Բարձրակարգ խեցգետնակերպերի ենթադասը(լատին․՝ Malacostraca), իր մեջ է ներառում այնպիսի հայտնի ներկայացուցիչների, ինչպիսիք են խաչափառները, կրևետները, կողալողերը, նեպուկները և այլն: Ներառում է ավելի քան 15 հազար տեսակներ: Նրա ներկայացուցիչները տարածված են ծովերում, աղի ջրերում և ցամաքում:

Անատոմիական առանձնահատկություններ խմբագրել

Խեցգետնակերպերը պատկանում են հոդվածոտանիների տիպի խռիկաշունչների ենթատիպին: Ի տարբերություն մյուս հոդվածոտանիների` սրանք ունեն վերջավորությունների յուրատեսակ կառուցվածք. շատ դեպքերում դրանք երկճյուղավորված են կամ երկրորդաբար մեկճյուղանի: Հայտնի են քեմբրի դարաշրջանից: Այս դասի ժամանակակից ներկայացուցիչները ջրային կենդանիներ են: Սրանց մարմնի երկարությունը տատանվում է միլիմետրի տասնորդական մասից մինչև 80 սմ-ի սահմաններում: Մարմինը կազմված է գլխից կամ գլխակրծքից և փորիկից: Հիմնականում գլխային բաժնի սեգմենտների թիվը կայուն է: Այն ներկայացված է գլխային թիակով՝ ակրոնով և չորս սեգմենտներով: Գլուխը կազմված է 2 բաժիններից՝ պրոտոցեֆալոն և գնատոցեֆալոն: Որոշ տեսակների մոտ գնատոցեֆալոնը միանում է կրծքային առաջին սեգմենտի հետ և առաջացնում գնատոթորաքս: Գլխի վրա գտնվում են 5 զույգ վերջույթներ, կրծքի վրա՝ 8, փորիկի՝ 6: Գլխի առաջին զույգ վերջույթները կոչվում են անտենաներ կամ երկար բեղիկներ, երկրորդը՝ անտենուլներ կամ կարճ բեղիկներ, երրորդը՝ վերին ծնոտներ կամ մանդիբուլներ և երկու վերջին զույգերը՝ ստորին ծնոտներ (մաքսիլուլներ և մաքսիլներ): Կրծքի առաջին երեք զույգ վերջույթները կոչվում են ոտածնոտներ՝ մաքսիլոպոդներ, չորրորդ զույգը՝ բռնաչանչեր և հաջորդ չորս զույգերը՝ քայլող ոտքեր: Արուների մոտ փորիկի առաջին երկու զույգ վերջույթները ձևափոխվել են զուգավորման օրգանների, հաջորդ երեք զույգերը լողացող ոտիկներն են, վեցերորդ զույգը տափակել է և փորիկի վերջին հատվածի՝ տելսոնի հետ կազմում է լողակ: Էգերի մոտ փորիկի առաջին զույգ վերջույթները բացակայում են: Հաջորդ չորս զույգերը լողացող ոտիկներն են, իսկ վեցերորդը կազմում է լողակ: Գլխի վրա գտնվում են մեկ զույգ խոշոր աչքերը: Կլոր են, տեղադրված են հիմնականում շարժուն ցողունիկի վրա: Աչքերը կազմված են հարյուրավոր մանր աչիկներից՝ օմատիդներից: Տեսողությունը խճանկարային է, իսկ աչքի կառուցվածքը՝ բարդ կամ ֆասետային որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում։ Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից։ Ապրում են ծովերում, կազմում բենթոսի զգալի մասը, որոշ խեցգետնակերպեր մակաբույծ են։ Ունեն տնտեսական նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմնական սնունդն են, որոշ տեսակներ օգտագործվում են որպես սննդամթերք։ Բարձրակարգ խեցգետնակերպերի մոտ ի համեմատ մնացած խեցգետնակերպերի, կան որոշ առանձնահատկություններ.

  • Գլխային բաժինը մի դեպքում ներկայացված է նախագլխով, որն ընդգրկում է ակրոնը և անտենաների սեգմենտները, մյուս դեպքում՝ գլխային ամբողջական պատիճով, որն ընդգրկում է ակրոնը, 4 գլխային և 1-3 կրծքային սեգմենտները:
  • Գլխակրծքային վահան՝ կարապաքս, ունեն բոլորը:
  • Փորային բաժինը կազմված է վեց (յոթ՝ նրբազրահավորների մոտ) սեգմենտներից և պոչիկից՝ տելսոնից :
  • Ունեն արյուատար համակարգ, վերջույթների վրա տեղադրված շնչառական օրգաններ՝ խռիկներ, արտաթորության օրգաններ՝ անտենալային կամ մաքսիլարային գեղձեր:
  • Զարգանում են ուղղակի տիպով կամ կերպարանափոխությամբ: Երկրորդ դեպքում ձվաբջջից դուրս է գալիս զոեա կամ միզիդային փուլում գտնվող թրթուր:

Դասակարգում խմբագրել

Բարձրակարգ խեցգետնակերպերի ենթադասը ներկայացված է 13 կարգերով, որոնցից կարևորագույններից են՝


Նրբազրահավորների կարգ խմբագրել

Այս կարգը ներկայացված է ընդամենը 6 տեսակի մանր, ծովային, հատակային կենդանիներով: Չափերը տատանվում են 5-11 մմ-ի սահմաններում: Բարձրակարգ խեցգետնակերպերի մեջ ամենապարզ ձևերն են: Պահպանված տեսակը նեբալիան է: Միայն սրանց մոտ է, որ փորիկը կազմված է ոչ թե վեց այլ յոթ սեգմենտներից և ունի երկճյուղանի թիակ՝ ֆուրկա: Երկլանջ զրահը ծածկում է կուրծքը և փորիկի մի մասը: Կրծքային բաժնի բոլոր վերջույթները ունեն նույն կառուցվածքը: Նման են տերևների: Կատարում են լողալու, շնչառական ֆունկցիա, ինչպես նաև ֆիլտրում են սննդի մասնիկները:

Բերանոտավորների կարգ խմբագրել

Կարգը ընդգրկում է շուրջ 170 տեսակի կենդանիներ, որոնք բնակվում են առավելապես տաք ծովերում: Մարմնի երկարությունը հասնում է 10-34 սմ: Ունեն հատվածավորված մարմին, որը կազմված է պրոտոցեֆալոնից, ծնոտակրծքից՝ իրար միացած երեք ծնոտային և չորս կրծքային բաժիններ, կրծքից՝ չորս ազատ հատվածներ և շատ երկար ու հզոր փորիկից: Կրծքային բաժնի առաջին զույգ վերջույթները շոշափելիքի, երկրորդից հինգերորդը՝ բռնելու, իսկ վերջին երեք զույգերը՝ քայլելու համար են: Առաջինից հինգերորդ զույգի վրա գտնվում են խռիկները: Բռնող ոտիկների յուրահատուկ կառուցվածքը նման է միջատ աղոթարարի ոտիկներին, և այդ պատճառով սրանք կոչվում են նաև խեցգետին- աղոթարարներ: Սրանց տեսակներից են Gonodactylus-ը, Coronida-ն, աղոթարարը, սովորական բերանոտավորը:

Հավասարաոտավորների կարգ խմբագրել

Կարգն ընդգրկում է շուրջ 4500 տեսակ: Այս կենդանիների մեջ կան ազատաբնակ՝ սողացող, փորող, բուսակեր և գիշատիչ ձևեր: Գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուներ, մակաբույծներ: Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրերում, ցամաքում: Մարմնի երկարությունը տատանվում է 1 մմ-ից մինչև 27 սմ-ի սահմաններում: Մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կարապաքս չունեն: Մարմինը բաղկացած է գլխակրծքից, կրծքից և փորիկից: Գլխակուրծքը ընդգրկում է գլխային և մեկ-երկու կրծքային միաձուլված սեգմենտներ, որոնց վերջույթները փոխարկվել են ոտածնոտների: Կրծքային վերջույթները միաճյուղ են՝ քայլող տիպի, իսկ 5 զույգ փորայինները՝ թիթեղաձև են և կատարում են շնչառական ֆունկցիա: Ունեն խողովակաձև սիրտ և զարկերակային արյունատար անոթներ: Արտաթորության օրգաններ են հանդիսանում ոչ թե անտենալային, այլ մաքսիլյար գեղձերը: Ցամաքային ձևերն ապրում են ոչ միայն խոնավ տեղերում, այլ նաև անապատներում:

Կողալողների կարգ խմբագրել

Այլ կերպ անվանում են նաև Տարաոտավորների կարգ: Կարգը ընդգրկում է 4500-ից ավելի տեսակներ, որոնք բնակվում են ծովերում և քաղցրահամ ջրերում: Սրանց մեջ կան մակաբույծներ և կիսացամաքային ձևեր, որոնք ապրում են մակընթացության և տեղատվության գոտում: Բենթոսային և պլանկտոնային ձևեր են: Մարմնի երկարությունը տատանվում է 1-2-ից մինչև 14 սմ-ի սահմաններում: Այն տափակացած է կողմնային ուղղությանմ և ծռված է դեպի փորային կողմը: Կազմավորվածության աստիճանով կողալողները մոտ են հավասարաոտավորներին: Կարապաքս ունեն, աչքերը ֆասետային են: Գլխակուրծքը բաղկացած է 5 գլխային և 1-2 կրծքային սեգմենտներից, կուրծքը՝ 7, փորիկը՝ 6 հատվածներից: Կրծքային առաջին զույգ վերջույթները փոխարկվել են ոտածնոտների, երկրորդ և երրորդ զույգերը՝ կեր բռնող օրգանների:Փորիկի սեգմենտների 6 զույգ վերջույթները կատարում են տարբեր ֆունկցիաներ՝ առաջին երեք զույգը (պլեոպոդներ) ՝ լողալու համար են, իսկ հետին երեք զույգը (ուրոպոդներ) ՝ ցատկելու: Այս կենդանիները լողում են ձախ կողմի վրա ընկած: Վերջույթների տարբերակված գործողությունը հիմք է հանդիսացել կողալողների կարգը անվանելու նաև տարաոտավորներ:

Տասնոտավորների կարգ խմբագրել

Կարգը ընդգրկում է շուրջ 8500 տեսակ: Բարձր աստիճանի կազմավորված կենդանիներ են: Որոշ ձևերի մարմնի երկարությունը հասնում է 80 սմ, իսկ բացված վերջույթների երկարությունը՝ 3մ: Բնակվում են հիմնականում ծովերում, ոմանք քաղցրահամ ջրերում, ցամաքում: Պլանկտոնային, բենթոսային և մերձհատակային ձևեր են: Այս կենդանիներն ունեն առաջնային գլուխ՝ պրոտոցեֆալոն, որը կրում է զույգ բեղիկներ և ցողունիկային աչքեր: Վերջիններիս մեջ կան ներզատիչ գեղձեր, որոնց հորմոնը կարգավորում է մաշկափոխությունը, նյութափոխանակությունը և այլ պրոցեսներ: Գլխակուրծքն ունի կարապաքս, որը գլխակրծքից բացի ծածկում է նաև խռիկները և ստեղծում խոռոչ մարմնի աջ և ձախ կողմերում: Կարապաքսի առջևի ծայրը ձգված է դեպի առաջ, այն փշանման է, սուր և կոչվում է ռոստրում: Կրծքային առաջին երեք զույգ վերջույթները փոխարկվել են ոտածնոտների: Կրծքի հետին ազատ 5 սեգմենտների 5 զույգ վերջույթները քայլելու համար են: Կրծքային վերջույթների առաջին, երբեմն երկրորդ և երրորդ զույգերը կրում են մկրատաձև աքցաններ, որոնք ծառայում են և՛ քայլելու, և՛ որս բռնելու, մանրացնելու ու դեպի բերանը տեղափոխելու համար: Տասնոտավորների փորիկի կառուցվածքը տարբեր է: Մի դեպքում, այն մեծ է ու երկար և կրում է լավ զարգացած վերջույթներ, որոնք ծառայում են լողալու համար: Երկրորդ դեպքում այն փափուկ է և անհամաչափ, զրկված վերջույթների մի մասից: Երրորդների փորիկը փոքր է, համաչափ, դեպի ներքև և առաջ ծռված, կրում է մնացուկային վերջույթներ: Տասնոտանի խեցգետիններն ունեն տնտեսական մեծ նշանակություն: Սրանք օգտագործվում են որպես սնունդ մարդու համար և հանդիսանում են արդյունագործական օբյեկտ: