Մեռնեյթ (անգլ.՝ Merneith, նաև գրվում է Մերիթ-նեյթ կամ Մերիթ-Նեյթ), հին Եգիպտոսի առաջին արքայատոհմի թագուհի և ռեգենտ։ Որոշ պաշտոնական գրառումների համաձայն՝ հնարավոր է եղած լինի Եգիպտոսի կառավարիչն իր սեփական իրավունքով։ Եթե դա այդպես լինի ու ավելի վաղ ժամանակաշրջանում Նեյթհոտեպն իշխած չլինի որպես անկախ ռեգենտ, ապա Մեռնեյթը դառնում է գրավոր պատմության մեջ առաջին կին փարավոնն ու ամենավաղ շրջանի իշխող թագուհին, որը ղեկավարել է մ․թ․ա․ մոտավորապես 2950 թվականին՝ անհայտ ժամկետով։ Մեռնեյթի անունը թարգմանվում է որպես «Նեյթի սիրելի» և նրա ստելայի վրա առկա են հին եգիպտական այդ աստվածուհու խորհրդանիշները։ Հնարավոր է, որ եղած լինի առաջին արքայատոհմի երրորդ փարավոն Ջերի դուստրն ու չորրորդ փարավոն Ջեթի մեծ թագուհին։ Առաջին դեպքում նա կհամարվեր միավորված Եգիպտոսի առաջին փարավոն Նարմերի ծոռնուհին, որը նաև իրեն հաջորդած փարավոն Դենի մայրն է եղել[1]։

Մեռնեյթ
Egyptian Museum (273).jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 30-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 30-րդ դար
Աբիդոս
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմFirst Dynasty of Egypt?
գերիշխան
ՀայրDjer?
ԵրեխաներԴեն

ԸնտանիքԽմբագրել

Հայտնաբերված տարբեր կնիքների ու փորագրված թասերի մեջ Մեռնեյթը կապվել է փարավոններ Ջերի, Ջեթի ու Դենի հետ։ Հնարավոր է, որ նա եղած լինի Ջերի դուստրը, սակայն համոզիչ ապացույցներ չկան։ Որպես Դենի մայր հավանական է, որ եղած լինի Ջեթի կինը․ նրա մոր մասին տեղեկություններ չեն գտնվել[2][3]։

Նրա որդու՝ Դենի դամբարանում հայտնաբերված մի կավե կնիքի վրա փորագրված է եղել «Փարավոնի մայր՝ Մեռնեյթ»[1]։ Նաև հայտնի է, որ Դենի հայրը Ջեթն էր, որով հավանական է դառնում Մեռնեյթի՝ Ջեթի մեծ թագուհին լինելը։

Աբիդոսում հայտնաբերվել է մի փոքր փղոսկրյա բեկոր՝ երկու ֆիգուրների մնացորդներով․ հնարավոր է, որ դա Մեռնեյթը լինի իր որդու՝ փարավոն Դենի հետ[4]։

ԿենսագրությունԽմբագրել

Ենթադրվում է, որ Մեռնեյթը ղեկավար է դարձել Ջեթի մահից հետո․ նրա կրած տիտղոսը, սակայն, վիճահարույց է։ Հնարավոր է, որ Ջեթի մահվան ժամանակ նրա որդի Դենն իշխելու համար չափազանց փոքր եղած լինի, որի պատճառով Մեռնեյթը կառավարած լինի որպես ռեգենտ, մինչև Դենի չափահաս դառնալը։ Նրանից առաջ Նեյթհոտեպն է նույն կերպ կառավարել իր ամուսնու՝ փարավոն Նարմերի մահից հետո, երբ նրանց որդին փոքր է եղել կառավարելու համար։ Սա նշանակում է, որ Մեռնեյթը Եգիպտոսի առաջին արքայատոհմի երկրորդ կինն էր, որն իշխել է որպես փարավոն։

Մեռնեյթի՝ Եգիպտոսի կառավարիչ լինելու հանգամանքի ամենահզոր ապացույցը նրա դամբարանն է։ Աբիդոսում գտնվող նրա դամբարանը (Tomb Y) տարբերվում է բացառապես տղամարդկանց դամբարաններից։ Նա հուղարկավորվել է Ջեթի ու Դենի մոտ, և նրա դամբարանը նույն մասշտաբի է, ինչպես այդ ժամանակաշրջանի փարավոնների դամբարանները։ Դամբարանի մոտ հայտնաբերվել են նրա անունը կրող երկու ստելաներ, սակայն Մեռնեյթի անունն ընդգրկված չէ Նոր Թագավորության փարավոնների ցուցակներում։ Փարավոնների ցուցակ պարունակող մի կնիք է հայտնաբերվել նրա որդի Դենից հետո հայտնի երրորդ փարավոն Քաայի դամբարանում, որտեղ սակայն Մեռնեյթի իշխանությունը նշված չէ[3]։

Մեռնեյթի մասին այլ վայրերում հայտնաբերված վկայություններից են՝

  • նրա անունը գրված է եղել իր որդի Դենի դամբարանում հայտնաբերված կնիքի վրա․ Մեռնեյթի անունն ընդգրկված է եղել առաջին արքայատոհմի փարավոնների ցուցակում, որտեղ այն միակ կանացի անունն է։ Ցուցակի բոլոր անունները փարավոնների հորոսյան անուններ են, իսկ Մեռնեյթի անվան կողքին գրված են «փարավոնի մայր» բառերը։
  • Մեռնեյթի անունը հնարավոր է ընդգրկված լինի Պալերմոյի արձանագրությունում[3]։
  • Սակկարայում գտնվող մի մեծ մաստաբայում (Nr 3503, 16 x 42 մ․) հայտնաբերված իրերի վրա Մեռնեյթի անունը բացահայտվել է քարե տարաների, կարասների, ինչպես նաև կնիքների վրա արված փորագրություններում։ Մասնավորապես մի կնիքի վրա նրա անունը վերցված է սերեխի մեջ[3]։
  • Այսպես կոչված «Մեռնեյթի շրջակայքը» մի խումբ դամբարաններ են Շունեթ էլ-Զեբիբի դամբարանադաշտից, որոնք թվագրվում են Մեռնեյթի ժամանակաշրջանով[5]։
  • Մեռնեյթի անունը հայտնաբերվել է Ումմ էլ-Քա՛աբ նեկրոպոլում գտնվող Ջեր փարավոնի դամբարանի մի շարք իրերի վրա։

Դամբարաններ Աբիդոսում և ՍակկարայումԽմբագրել

 
Գերեզմանատուն Բ Ումմ էլ-Քա՛աբ նեկրոպոլում։ Եգիպտոսի առաջին և երկրորդ արքայատոհմերի փարավոնների դամբարանները:
 
Մեռնեյթի դամբարանի գլխավոր սրահի հատակագիծը

Աբիդոսում Մեռնեյթին պատկանող դամբարանը հայտնաբերվել է առաջին արքայատոհմին պատկանող այլ փարավոններին առնչվող տարածքում՝ Ումմ էլ-Քա՛աբում։ Տարածքում հայտնաբերվել են քարից պատրաստված երկու ստելա, որոնք դամբարանը նույնականացնում են որպես իրենը։

1900 թվականին Ֆլինդերս Պիտրին հայտնաբերել է Մեռնեյթի դամբարանն ու ելնելով դրա բնույթից ենթադրել, թե այն պատկանել է առայժմ անհայտ փարավոնի։ Դամբարանի պեղման ընթացքում հայտնաբերվել է մի ընդարձակ աղյուսապատ ստորգետնյա սրահ, շրջապատված փոքրիկ գերեզմանաշարերով, ծառաների համար նախատեսված առնվազն 40 լրացուցիչ գերեզմաններով[3][6]։

Ծառաները պետք է հանդերձյալ կյանքում սպասարկեին փարավոնին։ Տիրակալի հետ ծառաներ հուղարկավորելն առաջին արքայատոհմի փարավոնների գերեզմանների բաղկացուցիչ մասն է կազմել։ Մեծ թվով զոհաբերության միջոցներ նույնպես ներառվել են դամբարանային համալիրում, որը փարավոնին հասցեգրված ևս մեկ պատիվ էր, որը նրան հավերժական կյանքի համար ապահովել է հզոր կենդանիներով։ Առաջին արքայատոհմի այս դամբարանային համալիրը շատ կարևոր էր Եգիպտական կրոնական ավանդույթի համար և դրա կարևորությունը մեծացել է մշակույթի գոյատևմանը զուգահեռ։

Դամբարանի ներսում հնագետները նաև արքայական նավակ են հայտնաբերել[7], որը նրան հնարավորություն պիտի տար հանդերձյալ կյանքում ճանապարհորդել արևի աստծո հետ։

Աբիդոսում գտնվել են բազմաթիվ հին տաճարներ, այդ թվում՝ Ումմ էլ-Քա՛աբ արքայական նեկրոպոլը, որտեղ հուղարկավորվել են վաղ շրջանի փարավոնները[8]։ Այդ դամբարանները համարվել են չափազանց կարևոր թաղման վայրեր ու հետագա ժամանակներում այդտեղ հուղարկավորվելը ցանկալի է դարձել՝ հանգեցնելով քաղաքի՝ որպես պաշտամունքային վայրի կարևորության մեծացմանը։

Սակկարայում Մեռնեյթի դամբարանն այնպիսի առանձնահատկություններ ունի, որոնք հավանաբար հաշվի են առել երրորդ արքայատոհմի շինարարները։ Սակկարայում գտնվող Մեռնեյթի գերեզմանի սովորական ուղղանկյուն պալատի ճակատային մաստաբայի մեջ թաքնված է աստիճանավանդ կառույցի հիմքը, որն իրենից ներկայացնում է կառուցման երկու տարբեր մեթոդների համադրություն։ Այն թերևս վկայում է հյուսիսային և հարավային ոճերի միաձուլման մասին, որն ի վերջո, հանգեցրել է Ջոսերի աստիճանաձև բուրգի կառուցմանը կամ ազդել երրորդ արքայատոհմի կառույցի նախագծման վրա[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Wilkinson, Toby A.H. Early dynastic Egypt Routledge; 1 edition (14 Jun 2001) 978-0-415-26011-4 p.74 [1]
  2. Aidan Dodson & Dyan Hilton: The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson, 2004, 0-500-05128-3, p.140
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 J. Tyldesley, Chronicle of the Queens of Egypt, 2006, Thames & Hudson
  4. «Une probable représentation de la reine Meret-Neith en tant que régente du roi Den, Matthieu Bégon, ENiM 13, 2020, p. 211-215 « ENiM - Une revue d’égyptologie sur internet»։ www.enim-egyptologie.fr։ Վերցված է 2021-08-24 
  5. Porter and Moss Topographical Bibliography; Volume V Upper Egypt Griffith Institute. p.55
  6. [2] Tomb of Merneith at Abydos
  7. «ANCIENT EGYPTIAN SOLAR BOAT LAND OF THE PHAROAHS SOLARLADY FIGURE HEAD SUN GOD RA HAWKS HEAD KHUFU HORUS OSIRUS»։ www.solarnavigator.net։ Վերցված է 2021-08-25 
  8. «Tombs of kings of the First and Second Dynasty»։ Digital Egypt։ UCL։ Վերցված է 2008-01-15 
  9. A. Clayton, Peter։ Chronicle of the Pharaohs : the reign-by-reign record of the rulers and dynasties of ancient Egypt։ New York, N.Y.։ էջեր 24-25։ ISBN 0500050740։ OCLC 31639364