Միշել Օգյուստ Կրո (ապրիլի 22, 1830(1830-04-22)[1], Շամոնի Մոն Բլան - հուլիսի 14, 1865(1865-07-14)[2], Մաթերհորն), ֆրանսիացի լեռնագնաց և լեռնային ուղեկցորդ։ Արևմտյան Ալպերի առաջին լեռնագնացներից է։ Մահացել է Մաթերհորնից իջնելուց։ Էդուարդ Ուիմփերի գլխավորած խումբը, որի կազմում էր նաև Կրոն, առաջին խումբն էր, որ հաջողությամբ բարձրացավ Մաթերհորն։

Միշել Կրո
ֆր.՝ Michel Auguste Croz և ֆր.՝ Michel Croz
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1830(1830-04-22)[1]
ԾննդավայրՇամոնի Մոն Բլան
Մահացել էհուլիսի 14, 1865(1865-07-14)[2] (35 տարեկան)
Մահվան վայրՄաթերհորն
ՔաղաքացիությունCounty of Savoy և  Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ՄասնագիտությունԼեռնային ուղեկցորդ և ճանապարհորդ հետազոտող
Ստորագրություն
Изображение автографа
 Michel Croz Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Միշել Կրոն ծնվել է 1830 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիայի Շամոնի կոմունայի վերին մասում գտնվող փոքրիկ Լը Տուր գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Միշելն ամբողջ կյանքում ապրել է իր ավագ եղբայր Ժան Բապտիստ Կրոյի (1828-1905) (որը ևս լեռնային ուղեկցորդ էր), նրա կնոջ և ընտանիքի, ինչպես նաև երկու քույրերի՝ Մարի Սոֆիի և Մարի Դելֆինի հետ։ Միշելն ամուսնացած չէր[3][4]։

Լեռնագնացի կարիերա խմբագրել

Միշել Կրոն լեռնագնացի և լեռնային ուղեկցորդի իր կարիերան սկսել է 1859 թվականին, երբ նրան վարձեց անգլիացի լեռնագնաց և գիտնական Ուիլյամ Մեթյուզը՝ բրիտանական ալպիական ակումբի հիմնադիրներից մեկը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Կրոն Մեթյուզի հետ միասին մի շարք լեռնագնացություններ է կատարել մի քանի ալպիական գագաթներ, այդ թվում` առաջին վերելքը Գրանդ Քասի (3855 մ, օգոստոսի 8, 1860), Մոն Ժելեի (3518 մ, Օգոստոսի 11, 1861), Կաստորի (4228 մ, օգոստոսի 23, 1861), Դոմ դե լա Սաշեի (3601 մ, օգոստոսի 15), Մոնտե Վիզոյի (3841 մ, օգոստոսի 30, 1861), Մոն Պուրիի (3779 մ, հոկտեմբերի 4) գագաթներ[3][5]։

1864 թվականին Մեթյուզը հեռացավ լեռնագնացությունից և Միշել Կրոն միացավ անգլիացի լեռնագնաց և ճանապարհորդ Էդուարդ Ուիմփերի թիմին։ Նրա հետ միասին Կրոն կատարել է առաջին վերելքը դեպի Մոն Դոլանի (3823 մ, հուլիսի 9, 1864)[6], Բար դեզ Էկրենի (4102 մ, հունիսի 25, 1864[7]), Էգյուիյ դը Տրե լյա Տետեի (3930 մ, հուլիսի 12, 1864), Էգյուիյ դ'Արժանտիերի (3901 մ, հուլիսի 15, 1864), Պուենտ Ուիմփերի (4184 մ, Գրանդ Ժորաս լեռնազանգվածի երկրորդ ամենաբարձր գագաթը, հունիսի 9, 1865) գագաթներ[3][8]։

Վերելք դեպի Մաթերհորն և մահ խմբագրել

 
Կրոյի, Հեդոուի, Հարդսոնի և Դուգլասի ընկնելը Մաթերհորնից (Գյուստավ Դորե, 1865)
 
Միշել Կրոուի գերեզմանաքարը

1865 թվականի հունիսին Ուիմփերը վարձեց Կրոյին Մաթերհորն բարձրանալու մեկ փորձ ևս կատարելու համար։ Ավելի վաղ Ուիմփերը մի շարք փորձ կատարել էր այս ուղղությամբ բարձրանալու համար, բայց դրանք անհաջող էին ավարտվել։ 1865 թվականի հունիսի 13-ին Ուիմփերն ու Կրոն ուժերը համախմբեցին բրիտանացի լեռնագնաց Ֆրենսիս Դուգլասի խմբի հետ (որի կազմի մեջ էին նաև Դուգլաս Ռոբերտ Հեդոուն, Չարլզ Հադսոնը, Պետեր Տաուգվալդեր ավագը (հայր) և Պետեր Տաուգվալդեր կրտսերը) և դուրս եկան Ցերմատից։ Հաջորդ օրը` 1865 թվականի հուլիսի 14-ին, խումբը հաջողությամբ հասավ գագաթ։ Կրոն և Ուիմփերն առաջինը ոտք դրեցին լեռնագագաթ։ Մեկ ժամ մնալով լեռան գագաթին՝ խումբը սկսեց իջնել։ Կրոն առաջնագծում էր։ Մեկնարկից մի քանի րոպե անց, Հեդոուն, որը երկրորդն էր իջնում, չկարողացավ իրեն պահել և ընկավ՝ իր ետևից քաշելով նաև Կրոյին։ Հադսոնը և Դուգլասը նույնպես չկարողացան իրենց պահել և ընկան մյուս երկուսի հետևից։ Պարանը, որը կապում էր ընկած լեռնագնացներին և մնացած երեքին, կտրվեց և բոլորն ընկան ներքև։ Հուլիսի 16-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 3 լեռնագնացների մարմինները (Կրոյի, Հադսոնի և Հեդոուի)։ Հուլիսի 19-ին մարմինները տեղափոխվեցին Ցերմատ և թաղվեցին լեռնագնացների տեղի գերեզմանոցում[9][10]։

Հիշատակ խմբագրել

Գրանդ Ժորաս լեռնազանգվածի երրորդ ամենաբարձր գագաթը կոչվում է Կրոյի անունով (Պուենտ Կրո, ֆր.՝ Pointe Croz, 4110 մետր)[11]։

Միշել Կրոյի անունով է կոչվում նաև Շամոնիի փողոցներից մեկը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1016758545 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 «Michel Croz: homme de coeur et guide fidèle» (ֆրանսերեն). cervinmichelcroz.plusdeclic.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. Sir Leslie Stephen, Douglas William Freshfield, Sir William Martin Conway, Arthur John Butler, George Yeld The Alpine Journal(անգլ.) // The Alpine Journal. — 1866. — Vol. 2. — P. 422.
  5. John Ball A guide to the western Alps. — Longmans, Green, and Co., 1866. — P. 27, 124—125. — 404 p.
  6. The Mountain Encyclopedia, 2005, էջ 69
  7. The Mountain Encyclopedia, 2005, էջ 8
  8. The Mountain Encyclopedia, 2005, էջ 95
  9. Edward Whymper Scrambles Amongst the Alps in the Years 1860-69. — London: J. Murray, 1871. — P. 381—405. — 432 p.
  10. «Mountaineers' cemetery, Zermatt, Switzerland» (անգլերեն). Zermatt Tourism. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. Helmut Dumler, Willi P. Burkhardt The High Mountains of the Alps. — Diadem Books, 1984. — P. 188. — 224 p. — ISBN 0898863783, 9780898863789
  12. Kev Reynolds Chamonix to Zermatt: The Classic Walker's Haute Route. — Cicerone Press Limited, 2015. — P. 40—47. — 224 p. — ISBN 1783621591, 9781783621590

Գրականություն խմբագրել

  • Frederic Hartemann, Robert Hauptman The Mountain Encyclopedia: An A to Z Compendium of Over 2,250 Terms, Concepts, Ideas, and People. — Taylor Trade Publishing, 2005. — 400 p. — ISBN 146170331X, 9781461703310