Մարի Պոպելին
Մարի Պոպելին (հոլ.՝ Marie Popelin, դեկտեմբերի 16, 1846 կամ սեպտեմբերի 17, 1846, Սխարբեեկ, Բրյուսել-մայրաքաղաք - հունիսի 5, 1913[1], Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք), բելգիացի ֆեմինիստ, փաստաբան։ Կանանց կրթության զարգացման հարցերով աշխատել է Իզաբել Գատի դե Գամոնդի հետ և 1888 թվականին դարձել է առաջին բելգիացի կինը, ով ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։
Մարի Պոպելին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1846 կամ սեպտեմբերի 17, 1846 |
Ծննդավայր | Սխարբեկ Բելգիա |
Մահացել է | հունիսի 5, 1913[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և կանանց իրավունքների պաշտպան |
Marie Popelin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարի Պոպելինը ծնվել է Բրյուսելի Սխարբեկ համայնքում միջին խավի ընտանիքում։ Եղբայրներից մեկը բժիշկ է եղել, մյուսը՝ սպա։ Մարի Պոպելինը կրթվել է ժամանակի և վայրի չափանիշներին համապատասխան։ Քրոջ Լուիզի հետ աշխատել է ֆեմինիստ, մանկավարժ Իզաբել Գատի դե Գամոնդի մոտ, 1870-1875 թվականներին ուսուցչություն է արել Բրյուսելում։ Տարաձայնություններ ունենալով Գատիի հետ՝ քույրերը մեկնել են Մոնս, այնտեղ, ստանալով մասոնական աջակցություն, աղջիկների համար դպրոց հիմնել։ 1882 թվականին Մարի Պոպելինը վերադարձել է Բրյուսել՝ Լակենի մոտակայքի դպրոցներից մեկը ղեկավարելու համար, սակայն հաջորդ տարի ազատվել է պաշտոնից։
Կրթություն, կարիերա
խմբագրել37 տարեկան հասակում ընդունվել է Բրյուսելի ազատ համալսարան, ուսանել է իրավագիտություն։ 1888 թվականին ավարտելով համալսարանը՝ դարձել է Բելգիայում առաջին կինը, ով ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։ Դիմել է փաստաբանների գրասենյակի ընդունելության քննությունների համար, ինչը նրան Բրյուսելի դատարաններում միջնորդություններով հանդես գալու հնարավորություն կտար[2]։ Նրա դիմումը մերժվել է, չնայած ոչ մի օրենք կամ կանոնակարգ չկար, որն արգելում էր կնոջը մասնակցելու փաստաբանական գրասենյակի ընդունելություններին։ Նրա բողոքները Բելգիայի վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ զուր են անցել, չնայած թեման լայնորեն քննարկվել է բելգիական և արտասահմանյան մամուլում։ «Պոպելինի գործը» (ֆր.՝ L'Affaire Popelin) իգական սեռի կրթության աջակիցներին ցույց տվեց, որ բարձրագույն կրթության հասանելությունը բավարար չէ և անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ[3]։ 1890 թվականին Փարիզում իրավաբանի աստիճան ստացած Ժան Շովանը հիասթափվեց «Պոպելինի գործից», սակայն բելգիացի Լուի Ֆրանկը նրան համոզեց դիմելու փաստաբանական գրասենյակի ընունելության համար, և օրենքի փոփոխությունից հետո 1900 թվականին տեղի ունեցավ Շովանի՝ որպես փաստաբան հանդիսավոր երդման արարողությունը[4]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1889 թվականին Մարի Պոպելինը երկու անգամ Փարիզում մասնակցել է ֆեմինիստական համաժողովի և 1892 թվականին Այլա վան Դիստի և Լեոնիլ Լա Ֆոնտանի հետ միասին հիմնել է Կանանց իրավունքների բելգիական լիգան (Ligue belge du droit des femmes)[2]: 1889 թվականին Փարիզում Պոպելինը հանդիպում է ամերիկացի ֆեմինիստ Մեյ Ռայթ Սյուվալին և նրա քաջալերմամբ 1893 թվականին հիմնում է Կանանց միջազգային խորհրդի բելգիական բաժինը։ Պոպելինի անկախ ֆեմինիստական շարժում ստեղծելու ջանքերը մասամբ են հաջողության հասնում, և 1905 թվականին ստեղծված Բելգիացի կանանց ազգային խորհուրդը (Conseil National des Femmes Belges) քաղաքական կուսակցությունների կանանց հատվածից ստացավ սահմանափակ աջակցություն։
Օրենսդրական բարեփոխումների ժամանակ Պոպելինի առաջարկություններից երկուսը դուրս մնացին. չափահասների համընդհանուր ընտրական իրավունքը և կանանց ազատ մասնագիտության ընտրության հավասար հնարավորությունը։
Ժամանակակից հետազոտություններում ընդունվում է Մարի Պոպելինի առանցքային դերը Բելգիայի Ֆեմինիստական շարժման ստեղծման գործում։
Հիշատակ
խմբագրել- 2008 թվականի սեպտեմբերի 5-ին Բելգիայի Սեն Ժոսե տեն Նոդե համայնքում բացվել է Մարի Պոպելինի անվան փողոց, որի պլանավորումը կազմել է 11 միլիոն եվրո
- Կանանց միջազգային օրվա առթիվ Բելգիայի ազգային բանկը Այլա վան Դիստի և Մարի Պոպելինի պատկերով 5 միլիոն տպաքանակով թողարկել է 2 եվրոանոց հուշադրամ
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Denise De Weerdt, En de vrouwen?, Masereelfonds, Brussel, 1980
- Nandrin, Jean-Pierre, "Popelin Marie (1846-1913)", in: Éliane Gubin, Catherine Jacques, Valérie Piette & Jean Puissant (eds), Dictionnaire des femmes belges : XIXe et XXesiècles, Bruxelles : Racine, 2006. (ISBN 2-87386-434-6)
- Suzanne Van Rokegem, Jeanne Vercheval-Vervoort & Jacqueline Aubenas, Des femmes dans l'Histoire en Belgique depuis 1830, Bruxelles : Luc Pire, 2006. (ISBN 2-87415-523-3)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Schirmacher, Kathe (1921). The Modern Woman's Rights Movement: a Historical Survey. Macmillan.
- ↑ Smith, Bonnie G. (2008). The Oxford Encyclopedia of Women in World History. Oxford: Oxford University Press. ISBN 0195148908.
- ↑ Mossman, Mary Jane. «The First Women Lawyers: Gender Equality and Professionalism in Law». Honouring Social Justice. University of Toronto Press. էջեր 199–200. ISBN 978-1-4426-9235-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- RoSaDoc Արխիվացված 2013-03-04 Wayback Machine
- Beknopte biografie van Louis Franck Արխիվացված 2010-08-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Պոպելին» հոդվածին։ |