«Արեշի», ծիրանենու ուշահաս սորտ։ Ստացել է Մ. Բ. Սանահյանը «Համբան» սորտի ազատ փոշոտումով։ Մշակում են Արարատյան դաշտավայրի այգիներում։ Ծառը միջին բարձրության է, կլորավուն, ձգված սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 3-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության կամ մեծ (մինչև 65 գ, միջինը՝ 40–45 գ), երկարավուն, թույլ ձգված գագաթով, միջուկակարը՝ չափավոր, ձագարի հիմքում ավելի խորը։ Մաշկը՝ միջին հաստության, թույլ թավոտ, սերուցքագույն, արևահայաց կողմում 1/3-1/2 մասով՝ վարդագույն երանգով։ Պտղամիսը՝ նուրբ, դեղնասպիտակավուն, կռճիկային, պինդ, հյութալի, թթվաշաքաղցր, թույլ բուրմունքով։ Կորիզը՝ պտղից անջատվող, միջուկը՝ քաղցր։ Պտուղների հասունացումը՝ հուլիսի 25-ից օգոստ-ի 10-ը։ Բերքատվությունը՝ 200–250 ց/հա։ Լավագույն փոշոտիչներն են՝ Ոսկի, Վաղահաս վարդագույն, Համբան, Երևանի և Սաթենի սորտերը։ Պտուղները պիտանի են թարմ օգտագործման և վերամշակման (մուրաբա, չիր) համար։


«Արենի սև», Սև Մալահի, հայկական տեխնիկական խաղողի ուշահաս սորտ։ Ստեղծվել է ժողովուրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակվում է հիմնականում Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Տերևը միջին մեծության է, կլորավուն, հնգաբլթակ, միջին չափերով կտրտված, փայլուն, ցանցանման կնճռոտված, լերկ, բարձրացած եզրերով, վերնամասում՝ ակոսաձև, հակադիր կողմում՝ կոշտ մազմզուկերով։ Ծաղիկը՝ երկսեռ։ Ողկույզը՝ միջին մեծության, երբեմն՝ մեծ, հիմնականում՝ կոնաձև, երբեմն՝ թևավոր, խիտ կամ շատ խիտ։ Պտուղը՝ միջին մեծության, երկարավուն, երբեմն՝ ձվաձև, կլորավուն ծայրով, սև, մաշկը՝ կոպիտ, ամուր, հաստ պտղամսից հեշտությամբ անջատվող մոխրակապտավուն մոմաշերտում։ Պտղամիսը՝ հյութալի, հյութը՝ անգույն։ Բողբոջումից մինչև պտղի լրիվ հասունացումը՝ 160 օր։ Բերքատվությունը՝ 80–150 ց/հա։ Արենի սև օգտագործում են սեղանի, թունդ և աղանդերային գինիներ պատրաստելու համար և թարմ վիճակում։



«Անահիտ-351», ստեղծել են Վ. Զուրաբյանը, Ա. Ղազարյանը և Ռ. Մկոյանը ՀՀ ԲԲՏՄԳԿ-ում: Արմատն առանցքային է, թուփը՝ որոշիչ: Տերևները՝ մուգ կանաչ: Ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները` երկսեռ: Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո: Պտուղը կլոր է, վառ կարմիր գույնի, 150–180 գ միջին զանգվածով, փոխադրունակ: Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 95 օր: Մշակվում է բաց դաշտում: Բերքատվությունը՝ 750–800 ց/հա:



«Անահիտ-20», լոլիկի սորտ: Ստեղծել է ընտրասերումնաբան Անահիտ Անանյանը ՀՀ Բանջարաբուծական փորձաընտրասերման կայանում` լոլիկի տեղական պոպուլյացիաներից, բազմանվագ անհատական ընտրության մեթոդով: Արմատն առանցքային է, թուփը՝ սովորական, կիսափռվող, ուժեղ տերևակալած: Տերևները խոշոր են, խիստ կտրտված, բաց կանաչավուն, պարզ արտահայտված ջղերով: Ծաղկաբույլը ողկույզ է, յուրաքանչյուր ողկույզի վրա՝ 3–5 պտուղ։ Ծաղիկները երկսեռ են: Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո: Պտուղը տափակ-կլորավուն է և կլորավուն, հարթ մակերեսով, 150 գ միջին զանգվածով: Միջաուշահաս սորտ է: Մշակվում է բաց դաշտում: Բերքատվությունը՝ 300–600 ց/հա: