Մաներհայմի գիծ
Մաներհայմի գիծ (ֆիններեն՝ Mannerheim-linja, շվեդերեն՝ Mannerheimlinjen), Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ», 1939-1940) գործողությունների ժամանակ Ֆինլանդիայի կողմից խորհրդային ներխուժման դեմ կառուցված սահմանային ամրությունների համակարգ Կարելյան պարանոցում։ Անվանումը ստացել է ֆինն մարշալ Կարլ Գուստավ Էմիլ Մաներհեյմի անունով։ Կառուցվել է 1927-1939 թվականներին։ Շինարարությունն ավարտվել է բելգիացի գեներալ Բադուի (մասնակցել է «Մաժինոյի գծի» կառուցմանը) ղեկավարությամբ։ Մաներհայմի գիծը ճակատի գծով ուներ 135 կմ լայնություն և 95 կմ խորություն։
Ռազմական գործողությունների ժամանակ խորհրդային զորքերը ճեղքեցին մաներհայմի գիծը։ Երկրորդ աշխարհամարտի հետագա փուլերում ֆիննական զորքերը մասամբ վերականգնեցին մաներհայմի գծի ամրությունները, սակայն 1944 թվականին խորհրդային զորքերը երկրորդ անգամ ճեղքեցին այն (վիբորգյան ուղղությամբ) և այնուհետև հիմնովին ոչնչացրին դրա պաշտպանական կառույցները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 221)։ ![]() |