Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն, (1993-1998 թվականներին՝ Բանջարաբոստանային մշակաբույսերի ԳՀԻ), կազմավորվել Է Բանջարաբոստանային բույսերի ընտրասերման-սերմնաբուծական կայանի (1949) հիման վրա (որին 1981 թվականին միացել է Երկրագործության ԳՀԻ բանջարաբոստանային մշակաբույսերի բաժինը)։

Հիմնական խնդիրներԽմբագրել

Հիմնական խնդիրներն են բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի սերմնաբուծությունը, սերմնարտադրությունը, բանջարաբոստանային մշակաբույսերի առավել բերքատու, բարձրորակ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտերի ստեղծումը՝ ավանդական և նորագույն (կենսատեխնոլոգիա, մուտագենեզ և այլն) եղանակներով, դրանց մշակության արդյունավետ տեխնոլոգիաների, հումքի վերամշակման եղանակների մշակումը, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, ջերմոցներում բանջարեղենի արտասեզոնային աճեցման, ոռոգման, պարարտացման ուսումնասիրումը։

Ունի մորմազգի բանջարային մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության, բոստանային մշակաբույսերի ընտրասերման, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի, պաշտպանված գրունտի, բույսերի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և հումքի վերամշակման բաժիններ, բույսերի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա։ Մշակվել և արտադրության մեջ ներդրվել են բաց և պաշտպանված գրունտում բանջարաբույսերի մշակության տեխնոլոգիաներ։ Ընտրասերվել և ներդրվել են 40-ից ավելի նոր սորտեր և հիբրիդներ, լոլիկի՝ Նվեր, Լիա, Վաղահաս նուշ, Առաքել, Լուսին, Երազ, Ձուրաբ, Գյումրի, Նոր Անահիտ, Սյունիք և ջերմոցային՝ Զվարթնոց, Նորակերտ, Ձյունանուշ, հայկական ջերմոցային սորտերը, տաքդեղի՝ Անի, Աբրահամ, Նուշ 55, հայկական բամիայի՝ Սոնա, սմբուկի՝ Ադելա, Արշալույս, Ավանդ, վարունգի՝ Դարակերտի 18, Գայանե, դդումի՝ Բերքանուշ, դդմիկի՝ Աննա, ձմերուկի՝ Արևիկ, սեխի՝ Դուրեկան, Գետառ, Գովական, Անուշիկ և այլ սորտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։