Մեշադի Ազիզբեկով
Մեշադի Ազիմբեկ օղլի Ազիզբեկով (ադրբ.՝ Məşədi Əziz bəy oğlu Əzizbəyov, ռուս.՝ Мешади Азиз-бек оглы Азизбеков, հունվարի 6 (18), 1876, Բաքու, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1918, Թուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան), Անդրկովկասում բոլշևիկյան հեղափոխական շարժման գործիչ, ադրբեջանցի առաջին մարքսիստներից։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։
Մեշադի Ազիզբեկով ադրբ.՝ Məşədi Əziz bəy oğlu Əzizbəyov | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6 (18), 1876 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918 (42 տարեկան) |
Մահվան վայր | Թուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Բաքվի ռեալական ուսումնարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխաներ | Əzizağa Əzizbəyov? |
Mashadi Azizbeyov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունվարի 6-ին, Բաքվում, որմնադիր բանվորի ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Բաքվի ռեալական ուսումնարանը և Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ Իբրև հեղափոխական, Ազիզբեկովը առաջին մարտական մկրտությունն ստացել է 1897 թվականին, Պետերբուրգում՝ գլխավորելով «տեխնոլոգիականների» ելույթը բողոքի ցույցի ժամանակ, որը ծագել էր ձերբակալված ուսանողուհու ինքնասպանության պատճառով։ Ցույցի մի խումբ կազմակերպիչների հետ Ազիզբեկովը ձերբակալվել և նետվել է «Կրեստի» բանտը։ Հետագայում, լինելով IV կուրսի ուսանող, Ազիզբեկովը կրկին բանտ է նետվել հեղափոխական գործունեության համար։ Ակտիվորեն մասնակցել է 1905–1907 թվականների հեղափոխությանը։ «Հումմեթ» ս–դ. խմբի ղեկավարներից մեկն էր։ 1906 թվականին Բաքվում կազմակերպել է «Ազատության դրոշ» բանվորական մարտական ջոկատը և պայքարել ազգամիջյան կոտորածներ հրահրելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Ռեակցիայի տարիներին Ազիզբեկովը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի բանվորների և մտավորականության առաջադեմ մասի մարքսիստական պրոպագանդայի գործում։ 1910 թվականին ընտրվել է Բաքվի քաղաքային դումայի անդամ, պաշտպանել աշխատավորների շահերը։ Լինելով «Նիջաթ» («Ազատագրում») մշակութային-լուսավորական ընկերության նախագահի տեղակալ՝ Ազիզբեկովը հեղափոխական անլեգալ աշխատանքը հմտորեն զուգակցել է լեգալ գործունեության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն պայքարել է պատերազմը քաղաքացիականի վերածելու լենինյան լոզունգի իրականացման համար։
1915 թվականին ընտրվելով «Գաղթականների օգնության կոմիտեի» նախագահի տեղակալ՝ զբաղվել է թուրքական բարբարոսներից հալածված և տարբեր վայրերից Բաքու գաղթած հայ բնակչությանը օգնելու հարցով։ 1917–1918 թվականին Ստեփան Շահումյանի, Ալյոշա Ջափարիձեի, Իվան Ֆիոլետովի և հայտնի մյուս բոլշևիկների հետ միասին գլխավորել է Ադրբեջանում և ամբողջ Անդրկովկասում խորհրդային վարչակարգ հաստատելու համար մղված պայքարը։ 1917 թվականին ընտրվել է Բաքվի բանվորների դեպուտատների խորհրդի անդամ։ 1918 թվականի մարտին մասնակցել է խորհրդային իշխանության դեմ ուղղված մուսաֆաթական ապստամբության ջախջախմանը և Բաքվի կոմունայի հաստատմանը։ Բաքվի ժողկոմխորհում Ազիզբեկովը նահանգական կոմիսար էր և ներքին գործերի ժողկոմի տեղակալ։ 1918 թվականի մայիսից Ազիզբեկովը միաժամանակ վարել է Բաքվի գավառի գյուղացիների դեպուտատների խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը։ Մասնակցել է թուրք–գերմանական ուժերի դեմ Բաքվի պաշտպանության կազմակերպմանը։
Մահը
խմբագրելԲաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո (1918-թվականի հուլիսի 31) Բաքվի 26 կոմիսարների թվում Ազիզբեկովը ձերբակալվել և անգլիական ուժերի կողմից 1918 թվականի սեպտեմբերի 20-ին գնդակահարվել է Ախչա–Կումայի ավազուտներում։
Հիշատակ
խմբագրելԱզիզբեկովի անունով էին կոչվում քաղաքային շրջան՝ Բաքվում, գյուղական շրջան, շրջկենտրոն (այժմ՝ քաղաք Վայք) և գյուղ՝ Խորհրդային Հայաստանում։ Երևանում Ազիզբեկովի անունը կրող հրապարակում տեղադրվել է նրա կիսանդրին։ Անկախությունից հետո Ազիզբեկովի կիսանդրին փոխարինվեց Անդրեյ Սախարովի արձանով, որի անունով էլ վերանվանվեց հրապարակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 116)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեշադի Ազիզբեկով» հոդվածին։ |