Միելին, բազմաթիվ նեյրոնների աքսոնը պատող մեկուսիչ, սպիտակ նյութ։ Կազմված է ճարպային նյութերից, ջրից, սպիտակուցներից։ Ծայրամասային նյարդային համակարգում միելինի շերտը ստեղծվում է Շվանի բջիջների, իսկ կենտրոնական նյարդային համակարգում՝ օլիգոդենդրոցիտների կողմից։ Միելինի շերտը տեղ-տեղ ընդհատվում է Ռանվիեի հանգույցներով։ Այս կերպ նյարդային ազդակներն ավելի արագ են փոխանցվում՝ մի հանգույցից մյուսը «ցատկելով»[1]։ Կախված միելինի առկայությունից՝ տարբերում են միելինապատ և միելինազուրկ աքսոններ։

Միելինային շերտի ձևավորումը 1. աքսոն, 2. Շվանի բջջի կորիզ, 3. Շվանի բջիջն, 4. միելինային շերտ, 5. նեյրոլեմա

Գործառույթներ խմբագրել

Նյարդային բարդ գործընթացներն ապահովելու համար անհրաժեշտ է էլեկտրական ազդակների արագ ու արդյունավետ փոխանցում։ Այսպիսի փոխանցումը պահանջում է մեծ տրամաչափով աքսոններ, որոնք շատ տարածք են զբաղեցնում։ Միելինի շերտը հնարավորություն է տալիս արդյունավետ փոխանցելու ազդակները՝ առանց աքսոնների տրամաչափը մեծացնելու։ Միելինազուրկ աքսոններում նատրիումի և կալիումի իոնների նախնական բաշխվածությունը վերականգնելու համար ադենոզիներֆոսֆատի մեծ պաշարներ են պահանջվում, մինչդեռ միելինապատ աքսոնների դեպքում իոնական անցուղիները գրավում են աքսոնի մակերեսի 0.5%-ը՝ կրճատելով էներգետիկ պահանջները[2]։

Էվոլյուցիոն զարգացումը խմբագրել

Աքսոնների միելինացում հանդիպում է ողնաշարավորների օրգանիզմում։ Միելինանման գոյացություններ կան նաև օղակավոր որդերի, հոդվածոտանիների և քորդավորների նյարդային համակարգերում, որոնք, սակայն, ձևաբանորեն տարբերվում են միելինից։ Կաթնասունների մոտ միելինացումը տեղի է ունենում նյարդային համակարգի ընդհանուր զարգացումից հետո և մեծ մասամբ կատարվում է վաղ հասակում[2]։

Միելինի շերտի վնասումը խմբագրել

Հաշվի առնելով միելինի շերտի կարևոր գործառույթները՝ վերջինիս վնասումը հանգեցնում է նյարդային հաղորդակցության անկման։ Միելինի շերտի քայքայումը կարող է առաջանալ գենետիկ տրամադրվածության, մի շարք վարակների, աուտոիմուն հիվանդությունների կամ քիմիկատների ազդեցությամբ։ Միելինազրկող աուտոիմուն հիվանդություններից են բազմակի կարծրախտը (Multiple sclerosis), լեյկոդիստրոֆիան, քրոնիկ բորբոքային պոլինեյրոպատիան, Գիեն-Բառենի սինդրոմը և այլն։ Սրանք չպետք է շփոթել ժառանգական մուտացիաների հետ, երբ խանգարվում է միելինի սինթեզումը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "myelin". Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online.Encyclopædia Britannica Inc., 2015. Web. 08 Okt. 2015<http://www.britannica.com/science/myelin>.
  2. 2,0 2,1 Klaus-Armin Nave: Myelination and support of axonal integrity by glia, Nature 468, 244–252, (11 November 2010) doi:10.1038/nature09614
  3. Dr Ananya Mandal: Myelin Demyelination and Dysmyelination(Jan 22, 2014), 09.10.15 http://www.news-medical.net/health/Myelin-Demyelination-and-Dysmyelination.aspxZ