1․ Հովհաննես Գրիգորյանի տուն, կառուցվել է 20-րդ դարի սկզբին, Փավստոս Բուզանդի փողոցի և Աբովյան փողոցի հատման անկյունում։ Ճարտարապետն է Բորիս Մեհրաբյանը։ 1914 թվականին առաջին հարկում բացվել է գինեգործ՝ Հակոբ Բաբախանյանի խմիչքի պահեստի բաժանմունքը, որտեղ վաճառվել են Արտաշատում գտնվող Բաբախանյանների գործարանում արտադրված կոնյակը, օղին և տարբեր տեսակի գինիներ։ 1921 թվականին հարկը տնօրինել են «Խորհրդային Հայաստան» և «Մաճկալ» թերթերի խմբագրությունները։ 1929-1935 թվականների երկրորդ հարկի սենյակներից մի քանիսը տրամադրվել է «Գիպրոգոր» ինստիտուտի արվեստանոցին, որտեղ աշխատել են ճարտարապետներ Կարո Հալաբյանը (առաջին տնօրեն), Գևորգ Քոչարը, Միքայել Մազմանյանը և ուրիշներ։ Երկհարկանի է, նկուղով, Լ-ձև հատակագծով։ Առաջին հարկում խանութներ են, որոնցից երեքն ուղղված են Փավստոս Բուզանդի, իսկ երկուսը՝ Աբովյան փողոցի կողմը։ Երկրորդ հարկում՝ շենքի պարագծով, տեղաբաշխվել է յոթ սենյակ, որոնցից ամենամեծը՝ դահլիճը (30 քառակուսի մետր), նայում է Աբովյան փողոցին։ Դրանց մուտքերը բակի պատշգամբասրահներից են, ինչպես նաև Փավստոս Բուզանդի փողոցի վրա բացվող շքամուտքից։ Այս կողմում կա դեպի բակ տանող երթանց։ Կրող պատերը շարված են տուֆով, միդիս եղանակով։ Միջհարկային ծածկերը փայտից են։ Տանիքը թեք է, թիթեղապատ (Փողոց ուղղված երկու ճակատների գեղարվեստական կերպարը բխել է գործաթական առանձնահատկություններից)։ Առաջին հարկը կազմված է ցուցափեղկերի՝ հովհարաձև ռուստով հարդարված աղեղնաձև բացվածքներով, երկրորդ հարկը՝ երեսակալներով շրջանակված ուղղանկյուն լուսամուտների հերթագայվող շարքով։ Երկորդ հարկի ճակատը պսակված է ատամնաշար պարզ քիվով։ Որպես դեկորատիվ մշակման տարր կիրառված է ժապավենային ռուստը։ Բարձակային պատշգամբները ժամանակի ընթացքում վերացել են։ Առաջին հարկի ճակատը ծեփապատվել է, սակայն պահպանվել են ռուստի հորիզոնական շարքերը։ Շենքը վերանորոգված է, նախկին բակի տարածքում տեղադրված է բարձր ապակեպատ ծավալ, որը հորինվածքային անջատվածություն ունի հին մասից։

2․ Մկրտիչ Ենգիբարյանի տունը, 1907 թվականին, ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան, Փավստոս Բուզանդի փողոց, 4։ Պատկանում էր քաղաքային խորհրդի պատգամավոր, վաճառական Մկրտիչ Ենգիբարյանին, որը 1894 թվականից զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ։ 1920-ական թվականներին այստեղ է տողավորվել Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչությունը։ Շենքը միահարկ է, նկուղով։ Զուգաչափ հատակագծային հորինվածքում գերիշխում է ուղղանկյունին՝ երկայնակի հիմնապատով բաժանված երկշարք սենյակների (ճակատի երկարությունը 34,6 մետր, սենյակների չափերը՝ 25,16 քառակուսի մետր և այլն)։ Կառույցի կենտրոնական առանցքում դեպի բակը տանող միջանցիկ մուտքն է, իսկ եզրերին՝ երկու շքամուտք։ Տարածքի խորքն են ձգվում երկու կարճ թև, որոնք հատակագծին տալիս են Ս տառի տեսք։ Բակի ճակատի երկարությամբ բաց սրահներ են (2,7 մետր խորությամբ)։ Պատերը տուֆակերտ են, միդիս շարվածքով։ Հատակագծային կազմության համանմանությամբ փողոցի կողմից, հարավ-արևմտյան ճակատի կառուցվածքը զուգաչափ է և ունի երեք առանցք։ Կենտրոնական առանցքը ելուստներով է և մուտքի կամարային կիսարշրջանաձև ճակատամասով, որն ամրացած է կիսասյուներով։ Կողային շքամուտքերը ձևավորված են համանման։ Դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ են փայտե բարձրաքանդակ դռները։ Ճակատի երկարության և բարձրության հարաբերակցությունը շեշտում է շենքի հորիզոնական ձգվածությունը, որն ընդգծված է երկայնակի կառուցամասերի օգտագործմամբ։