Էքզիստենցիալիզմ, գոյության փիլիսոփայություն, կամ գոյութենապաշտություն (լատին․՝ exsistentia՝ գոյություն), գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական և աթեիստական միտումներով տարածված հոսանք, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը։ Ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը։ Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը։

Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել Սյորեն Կիերկեգորի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Նիցշեի, Միգել դե Ունամունոյի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև Է. Հուսեռլի ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան։

Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ Մարտին Հայդեգերը, Կառլ Յասպերսը, Ֆրանսիայում՝ Ժան-Պոլ Սարտրը, Ալբեր Քամյուն, Ռուսաստանում՝ Լև Շեստովը, Նիկոլայ Բերդյաևը և այլն։

Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են կրոնական (Յասպերս, Գաբրիել Մարսել, Բերդյաև և այլն) և աթեիստական (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների։

Էքզիստենցիալիզմի կենտրոնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն։

Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը

Ըստ Սարտրի, մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև այլ մարդկանց համար։ Մարդը բացահայտելով իրեն, բացահայտում է այլ մարդկանց և դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է։ Այլ մարդիկ անհրաժեշտ են անձի գոյության և ինքնաճանաչության համար։

Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված։ Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության։ Ըստ Սարտրի և Քամյուի, դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան։ Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ։ Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով։

«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 38