Երևան 2800-ամյակի այգի
ՏեսակՀանրային
Բացվել էՄայիսի 10, 2019
Մակերես1.5 հեկտար
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառավարում«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարին

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին: Այն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ:

Այգին շրջապատված է Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով: Այն սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։

Պատմություն խմբագրել

Այգու ներկայիս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու կազմի մեջ՝ եզրային հատվածում: 2002թ թվականին, Իտալիայի փողոցի վերակառուցումից հետո, այս տարածքը, որոշակի իմաստով,կղզիացել էր: Քանի որ տարածքը մնացել էր չխնամված վիճակում, հանրությանը նաև չէր ծառայում որպես զբոսայգի։ Այգում կային միայն փտած, ծերացած և հիվանդ ծառեր, մաշված և վնասված նստարաններ, ավերված և չգործող շատրվանների մնացորդներ: Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները ձգվել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը՝ մեկ ու կես տարի: Կառուցման ընթացքում այգում ճարտարապետական նախագծում փոխվել է ամեն ինչ։ Ամբողջությամբ փոխարինվել է նաև այգում օգտագործվող հողը։

Այգու բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 10-ին: Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բազմաթիվ այլ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախագծի հեղինակն է Կարեն Վարդանյանը [1]: Նախագծի ամբողջական իրականացման համար ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար:

Այգու կառուցապատումից բացի`«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019 թվականից սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին նաև հոգալու է այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

Կանաչ տարածք խմբագրել

Այգու կանաչ տարածքը 7500 ք/մ[2] է: Այգում կա 70 տեսակի 369 ծառ: Այգում տնկելու նպատակով ներմուծվել են Հայաստանի համար բացառիկ և էկզոտիկ 250 ծառեր, որոնք հատուկ ընտրվել են Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, ինչպես օրինակ` Fagus sylvatica 'Purpurea Tricolor, Hamamelis'Ruby Glow', Magnolia acuminata, Oxydendrum arboreum, Stewartia pseudocamellia, Heptacodium miconioide, Pterostyrax hispida և այլն: Յուրահատուկ գեղեցկությամբ առանձնանում են բազմերանգ ծաղկանոցները: Այգին 2 կողմից շրջապատված է Ligustrum Vulgare տեսակի թփերից կազմված բուսական ցանկապատով: Կանաչ տարածքները ոռոգվում են ավտոմատացված կաթիլային և ցնցուղային ավտոնոմ համակարգով: Այցելուներին անհանգստություն չպատճառելու նկատառումներով՝ ոռոգումն իրականացվում է միայն գիշերային ժամերին:

Շատրվաններ խմբագրել

Այգու շատրվանները սկսում են գործել ամեն տարի ապրիլի սկզբին և դադարում հոկտեմբերի վերջին՝ եղանակային պայմաններից կախված[3]: Ամեն օր բոլոր շատրվանները միանում են ժամը 11:00-ին և գործում մինչև ժամը 24:00-ն, իսկ ապրիլին և հոկտեմբերին՝ մինչև ժամը 21:00-ն: Շատրվանների լույսերն ավտոմատ միանում են երեկոյան՝ մթնելիս, և անջատվում ժամը 24:00-ին:

Այգում կան 5 տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև: Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են 2 գույնի գրանիտե սալերով: Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր:

Շատրվանային համալիրը բաղկացած է 2 կողմից 5-ական ավազան և 2800 ջրաշիթեր ունեցող շատրվաններից, որոնք զարդարված են հայկական նախշերով՝ պատրաստված ալյումինից: Համալիրի 2 ծայրերում տեղադրված են ցայտաղբյուրներ: 10 ավազանից յուրաքանչյուրի գրանիտե և ալյումինե նախշերի դիզայնն ինքնատիպ է և չկրկնվող:

Այգու կենտրոնական հատվածում տեղադրված է վարդագույն կվարցիտից պատրաստված քարտեզ, որի վրա փորագրված են Երևանի 12 վարչական շրջանների անվանումները: Քարտեզը շրջապատված է շատրվաններով:

Այգում կառուցվել է նաև 30 շիթով ջրային կամար: Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն՝ կամարաձև շատրվանի տակով անցնելն առողջացնում է[4]:

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով: Այն համալրված է 4 սենսորներով, որոնց միջոցով հպումով հնարավոր է փոխել շատրվանի դինամիկան: Երեկոյան ժամերին հրապարակը շրջապատվում է գետնի մակերեսից պարբերաբար դուրս եկող և գույնզգույն լուսավորմամբ մառախուղի շղարշով: Քարտեզի վրա ներկայացված է նաև կապույտ գրանիտից պատրաստված Հրազդան գետն իր 4 կամուրջներով:

Ի տարբերություն սովորական շատրվանների՝ այգու շատրվանների գեղեցիկ տեսքը և այցելուների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով կառուցվել է ստորգետնյա գերհզոր կառույց՝ շատրվանների տեխնիկական սպասարկման համար՝ իր ավազաններով, խողովակների ու պոմպերի գերժամանակակից համակարգերով:

Սալահատակ խմբագրել

Այգու 5420 քմ մակերես ունեցող սալահատակը պատրաստված է 10 սմ երկարություն, 10 սմ լայնություն և 5 սմ հաստություն ունեցող 500 հազար հատ 7 տեսակի գրանիտե սալիկներով[5]: Սալահատակի տակ՝ ամբողջ մակերեսով, բետոնային հատուկ ամրացում է տրվել՝ իր դրենաժային համակարգով: Սալահատակի նախշազարդերը գրեթե ամբողջությամբ վերցված են հին ավանդական հայկական գորգերի նախշերից, իսկ նախշազարդերի փոքր մասը կրկնում է Էրեբունի ամրոցի ուրարտական դարաշրջանի նախշերը:

Սալահատակի կենտրոնում պատկերված է հայկական գորգերի նախշերով ուղեգորգ: Ուղեգորգն ունի նեղ ու երկարավուն ձև: Դրա կառուցվածքի հիմքում շեղանկյունազարդ խոշոր հորինվածքների իրար կցված շարանով բնորոշվող գորգերի, տվյալ դեպքում՝ «Ճարտար» տիպի գորգերի գեղազարդման համակարգն է: Ներկայացված է «Խնձորեսկ» տիպի ուշ վիշապագորգերի հիմնական հորինվածքը, որը կազմված է բարու և չարի հավերժական հակամարտությունը ներկայացնող արևի խորհրդանշանից ու դրան պարուրող վիշապի ութ ոճավորումներից: Բարու հաղթանակն ու կյանքի հավերժության գաղափարն էլ ներկայացնում են արևի խորհրդանշանից սկզբնավորված «կենաց ծառ» նախշերը: Խոշոր շեղանկյունազարդի կենտրոնում գտնվում է 1680 թ. գործված «Գուհար» վիշապագորգի կենտրոնական վարդակի գծայնացված տարբերակը, իսկ անկյունները գեղազարդված են «Մասյացոտն» տիպի ուշ շրջանի վիշապագորգերին բնորոշ ոճավորված վիշապապատկերներով ու «Ճարտար» տիպի գորգերին բնորոշ աստիճանաեզր շեղանկյունազարդերով:

Արձաններ խմբագրել

Այգու տարածքում տեղադրված են բրոնզաձույլ 7 արձաններ[6]՝ պատվիրված և պատրաստված հատուկ այգու համար: Այգու մուտքի հատվածում տեղադրված են Էրեբունի ամրոցի որմնանկարների նմանությամբ պատրաստված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ: Երևանի քարտեզի տեսքով շատրվանի 4 անկյուններում առկա ավազանների մեջ տեղադրված են երեխաների բրոնզաձույլ 4 ջրային արձաններ («Հոգատարություն», «Երևակայություն», «Երջանկություն», «Անաղարտություն»), ինչպես նաև նավակով երեխայի արձան («Մանկություն»)` Երևանյան լիճը խորհրդանշող հատվածում:

Արձանները խորհրդանշում են 1970-1980-ական թվականների Երևան քաղաքի մանուկների կերպարները: Այցելուների համոզմամբ՝ «Հոգատարություն» արձանի ցայտաղբյուրից ջուր խմելը երիտասարդացնում է:

Այգու տարածքում տեղադրված արձանները պատրաստել է քանդակագործների խումբ՝ Արմեն Սամվելյանի ղեկավարությամբ:

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այգու տարածքում տեղադրված են ինքնատիպ դիզայնով 76 նստարան, 62 աղբաման, 126 լուսասյուն: Հայաստանում 1 քմ հաշվարկով ամենաշատ ծառատեսակները, նստարանները, աղբամաններն ու լուսասյուները Երևանի 2800-ամյակի այգում են:
  • Այգում գտնվող ճարտարապետական տարրերի գրանիտե մակերեսների վրա առկա զարդաքանդակներն ու ալյումինե նախշերը իրականացվել են Ալեքսանդր Թամանյանի, Ջիմ Թորոսյանի, Մարկ Գրիգորյանի, Ռաֆայել Իսրայելյանի և Ստեփան Քյուրքչյանի ստեղծած ճարտարապետական հայտնի կոթողների նախշերով:
  • Այգու վերջնամասում գտնվում է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան), որը տեղադրվել է 1980 թվականին: Ի դեպ, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս այգու հետ կապ չունի. այն պահպանվում է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից:
  • Շատրվանների համար այգում տեղադրված է քամու սենսոր, որի միջոցով, քամու ուժգնությունից կախված, կամարաձև շատրվանն անջատվում է, իսկ մնացած շատրվանների ջրային շիթերը ցածրանում են՝ այցելուներին չջրցողելու նպատակով:
  • Այգում տեղադրված է նաև Էրեբունի ամրոցի և Երևան քաղաքի խորհրդանիշներով հուշաքար, որի վրա առկա է այգու մասին համառոտ տեղեկություն՝ 4 լեզվով:
  • Գլխավոր նախապայմանը, որ Երևանի քաղաքապետարանին ներկայացրել են բարեգործներ Միքայել և Կարեն Վարդանյանները, այն է, որ այգին մնում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն:
  • Այգու մուտքն անվճար է:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը».
  2. «Երևանի 2800 ամյակի այգու կանաչ տարածքը».
  3. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները».
  4. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները». Առավոտ. Հունիս 27, 2019. Վերցված է 05․07․2019-ին.
  5. «Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը».
  6. «Երևանի 2800 ամյակի այգու արձանները».