Գտչավանք, Գտիչի վանք, հայկական կրոնական կառույց Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում (այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ, Տողասար լեռան լանջին): Հիմնադրվել է վաղ միջնադարում:

Պատմություն խմբագրել

Ըստ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Պարտավի եկեղեցական ժողովին մասնակցել է նաև Գտչավանքի ներկայացուցիչը: Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում եղել է Եսայի իշխանի նստավայրը, հետագայում՝ Դիզակի մելիքների Բերդավանը:

15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն: 1717 թվականին Գտչավանքի գլխավոր եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը: 1723 թվականին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գտչավանքի վանահայր: 19-րդ դարում Գտչավանքի վանահայրն էր Առաքել վարդապետ Կոստանդյանցը, որը գրել է Արցախի մելիքներին նվիրված աշխատություն, և նրանից օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս: 1868 թվականին երկրաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, և վնասվել գմբեթավորը, որից հետո Գտչավանքը լքվել է և ամայացել:

Կառուցվածք խմբագրել

Գտչավանքը բարգավաճել է 12–14-րդ դարերում: Վանքի համալիրը բաղկացած է երկու միմյանց կից եկեղեցիներից, գավթից, բնակելի սենյակներից: Գլխավոր եկեղեցին՝ մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, սրբատաշ ֆելզիտով կառուցել են Ամարասի վանքի Սարգիս և Վրթանես եպիսկոպոսները 1241–1246 թվականներին և վանքին նվիրաբերել ընդարձակ հողային տարածքներ: Հովանոցաձև վեղարով գմբեթի թմբուկն ունի շեշտված վերձիգ համաչափություններ: Հյուսիսից կից է կոպտատաշ բազալտով կառուցված միանավ, թաղածածկ, արևելյան ուղղանկյուն խորանով երկրորդ եկեղեցին, որի ավանդատները գտնվում են խորանի հատակի տակ (նման տեղադրությունը եզակի է հայկական ճարտարապետության մեջ): Եկեղեցիներին կից է թաղածածկ գավիթը, որի ներսում կանգուն է եպիսկոպոս Վրթանեսի 1246 թվականի խաչքարը[1]:

Տողասարի կամ ճգնավորի լեռան հյուսիսային լանջի գոգավորությունում, թավուտ անտառերի ֆոնի վրա, շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը: Իր դիրքով ու շրջապատի բնության հետ ունեցած սերտ կապով Գտչավանքը զգալիորեն տարբերվում է Արցախի միջնադարյան հուշարձաններից: Բարձրադիր տեղանքը, երկինք մխրճված գրանիտյա ժայռերի վեհությունը, վայրի պտղաբույսերով հարուստ անտառապատ ձորերի խորությունը, լեռնային մաքուր օդը, սառնորակ աղբյուրները մի առանձնակի շուք են տալիս վանքին: Իր ճարտարապետական հիանալի արժանիքներով Գտչավանքը, առանձնահատուկ տեղ ունենալով հանդերձ, հարստացնում է երկրամասի բազմադարյան ճարտարապետության գանձարանը` հաստատորեն կանգնելով այնպիսի կոթողների կողքին, ինչպիսիք են Գանձասարն ու Խութավանքը: Մատենագիտական աղբյուրները հիշատակում են, որ հնագույն ժամանակներում ներկայիս վանքի տեղում կառուցված է եղել մի եկեղեցի, որը համարվել է հայտնի ուխտատեղի: Այդ եկեղեցին ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում: Հին եկեղեցու հիմքերի վրա, ինչպես մատնանշում են ներկայիս եկեղեցու հյուսիսային պատի վրա գտնվող ընդարձակ արձանագրությունները, Ամարասից այստեղ գաղթած երկու եպիսկոպոսներ` տեր Սարգիս և տեր Վրդանես եղբայրները, կառուցում են Գտչավանքի գլխավոր եկեղեցին: Շինությունը հիմնադրվել է 1241 թվականին, ավարտվել է 1246-ին: 13-16-րդ դդ. պատկանող հարուստ վիմական արձանագրությունները արժեքավոր աղբյուր են հանդիսանում հայ ժողովրդի հյուսիս-արևելյան հատվածի պատմության համար: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտիչը, վաղնջական ժամանակներից սկսած, եղել է գավառի քաղաքական ու հոգևոր կենտրոնը:Այստեղ էին նստում թեմի եպիսկոպոսները: Այն իր նշանավոր ամրոցով Եսայի Աբու-Մուսեի նստավայրն էր 9-րդ դարում: Իսկ 10-րդ դարում թագավորանիստ էր, Դիզակում հիմնված թագավորության կենտրոնը: Գտիչը 13-րդ դարի վերջերին ընդարձակվում է նորանոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Եգանի իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին, դառնալով Հայաստանի կրոնական, քաղաքական ու մշակութային խոշոր կենտրոններից մեկը: Գտչավանքի հուշարձանն իր արվեստով, բարձր ճարտարապետական Առանձնահատկություններով հանդիսանում է հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից մեկը: «Առհասարակ,- գրել է Լեոն,- ներքին և արտաքին կողմերից Գտչավանքի ճարտարապետությունը կրում է Բագրատունյաց ոճի կնիքը»: Վանքի գլխավոր եկեղեցին միջին մեծության կենտրոնական գմբեթավոր կառուցվածք է: Գմբեթը նստած է չորս կամարների վրա: Հիմնապատերը շարված են տաշած ենդեղնագույն քարերից: Որմնամույթերը միանում են աղեղնաձև կամարներով, որոնք իրենց վրա կրում են գմբեթը`բարձր, բայց ոչ այնքան սրածայր վեղարով: Արևելյան կողմում եկեղեցին ունի աբսիդ, բարձր բեմով և երկու կողմերում կրկնահարկ խորաններով: Վերին հարկի խորանների դռները բացվում են աբսիդի մեջ, որտեղից բարջրանում են քարե սանդուղքով: Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, իսկ ներսից` խաչաձև հատակագծով, ուղղանկուն խաչթևերով: Ներսը ամբողջովին սրբատաշ է, արևելյան կողմի վերին խորանից մի գաղտնի անցք պատերի միջով բարձրանում է դեպի տանիքի տակը: Պատերի մեջ դրված են քանդակազարդ և արձանագրված խաչքարեր, որոնցից մեկի վրա նշված է 1000 թվականը: Սա դարձյալ ապացույց է, որ այժմյան եկեղեցու տեղում հնում եղել է մի ուրիշ քարաշեն եկեղեցի:Դա երևում է նաև եկեղեցու հիմքերից, որոնք տեղ-տեղ բացվել են: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Գտչավանքի Ճարտարապետական մանրազնին քննություն դեռ չի կատարվել և աչ էլ պեղմամբ ուսումնասիրվել են վանքի ու նրա ավերակների երևացող հիմնապատերը, որպեսզի վերջնական խոսք ասվոր հնագույն շենքերի կազմի ու հիմնադրման ժամանակի մասին: Վանքն ունիգավիթ, որը «խիստ հին է քան եկեղեցին», գավթի միակ մուտքը զարդարված է նրբահյուս քանդակներով: Դռան երկու կողմերում, պատի մեջ, տեղավորված են քանդակազարդ խաչքարեր: Հարավային կողմի խաչքարի վրա գրված է «Թվին ՈՂԵ Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ»: Իսկ հյուսիսային կողմի խաչքարի վրա` «Յիշատակ է Սուրբ տաճարիս կաթողիկէն Դողեցի Սարգսի որդի Սայուն և իւր կողակից Հերիքնազին թվին ՌՃԿԶ»: Շենքը սալահատակված է եղել, տանիքը ևս պատած է սրբատաշ սալերով: Արևմտյան, հարավային և հյուսիսային պատերի մեջ բացվում են զույգ կամարակապ պատուհաններ, որոնք բավականին բարձր են ու արտաքուստ նեղ, իսկ ներսից` ընդարձակ բացվածքով և քառակուսի կողմերով: Պատերը հաստ են, շքեղ և նուրբ զարդաքանդակներով: Գավթի ներսի հատակը ծածկված է վանքի հոգևորականների և Դիզակի Մելիքների գերեզմաններով, որոնց քարերը մշակված են գեղեցիկ ու նուրբ ժանյակներով: Բացի հիշյալ գերեզմաններից, եկեղեցու ներսում, արևելյան պատին կից, կան մի քանի մահարձաններ` խաչքարերով: Գերեզմանոցը տարածված է եկեղեցու շուրջը, որը մեծ մասամբ ավերված է. հատ ու կենտ գերեզմանաքարեր թաղված են գետնի մեջ, իսկ մեծ մասը ծածկված է հողով, խաչքարերն ընկած են գետնին: Գտչավանքը շրջապատի բնակելի ու տնտեսական(ավերված) շենքերի հետ միասին չամանակին դիտվել է որպես ավարտուն ճարտարապետական անսամբլ: Վանքի գլխավոր եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում`Կաթնաղբյուրի հարավային մասում է գտնվում մի անանուն եկեղեցի, որը ևս հնաշեն է: Գտչավանքը հնուց ի վեր հայտնի է իբրև Արցախի խոշոր հոգևոր մշակութային կենտրոններից մեկը: Այնտեղ էին նստում գավառի եպիսկոպոսները: Վնաքն ուներ իր դպրոցն ու գրատունը: Այնտեղ էին հավաքված նշանավոր բազմաթիվ գրչագրեր, և հենց տեղի գրչատանն էլ ստեղծվում էին ձեռագիր նոր մատյաններ: 19-րդ դարում Գտչավանքի վարդապետ Առքել Կոստանյանցը գրել է պատմագիտական ու ազգագրական մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մի փոքրիկ հատոր` Դիզակի մելիքության մասին, լույս է տեսել 1913թ.: Դող կամ Քթիշ բերդը Դիզակի և ընդհանրապես Արցախի հին, անառիկ և խոշոր ամրոցներից է, հավանաբար գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարում: Առանշահիկտոհմի Դիզակի ճյուղը, Տողը դարձնելով իր վարչական կենտրոնը, ռազմական հենակետ է դարձրել ինչպես Գորոզ բերդ, այնպես էլ այս ամրոցը: Դիզակի քաջ իշխան Աբու Մուսեն շատ լավ էր ամրացրել Քթիշը, որին նպաստել է և անառիկ դիրքը: Արտաքին աշխարհի հետ ինչպես Արցախի մյուս հայտնի բերդերը, այն կապված էր գաղտնուղով: Այժմ երբեմնի հզոր բերդից շատ քիչ բան է պահպանվել, և Դիզակի իշխանության կենտրոնի բազմթիվ կառուցվածքներից ավերակներ են մնացել: Կիսով չափ կամ արդեն լրիվ հողածածկ միջնաբերդի վիմահերձի գլխին դեռ կանգուն մնում է անտաշ քարով շինված եկեղեցին, որին տեղացիները վանք են կոչում: Հուշարձանի ներսում կան սպիտակ շերտաքարերից պատրաստված հինգ փոքր խաչքարեր, որոնց վրա քանդակված է. «Խաչս Նազադին», «Խաչս Մրհապետին», «Խաչս Շահումին», «Խաչս Ղազարոյ», «Խաչս Եդուայ»: Տողեցիները պատմում են , որ վերջին տարիներին այս բարձունքներում գտել են զանազան տնային իրեր, եկեղեցական սպասքներ, տարբեր զենքերի տեսակներ, մետաղյա անոթներ, հին դրամներ: Այստեղ դեռ երևում են միջնաբերդի շրջապատի հետքերը: Այն շարված է անտաշ որձաքրով, կրաշաղախով: Պարսպի պատերի մեջ երևում են հին եկեղեցու սրբատաշ քարեր, գերեզմանաքարեր, մեծ և գեղաքանդակ խաչքարերի բեկորներ: Բնակավայրի կիսավեր պատերը բոլորովին մամռապատ են, տների տեղը վեր է ածվել մեծ-մեծ փոսերի, որտեղ աճել են վիթխարի ծառեր, թփեր: Մեռած «գյուղաքաղաքից» քիչ վերև` Տողասարի ամենաբարձր կետում գտնվում, ինչպես տեղացիներն են անվանում, Թեժ եկեղեցին: Այն մի պարզ շինություն է, առանց գմբեթի: Թաղածածկ դահլիճի հորինվածքով կառուցված կիսավեր եկեղեցին ներսում ունի չորս մույթեր, արևելյան կողմից` կիսակլոր աբսիդ, որի երկու կողմերում կան խորաններ: Դուռը հարավյին կողմից է: Շարված է անտաշ որձաքարով և կրաշաղախով: Եկեղեցու արևելյան կողմում նկատվում են մի քանի գերեզմաններ, որոնցտապանաքարերը բավականին մեծ են և լավ մշակված, բոլորն էլ տեղական քարից: Գերեզմանաքարերից միայն մեկի վրա կա չորս տառ`«Պետի»: Ավերակները բավականին տարածություն են գրավում: Տնատեղերն ունեն կիսաբոլորաձև , իսկ մի քանիսը` ձվաձև հատակագիծ: Պատմագիրների վկայություններն ու նյութական կուլտուրայի հուշարձանները հնարավորություն են տալիս ասելու, որ այստեղի ավերակները հիմնականում պաշտպանական կառույցներ են եղել: Պատերազմական տարիներին այստեղ է հավաքվել Դիզակի բնակչությունը և դիմադրություն ցույց տվել թշնամուն: Այդ տեսակետից խիստ բնորոշ է արաբական խալիֆայության դեմ մղած պայքարում դիզակիցների վառ օրինակը:Պատմությունը պահել է Արցախ աշխարհի ամենախոշոր դեմքերից մեկի` Եսայի իշխանի սխրագործությունները: Լեոյի կարծիքով Եսային կամ, ինչպես արաբական աղբյուրներն են նրան հիշում, «Իսա Իբն Յուսուֆ Աբաու Բուսեն», իր գլխավորած պայքարով «...ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում Հայոց աշխարհի այդ ժամանակվա(9-րդ դար-Շ.Մ.)արյունոտ նահատակումների մեջ»: 853թ. ամրացված լինելով Տողասարի գագաթին, վերը նշված «քյուղաքաղաքի» պարիսպների ներսում, Աբու Մուսեն ավելի քան մեկ տարի համար դիմադրություն է ցույց տալիս արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին: Արաբ զորավարը 28 անգամ գրոհում է այդ անառիկ ամրոցի վրա, բայց գրոհները ապարդյուն են անցնում: Վերջ ի վերջո նա`Եսայի իշխանը, ընկավ թշնամու ձեռքն այն պատճառով, որ ազնվություն ունեցել հավատալու թշնամու երդումներին` պատգամախոսության է գնացել Բուղայի մոտ և այնտեղ էլ ձեռբակալվել: Դիզակի քաջ իշխանի և նրա հետնորդների հիշատակին կառուցված մի շարք հուշարձաններ կան Տողասարից որ այնքան հեռու գտնվող Տումի գյուղի շրջակայքում: Այսպես. գյուղի արևմտյան մասւոմ է գտնվում Դիզակի մյուս նշանավոր Գորոզ կամ Գորոզու անունով բերդը, «Ի Գոռոզո մերձ ի լեառն Քթիչ»:

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 222 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։