«Մերի Փոփինս» (անգլ.՝ Mary Poppins), Պամելա Թրևերսի առաջին հեքիաթ-վիպակը Մերի Փոփինս արտասովոր դայակի մասին, որն աշխատանքի է ընդունվում անգլիացի Բենքսների ընտանիքում։ Գիրքը լույս է տեսել 1934 թվականին և ձեռք բերել մեծ ճանաչում՝ դառնալով անգլիական մանկական գրականության դասական օրինակ։ Գրքի շարունակությունը («Մերի Փոփինս վերադառնում է») լույս է տեսել հաջորդ տարի, իսկ «Մերի Փոփինսը բացում է դուռը» գիրքը՝ ութ տարի անց։ Հետագայում լույս է տեսել ևս 5 գիրք, որոնցից առաջինը հրատարակվել է 1952 թվականին, իսկ վերջինը՝ 36 տարի անց՝ 1988 թվականին։ Բոլոր հրատարակությունները նկարազարդել է Մերի Շեպարդը։

Մերի Փոփինս
անգլ.՝ Mary Poppins
ՀեղինակՊամելա Թրևերս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և մանկական արվեստի գործ
Բնօրինակ լեզուԱվստրալիական անգլերեն
Կերպար(ներ)Մերի Փոպինս
Նկարագրում էMary Poppins universe?
ՇարքՄերի Փոպինս
ՀաջորդՄերի Փոպինսը վերադառնում է
ՆկարազարդողՄերի Շեպարդ
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվ1934

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ 1984 թվականին վիպակի մոտիվներով նկարահանվել է ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ։ 2024 թվականին Ալվարդ Ջիվանյանը գիրքը թարգմանել է հայերեն[1]։

Սյուժե

խմբագրել

Բենքսների ընտանիքն ապրում է Լոնդոնի արվարձանում՝ Բալենիների փողոցի № 17 տանը։ Երբ տնից հեռանում է նրանց չորս երեխաների դայակը, արևելյան քամու հետ անսպասելիորեն գալիս է երիտասարդ դայակ Մերի Փոփինսը։ Միսիս Բենքսն ուրախությամբ նրան ընդունում է աշխատանքի։ Ավագ երեխաները՝ Ջեյնն ու Մայքլը, սկզբում նրան վերաբերվում են անվստահությամբ, որովհետև նա իրենց թվում էր խիստ ու գոռոզ։

Սակայն շուտով երեխաներ հետ սկսում են կատարվել զարմանալի դեպքեր, որոնց հետ Մերի Փոփինսն ուղղակի կապ ուներ, թեև նա ինքը դա երբեք չի խոստովանում։ Իր ազատ օրը Մերին հանդիպում է իր ծանոթ Բերտին, որն ասֆալտի վրա նկարներ է անում։ Բերտի հետ միասին նա մտնում է այդ նկարներից մեկի մեջ ու հայտնվում կախարդական երկրում, որտեղ նրանք թեյ են խմում և կարուսել նստում։ Ջեյնն ու Մայքլը Մերի Փոփինսի հետ հյուր են գնում վերջինիս քեռուն՝ միստր Պարիկին և նրա հետ միասին թեյ խմում առաստաղի տակ՝ օդում կախված, որովհետև միստր Պարիկի ծննդյան օրն այդ տարի ուրբաթ էր, իսկ այդ օրերին նա միշտ զգում էր «անսովոր թեթևություն» և սավառնում էր օդում։

Էնդրյուն՝ Բենքսների հարևան միսս Լարկի շունը, փախչում է տնից և ինչ-որ բան է խոսում Մերի Փոփինսի հետ, ինչից երեխաներն իմանում են, որ նա հասկանում է կենդանիների լեզուն։ Մի անգամ Մայքլը պատուհանից տեսնում է ինչ-որ տեղ գնացող շիկակարմիր կովի, և Մերի Փոփինսը երեխաներին պատմում է այն մասին, որ ինչ-որ ժամանակ երկնքից աստղ է ընկել այդ կովի եղջյուրին, և կովն սկսել է պարել առանց դադարի։ Երբ աստղը հանել են, պարը դադարել է, սակայն դրանից հետո կովն սկսել է շրջել աշխարհում՝ փնտրելով նոր ընկնող աստղ։

Մի անգամ, երբ առավոտյան Մայքլի տրամադրությունն ընկնում է, և նա իրեն վատ է պահում, Մերի Փոփինսը նրան ու մյուս երեխաներին ցույց է տալիս կախարդական կողմնացույցը, որը մարդուն տեղափոխում է այնտեղ, ուր ցույց է տալիս սլաքը։ Դայակն ու երեխաներն այցելում են էսկիմոսներին հյուսիսում, սևամորթներին Աֆրիկայում, չինացի մանդարինին արևելքում և հնդկացիական ցեղի արևմուտքում։ Մի ուրիշ անգամ նրանք գնում են հրուշակեղենի արտասովոր խանութ, որտեղ գնում են փայլուն թղթե աստղերով կոճապղպեղով քաղցրաբլիթ և ծանոթանում միսիս Կորիի ու նրա երկու դուստրերի՝ Ֆաննիի ու Աննիի հետ (որոնք հսկաներ են թվում միսիս Կորիի համեմատությամբ)։

 

Գիշերը Մայքլն ու Ջեյնը տեսնում են, որ Միսիս Կորին ու Մորի Փոփինսն իրենց քաղցրաբլիթների վրայի աստղերը տեղափոխում են երկինք։ Մի անգամ Մայքլին ու Ջեյնին հաջողվում է ներկա գտնվել Մերի Փոփինսի ծննդյան տարեդարձին, որը տոնվում է կենդանաբանական այգում։ Այնտեղ նրանց դայակը ողջունում է կենդանիներին, իսկ Ջունգլիների տիրուհին՝ ծեր կոբրան, նրան է նվիրում իր կաշիներից մեկը։ Պարզվում է, որ Մերի Փոփինսի հին ծանոթն է Մայա աստղ-աղջիկը Բազմունք համաստեղությունից, որը երեխաների հետ միասին կատարում է Սուրբ ծննդյան գնումներ։

Գարնան առաջին օրը, երբ սկսում է փչել արևմտյան քամին, Մերի Փոփինսն անսպասելիորեն հեռանում է Բենքսների տնից՝ Մայքլին նվիրելով իր կողմնացույցը և Ջեյնին որպես նվեր թողնելով իր դիմանկարը, որ նկարել էր Բերտը։ Երեխաները շատ են վշտանում, սակայն Մերի Փոփինսի գրության մեջ ասվում է՝ «Au revoir», և դա հույս է տալիս, որ նոր հանդիպում կլինի իրենց սիրելի դայակի հետ։

Պատմություն

խմբագրել

«Մերի Փոփինսը դարձել է Պամելա Թրևերսի երկրորդ գիրքը. նրա առաջին գիրքն ստեղծվել է դրանից մի քանի ամիս առաջ՝ նույնպես 1934 թվականին։ Դա եղել է ճանապարհորդական նոթեր դեպի Խորհրդային Միություն կատարած ճանապարհորդության մասին և կոչվել «Մոսկովյան էքսկուրսիա» (Moscow Excursion)[2]: Այցելութըունը տեղի է ունեցել 1932 թվականին, երբ Թրևերսը խմբի ու էքսկուրսավարի հետ Լենինգրադից գնացել է Մոսկվա ու վերադարձել հետ[3][4][5]։

Նախապես Մերի Փոփինսի մասին առաջին գրքի նկարազարդման ցանկացել են հրավիրել Էռնեստ Շեպարդին, որը հայտնի է «Վինի Թուխ» և «Քամի ուռիների մեջ» գրքերի նկարազարդումներով, սակայն նա խիստ զբաղված էր ուրիշ գրքերի նկարազարդումներով։ Այդ ժամանակ Թրևերսը պատահաբար ուշադրություն է դարձրել Սուրբ ծննդյան բացիկին, որը ձևավորել էր Մերի Շեպարդը՝ Էռնեստ Շեպարդի դուստրը[6]։ Նրա ոճը դուր է եկել գրողին, և Մերի Շեպարդը, որն այդ ժամանակ 23 տարեկան էր, նկարազարդել է Մերի Փոփինսի մասին առաջին գիրքն ու դրա բոլոր շարունակությունները։

Կառուցվածք

խմբագրել

Գիրքը բաղկացած է 12 գլուխներից։ Դրանք առանձին պատմություններ են, որոնց միավորում են միայն ընդհանուր գործող անձինք։

Գլուխ Վերնագիր Թարգմանություն
1 East Wind Արևելյան քամի
2 The Day Out Ազատ օր
3 Laughing Gas Խնդմնդիկը
4 Miss Lark's Andrew Միսս Լարկը և նրա Էդուարդը
5 The Dancing Cow Պարող կովը
6 Bad Tuesday Չարաբաստիկ երեքշաբթի
7 The Bird Woman Թռչունների տիրուհին
8 Mrs. Corry Միսիս Կորի
9 John and Barbara's Story Երկվորյակների պատմությունը
10 Full Moon Լիալուսին
11 Christmas Shopping Սուրբ ծննդյան նվերներ
12 West Wind Արևմտյան քամի

Գլխավոր հերոսներ

խմբագրել
  • Միստր Բենքս
  • Միսիս Բենքս
  • Ջեյն – նրանց ավագ դուստրը
  • Մայքլ – նրանց որդին
  • Երկվորակներ Ջոն և Բարբարա – կրտսեր երեխաները, գրքի սկզբում նրանք մի քանի ամսական են, ապա լրանում է նրանց մեկ տարին
  • Մերի Փոփինս – երիտասարդ դայակ, որին Բենքսների տուն է բերում արևելյան քամին
  • Միսիս Բրիլ – Բենքսների խոհարարուհին
  • Էլին – Բենքսների աղախինը
  • Ռոբերտսոն Էյ – Բենքսների ծառան
  • Բերտ – լուցկիներ վաճառող և նկարիչ, որ նկարում է մայթերին, Մերի Փոփինսի ընկերը
  • Միստր Պարիկ – Մերի Փոփինսի քեռին
  • Միսս Լարկ – Բենքսների հարևանուհին, որն ունի սենյակային շուն՝ Էնդրյուն
  • Միսիս Կորի – հրուշակեղենի խանութի տիրուհի
  • Մայա – փայլող աղջիկ և աստղ Բազմունքից

Գրաքննություն

խմբագրել

Գրքի վեցերորդ գլխում Մերի Փոփինսն ու երեխաները կախարդական կողմնացույցի օգնությամբ այցելում են աշխարհի չորս կողմերը և հանդիպում տեղի բնակիչների հետ (էսկիմոս, աֆրիկացի և այլն)։ Գրքի սկզբնական տեքստը պարունակել է այդ ժողովուրդների քաղաքական տեսնակյունից ոչ տեղին բնութագրումներ, ինչը վրդովմունքի տեղիք է տվել որոշ ընթերցողների շրջանում։ Թրևերսը մասամբ վերաշարադրել է տեքստը՝ փոխելով ձևակերպումները։ Սակայն 1980-ական թվականներին պարզվել է, որ այդ ուղղումները բավարար չեն, և տեքստը վերաշարադրվել է ևս մեկ անգամ. այժմ ճանապարհորդները հանդիպում են ոչ թե տեղաբնակ ժողովուրդների ներկայացուցիչների, այլ այդ վայրերի համար բնութագրական կենդանիների հետ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մերի Փոփինս - Զանգակ հրատարակչություն
  2. P. L. Travers. Moscow Excursion. London: Gerald Howe, 1934. (US edition, New York: Reynal and Hitchcock, 1934.)
  3. John McNair. Mary Poppins and the Soviet Pilgrimage: P.L.Travers's Moscow Excursion (1934)
  4. 4,0 4,1 The Real Life Mary Poppins: The Life and Times of P. L. Travers (Электронная книга Google) P. 1923.
  5. «Подлинная история Памелы Трэверс». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Mary Shepard Dies at 90

Արտաքին հղումներ

խմբագրել