Ավիշ
Ավիշ (լատին․՝ lympha՝ մաքուր ջուր, հեղուկ), մարդու օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչ, հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ, որը կաթնասպիտակավուն թափանցիկ հեղուկ է. միջբջջային հեղուկից ջուրը և որոշ նյութեր անարգել անցնում են հյուսվածքներում սկիզբ առնող ավշային մազանոթների մեջ և վերածվում ավշի։ Նրա բաղադրության մեջ կան ամինաթթուներ, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, նյութափոխանակության արգասիքներ։ Սակայն սպիտակուցների պարունակությունը ավշի մեջ 3-4 անգամ փոքր է, քան արյան մեջ։ Ավշի մեջ կան նաև լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են նրա մեջ թափանցած օտարածին մասնիկները և թունավոր նյութերը։ Տարբեր օրգաններից հոսող ավշի բաղադրությունը միանման չէ։ Օրական արյան մեջ է ներթափանցում 2-3 լ ավիշ։
Հիմնական տեղեկություններ
խմբագրելԱվիշը թափանցիկ մածուցիկ անգույն հեղուկ է, որի կազմում չկան էրիթրոցիտները, բայց կան մեծ թվով լիմֆոցիտներ։ Ավիշը հոսում է ներքևից վերև՝ ձեռքի և ոտքի մատների ծայրերից մինչև կրծքային ավշային հոսք։ Ավշային հեղուկը շարժվում է մկանների կծկման և ավշային հանգույցներում փականների առկայության շնորհիվ, որոնք արգելում են ավշի հոսքը հակառակ ուղղությամբ։ Մազանոթներից ավիշն անցնում է ավշային անոթներ, իսկ հետո հոսքեր և ծորաններ, ձախից՝ կրծքային հոսք (ամենամեծ հոստ), ձախ գանգուղեղային և ձախ ենթաանրակային ծորաններ, աջից՝ ավշային հուն, աջ գանգուղեղային և ենթաանրակային ծորաններ։ Հուներն ու ծորաններն բացվում են խոշոր պարանոցային երակների, իսկ այնուհետև՝ վերին սիներակի մեջ։ Ավշային անոթներում կան ավշային հանգույցներ, որոնք կատարում են իմունային և պատնեշային գործառույթ։
Հիմնական գործառույթներ
խմբագրելԱվշի գործառույթը սպիտակուցների, ջրի, աղերի, տոքսինների ու մետաբոլիտների վերադարձն է հյուսվածքներից արյան մեջ։ Մարդու օրգանիզմը պարունակում է 2-4 լիտր ավիշ։ Ավշային համակարգը մասնակցում է իմունիտետի ստեղծմանը, հիվանդածին մանրէներից և վիրուսներից պաշտպանելուն։ Ջրազրկման ու իմունիտետի պաշտպանական ուժերի ընդհանուր թուլացման ժամանակ հնարավոր է մակաբույծների (պարզագույն օրգանիզմներ, բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և այլն) տարածումն ավշային անոթներով, որը կոչվում է վարակի տարածում ավշային ճամապարհով։
Ավշի հիմնական գործառույթներն են[1].
- Միջբջջային տարածությունից էլեկտրոլիտները, սպիտակուցները և ջուրը վերադարձնում է արյան մեջ,
- Ապահովում է առավել կոնցենտրացված մեզի ձևավորումը (նորմալ ավշագոյացման դեպքում),
- Բազմաթիվ նյութերի տեղափոխումը, որոնք ներծծվում են մարսողական համակարգում, այդ թվում՝ ճարպերի,
- Առանձին ֆերմենտներ (օրինակ՝ լիպազան և հիստամինազան) կարող են արյան մեջ անցնել միայն ավշային համակարգի միջոցով (մետաբոլիկ ֆունկցիա),
- Իրականացնում են հյուսվածքներից էրիթրոցիտների, որոնք այնտեղ կուտակվում են վնասվածքներից հետո, ինչպես նաև թույների և բակտերիների հավաքումը (պաշտպանական գործառույթ),
- Կապ է ապահովում օրգանների ու հյուսվածքների, ինչպես նաև ավշային համակարգի և արյան միջև,
- Ապահովում է բջիջների մշտական միկրոմիջավայրը (հոմեոստատիկ գործառույթ)։
Ավշաշրջանառություն
խմբագրելՕրգաններից ու հյուսվածքներից ավշի անցումը ավշային հանգույցների միջով մինչև արյունատար երակների արյուն կոչվում է ավշաշրջանառություն (լիմֆոդրենաժ, անգլ.՝ lymphatic drainage – «ավշի հոսում», drainage — ցամաքեցում, արտահոսք)[2]։ Ավիը ողնաշարի նյարդային հյուսվածքից սկզբում անցնում է միջողային սկավառակների միջով[3]։
Ավշի շրջանառությունը դանդաղ է և ապահովվում է մկանների միջոցով։ Ավիշը շարժման մեջ դնող գլխավոր մկանը ստոծանին է։ Այն ավշային համակարգի յուրօրինակ «սիրտն» է։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության և «որովայնով» խորը շնչառության ժամանակ ստոծանու շարժման ամպլիտուդը մեծանում է, և ավշի շրջանառությունը մեծանում է, այսինքն՝ նրա լճացումը վերանում է։
Բուժական, ապաքինման, ինչպես նաև կոսմետիկ նպատակներով մարդու օրգանիզմում ավշաշրջանառության ակտիվացման համար կիրառվում է լիմֆոդրենաժային մերսում։
Վնասվածքի, ավշատար անոթների նեղացման կամ ոչ բավարար անցանելիության հետևանքով ավշաշրջանառության խախտման արդյունքում տեղի է ունենում ավշի լճացում, որը կարող է հանգեցնել հիվանդության՝ լիմֆոստազի[4][5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Билич, Г. Л. Анатомия. — Оникс 21 век, 2002. — Т. 3. — 864 с.
- ↑ Курочкина, О. С. История развития методов визуализации лимфатических сосудов и узлов. — В: Анатомия лимфатического русла верхней конечности : лимфодренаж от верхней конечности в норме и после подмышечной лимфодиссекции / О. С. Курочкина, В. Ф. Байтингер, А. В. Дудников // Вопросы реконструктивной и пластической хирургии : журн. — 2018. — № 2 (65) (Հունիս). — С. 39—49. — ISSN 1814-1471. — .
- ↑ Зайдман, А. М. Морфогенез межпозвоночного остеохондроза / А. М. Зайдман, Ю. И. Бородин // Международный журнал прикладных и фунжаментальных исследований. — Пенза : Издательский Дом «Академия Естествознания», 2015. — № 11. — С. 523−526. — ISSN 1996-3955.
- ↑ Douketis, James D. «Лимфедема». Справочник MSD (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Клинические рекомендации «лимфоотек после мастэктомии»» (ռուսերեն). Минздрав РФ. 2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիշ» հոդվածին։ |