Մարգագետնային ծիծառակտցար

Մարգագետնային ծիծառակտցար
Մարգագետնային ծիծառակտցար
Մարգագետնային ծիծառակտցար
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Ծիծառակտցարներ (Glareolidae)
Ցեղ Glareola
Տեսակ Մարգագետնային ծիծառակտցար (G. pratincola)
Միջազգային անվանում
Glareola pratincola
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մարգագետնային ծիծառակտցար, (լատին․՝ Glareola patincola), ծիծառակտցարների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Glareola pratincola

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բնադրող-չվող է, տարածված։ Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-65 սմ, կենդանի զանգվածը՝ 88-105 գ։ Կտուցը փոքր է, թևերը՝ երկար, պոչը՝ մկրատաձև, ծայրը փակված թևի ծայրին հավասար է կամ նրանից երկար։ Բնորոշ հատկանիշը թևատակի դարչնակարմրավուն, դժվար նկատելի փետրածածկի առկայությունն է։ Թևի հետին եզրը սպիտակ է։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, կզակն ու կոկորդը՝ ավելի բաց գույնի՝ սև եզրագծով։ Կտուցը սև է, հիմքում՝ կարմիր։ Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկված խայտերով է։ Երիտասարդի կոկորդն ու կուրծքը խայտավոր են։ Թռչում է ճիչով, մեծ բարձրություններում, հազվադեպ է ջուրը մտնում։

Բնակություն խմբագրել

Բնակվում է ջրին մոտ, կավավազային կիսաանապատներում կամ լեռնատափաստաններում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը (առանձին անհատներով կամ խիտ երամներով)՝ ապրիլի 3-րդ տասնօրյակին։

Բնադրում խմբագրել

Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի երկրորդ կեսից։ Առաջացնում են փոքր գաղութներ, որտեղ բները տեղադրում են միմյանցից 7-22 մ հեռավորության վրա։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 80-110 մմ), ցամքարը՝ աղքատ (կամ չունի)։ Բնադրում է գետնին։ Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի առաջին տասնօրյակը։ Դնում է 32 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ սև-դարչնագույն և մանուշակագույն վրձնախազերով 2-4 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 12%-ը)։ Թխսակալում են էգը և արուն. 1 ժամում արուն էգին փոխարինում է 2 անգամ։ Երիտասարդները թռիչքին լավ տիրապետում են հուլիս-օգոստոսին։ Աշնանային չուն սկսվում է սեպտեմբերի երկրորդ կեսից։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Չուի շրջանում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Բնադրավայրեր հայտնաբերվել են Արմավիրի (գյուղ Տարոնիկ), Արարատի (Արմաշի ձկնաբուծական տնտեսություն) և Գեղարքունիքի (Սևանա լիճ) մարզերում[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում բնադրման տեղային բնույթով հազվագյուտ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Կանոնավոր բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից։ Բնադրող գաղութի թվաքանակը հայտնի չէ։

Վտանգման հիմնական գործոններից է փոքր թվաքանակը, անասունների արածեցումն անմիջապես բնադրավայրերի մոտակայքում, որսագողությունը և բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում։

Պահպանություն միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային ծիծառակտցար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային ծիծառակտցար» հոդվածին։