Մանուշակագույն մեղու-ատաղձագործ

միջատների տեսակ
Մանուշակագույն մեղու-ատաղձագործ
Մանուշակագույն մեղու-ատաղձագործ (էգ)
Մանուշակագույն մեղու-ատաղձագործ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Իսկական մեղուներ (Apidae)
Ցեղ Հյուսն մեղուներ (Xylocopa)
Տեսակ Մանուշակագույն մեղու-ատաղձագործ (X. violacea)
Միջազգային անվանում
Xylocopa violacea

Մանուշակագույն մեղու–ատաղձագործ (լատին․՝ Xylocopa violacea), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-23 մմ երկարությամբ մետաղական մանուշակագույն փայլով, սև գույնի մարմնով շատ խոշոր մեղու է, որի վերին շրթունքը ծածկված է շիկակարմիր մազիկներով։ Բեղիկների վերևի մասը սև գույնի է, իսկ ներքևինը՝ շիկակարմիր։ Ունի սև ոտքեր, թևերը մուգ գույնի են։ Էգի հետին սրունքի արտաքին մասը և ոտքերի կոնքը պատված է երկու շարք մանր սուր ատամիկներով։ Արուի բեղիկների վերին հատվածը ծռված է, իսկ հետին ոտքերի կոնքն՝ ատամիկով[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրայքի երկրներում, Կենտրոնական Ասիայում, Ղրիմում, Կովկասում և Կոպետդաղում։ Հայաստանում հայտնի է Արարատի (գյուղ Երասխ), Կոտայքի (գյուղ Արտավազ), Սյունիքի (քաղաք Կապան) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Միայնակ, բազմակեր մեղուներ են, որոնք ապրում են կիսանապատայինից մինչև տափաստանային գոտում, հանդիպում՝ այգիներում, ճամփեզրերին, նոսրանտառներում և բնակելի վայրերում։ Թռիչքը դիտվում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, սնվում են տարբեր ընտանիքներում պատկանող բույսերի ծաղիկներով։ Բները պատրաստում են չոր բնափայտում (այդ թվում նաև շինությունների) անցքեր փորելով, սարքում են առանձին խորշիկներ, որտեղ էգը դնում է ծաղկափոշու և նեկտարի պաշար և մեկական ձու։ Աշնանը կատարվում է թրթուրների հարսնյակավորում։ Խորշիկներում ձմեռում են դուրս եկած հասուն միջատները[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են չորացած ծառերի հատմամբ և շինությունների փայտե կոնստրուկցիաների մետաղականով փոխարինմամբ պայմանավորված բնակալման համար պիտանի տեղերի կրճատումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակագույն մեղու-ատաղձագործ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակագույն մեղու-ատաղձագործ» հոդվածին։