Մարգարիտա Հովհաննեսի Միրիմանովա (Միրիմանյան) (դեկտեմբերի 12, 1894, Վրաստան, Թիֆլիսօգոստոսի 20, 1985, Փարիզ), հայ դաշնակահարուհի։

Մարգարիտա Միրիմանովա
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 12, 1894
Թիֆլիս, Վրաստան
Մահացել է1985,
Փարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունդաշնակահարուհի

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտա Միրիմանովան ծնվել է 1894 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում։

Դաշնամուր նվագել սովորել է հինգ տարեկանում մորից[1]։

Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (Վրաստանի դաշնամուրային դպրոցի հիմնադիր, ազգությամբ հույն Ալոիզ Միզանդարիի դասարան[1]), ապա 1910-1912 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (Աննա Եսիպովայի դասարան[1]), կատարելագործվել Վիեննայում՝ աշակերտելով Լեոպոլդ Գոդովսկու մոտ։

1910-ական թվականներին համերգներով շրջագայել է Սանկտ Պետերբուրգում, Թիֆլիսում, Բաթումում, բարեգործական համերգով՝ Երևանում։

1921 թվականից ապրել է արտերկրում (Վիեննայում, Իտալիայում, Կահիրեիում[1], 1945 թվականից՝ Փարիզում)։ Մտերիմ է եղել անվանի երաժիշտներ Մորիս Ռավելի, Մարսել Դյուպրեի և ուրիշների հետ։ Հանդես է եկել մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ դիրիժորներ Բերնհարդ Փաումգարտների, Ֆրանց Շալկի և ուրիշների ղեկավարությամբ։

Նվագացանկում հիմնականում ներառված էին Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանց Շուբերտի, Ալեքսանդր Սկրյաբինի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի երկերից։

1969 թվականին Բեռլինում Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարությանը կատարել է նրա «Պարերը»։ «Կոլումբիա» ֆիրման Մարգարիտայի կատարմամբ թողարկել է ձայնասկավառակ։

1930 թվականին ստացել է Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի դիպլոմ։

Մարգարիտան մահացել է 1985 թվականին Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Шушаник Апоян. Маргарита Ивановна Мириманова (2008) by Aram Harutyunyan - Issuu». issuu.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։