գիտաժողովի նյութեր
- «Միջատների կյանքը» գրքի գրախոսական Ռեցենզենտ.ռու