Մակոտո Շինկայ
{{Nihongo |Մակոտո Շինկայ|新海誠||, փետրվարի 9, 1973[1][2], Կոումի, Նագանո (պրեֆեկտուրա), ճապոնական անիմե-արտադրության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է։ Ի տարբերություն այդ ոլորտի այլ ներկայացուցիչների՝ նա նախընտրում է ստեղծագործելիս օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ նյութական և մարդկային ռեսուրսներ։ Այդպիսով նրան հաջողվում է իր գործերում ստեղծել միջավայրի արտասովոր ամբողջականություն։ Հատկապես ընդծված են լինում բնապատկերներն ու հետին պլանը։ Նա իր գործերը ստեղծում է ոչ թե ստուդիայում, այլ տնային պայմաններում՝ տան համակարգչով։ Շինկայը կարողանում է համադրել սցենարիստի, ռեժիսորի, գլխավոր մուլտիպլիկատորի, 3D-մոդելյորի, հնչյունային ռեժիսորի և մոնտաժողի մասնագիտությունները։ Անշուշտ, մուլտիպլիկացիայի պատմության մեջ քիչ չեն «ոսկե ձեռքեր ունեցող» վարպետները, սակայն Տոկիոյի համալսարանի գրականության ֆակուլտետի այս համեստ շրջանավարտը, որն այսօր էլ իր կլոր ակնոցով ավելի շատ ամպերում սավառնող ուսանողի է նման, վերջին տարիների ճապոնական «անկախ» անիմացիայի ոլորտում գլխավոր բացահայտումն է։
Մակոտո Շինկայ 新海 誠 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ազգություն | ճապոնացի |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրթություն | Տյուո համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող, նկարազարդող, վիպասան, գրող և կինոպրոդյուսեր |
Աշխատավայր | Nihon Falcom? |
Ամուսին | Chieko Misaka? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Chise Niitsu? |
Կայք | shinkaiworks.com |
Ստորագրություն | |
Makoto Shinkai Վիքիպահեստում |
5 սանտիմետր վայրկյանում...
դա այն արագությունն է, որով թափվում են սակուրայի թերթիկները։ Իսկ նրանք այնքա~ն նման են ձյան փաթիլների...- «5 սանտիմետր վայրկյանում» Մակոտո Շինկայ
|
Շինկայի ստեղծագործությունների հիմնական թեման միայնությունն ու բաժանումն են, որ ապրում են երկու հոգի։ Այս թեման առկա է նրա գրեթե բոլոր գործերում, և երբեմն թվում է, թե Շինկայը կրկնում է միևնույն պատմությունը՝ պարզապես փոփոխելով ձևավորումը։ Սակայն պետք է չէ նրան մեղադրել. չէ՞ որ դա ոչ թե կրկնություն է, այլ ամեն անգամ բացարձակ կատարելության հասնելու փորձ, հաջողվա՛ծ փորձ։ Մակոտո Շինկայը փնտրում է իր կատարյալ պատմությունը... իսկ մեզ միայն մնում է աչքներս չորս արած հիանալ նրա պատկերների հրաշագեղությամբ։
Կենսագրություն
խմբագրելՄակոտո Շինկայը (ճապ.` 新海誠 Շինկայ Մակոտո) ճապոնացի ռեժիսոր է, մուլտիպլիկատոր և սեյու։ Իսկական անունը Մակոտո Նիիցու է (ճապ.` 新津 誠)։ Ծնվել է 1973 թ.-ի փետրվարի 9-ին Նագանո վարչական շրջանի Կոումի ավանում։ Տեղի հրաշալի կլիմայի և բնության շնորհիվ այս ավանը շատ արվեստագետներ է տվել։ Երկնքի, արևի և ամպերի տեսարանները, որ կարծես դարձել են Շինկայի այցեքարտը, ցույց են տալիս նրա հայրենի քաղաքի բնապատկերները։ Շինկայի ամենասիրելի անիմեն Հայաո Միյաձակիի «Լապուտա Երկնային դղյակն» է։ Շատերը Շինկային կոչել են Նոր Միյաձակի, սակայն ինքը Շինկայը համաձայն չէ այս համեմատության հետ, քանի որ համարում է, որ իրեն գերագնահատում են։ Նա նշել է, որ ցանկանում է ստեղծել գործեր, որոնց շփումը հանդիսատեսի հետ կտարբերվի Միյաձակիի գործերից։
1991 թվականին՝ ավագ դպրոցն ավարտելուց հետո, Շինկայն ընդունվում է Տոկիոյի «Չուո» համալսարանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է ճապոնական գրականությունը։ Դեռ հիմնական դպրոցում սովորելու տարիներին նա մեծ ցանկություն ուներ ստեղծելու մանգա, անիմե և րանոբե։ Ուսանողության տարիներին ապրում է Սայտամա վարչական շրջանում՝ Տոկիոյից ոչ շատ հեռու։ Իր հարցազրույցներից մեկում Շինկայը նշում է, որ սկզբում չէր սիրում Սայտաման, քանի որ քաղաքը կարծես կիսատ լիներ. այն ո՛չ արդյունաբերական քաղաք էր, ո՛չ մարդաշատ, ո՛չ էլ այնքան գեղեցիկ, որքան իր հարազատ Նագանոն։ Բայց ժամանակի հետ մեկտեղ նրա կարծիքը փոխվում է։
1994 թվականին, երբ ավարտում է համալսարանը, Մակոտո Շինկայն աշխատանքի է ընդունվում Մինորի ընկերությունում, որը թողարկում էր էրոտիկ-ռոմանտիկ բնույթի վիդեոխաղեր։ Այնտեղ նա 5 տարի աշխատում է որպես տեսահոլովակների դիզայներ, ինչպես նաև՝ վեբ-դիզայներ, և այդ տարիների ընթացքում հասցնում է նկարահանել մի շարք հետաքրքիր տեսահոլովակներ՝ խաղերի համար, բայց դրանք բոլորը շատ կարճ էին և չէին գոհացնում Շինկային։ Նա նպատակ ուներ ստեղծելու լիամետրաժ անիմե, որով ցույց կտար իր ինքնատիպությունն ու երևակայության հարստությունը։
1997 թվականից Շինկայն սկսում է ավելի շատ ազատ ժամանակ տրամադրել սեփական նախագծերի իրագործմանը։ 3D գրաֆիկան ուսումնասիրելու ժամանակ նա ստեղծում է «Մեկուսացած աշխարհը» (ճապ.` 囲まれた世界 Կակոմարետա Սեկայ, 1998) և «Ուրիշ աշխարհներ» (ճապ.` 遠い世界 Տոոյի Սեկայ, 1999) կարճամետրաժ անիմեները։ Շուտով լույս է տեսնում նրա երրորդ, հինգրոպեանոց գործը` «Նա և իր Կատուն» (ճապ.` 彼女と彼女の猫 կանոձյո-տո կանոձյո-նո նեկո, 1999)։ Այս ստեղծագործությունը բարձր հորիզոնականներ է զբաղեցնում մի քանի մրցույթներում, սակայն Շինկայի համար լավագույն մրցանակը CoMix Wave ընկերության և պարոն Հիրագավայի հետաքրքրությունն էր իրենով և իր աշխատաոճով. վերջինս էլ հենց դարձավ նրա պրոդյուսերը։ Սև-սպիտակ անիմեն ավելի հարում էր գրականությանը, քան ավանդական անիմացիային. հանդիսատեսը տեսնում է հասարակ մի քաղաքային աղջկա ամենօրյա կյանքը, լսում հերոսուհու տուն բերած և ընտելացրած կատվի մեկնաբանությունները, և այս ամենի ամբողջությունը ծնում է հիացնող պոետիկ միջավայր, ինչն այնքան բնորոշ է Շինկայի արվեստին։ Սկզբում ֆիլմը տարածվում էր հեղինակի վեբ-կայքի միջոցով` առանձին սկավառակներով, սակայն հենց CoMix Wave-ի օգնությամբ սկսում են մեծ տիրաժով թողարկվել ֆիլմի սկավառակները՝ մեկնաբանությունների գրքույկով։ Կատվի աչքերով պատմվող՝ աղջկա միայնության սրտաշարժ պատմությունը մի քանի հեղինակավոր մրցանակների է արժանանում, որոնց մեջ էր 2000 DoGA CG Animation փառատոնում գլխավոր մրցանակը։ Այդ պահից Շինկայը սկսում է ճանաչում ձեռք բերել։
2000 թվականից Շինկայը սկսում է նոր ծրագրեր մշակել՝ շարունակելով գրաֆիկական դիզայների աշխատանքը Falcom կազմակերպությունում։ Այդ տարվա հունիս ամսին էլ հենց նրա մոտ ծագում է նոր գլուխգործոց ստեղծելու գաղափարը։ Մի քանի ամիս անց Mangazoo կազմակերպությունը նրա հետ պայմանագիր է կնքում և տալիս հեղինակին դրամաշնորհ՝ «իր մտքերը շահութաբեր անիմեների վերածելու համար»։ Հաջորդ տարվա մայիսին Շինկայը թողնում է իր աշխատանքը և խորասուզվում անիմեի նկարահանումների մեջ, ինչը, իրա խոսքերով, խլում է իրենից իրական աշխատանքի 7 ամիս։ Դա «Հեռավոր աստղի ձայնը» (ճապ.` ほしのこえ Հոսի նո կոէ, բառացի` «աստղի ձայնը») անիմեն էր՝ պատմություն երկու սիրահար սրտերի մասին, որոնք բաժանված են մի ամբողջ տիեզերքով, անչափելի հեռավորությամբ և ժամանակով։ Նրանք շփվում են հեռախոսային կարճ հաղորդագրություններով, սակայն ինչքան որ նրանք հեռանում են միմյանցից (տղան Երկրի վրա է, աղջիկը՝ տիեզերքում), այնքան նրանց նամակներն ավելի դանդաղ են տեղ հասնում։ Սկզբում Շինկայը մտադրվել էր ստեղծել «Կատվի» պատմությանը համարժեք մի պատմություն, այսինքն՝ հանգիստ ֆիլմ, բայց պարոն Կամատան, ում կազմակերպած մրցույթում Շինկայը հաղթանակ է նվաճում, խորհուրդ է տալիս վերջինիս ավելի տպավորիչ գործեր ստեղծել։ Խաղարտադրող ընկերությունից հեռանալուց հետո Շինկայը դառնում է ազատ նկարիչ-մուլտիպլիկատոր։ Մի քանի անիմե-ընկերություններ հետաքրքրվում են նրա նոր աշխատանքով, սակայն Շինկայը մերժում է բոլոր առաջարկները, քանի որ նա ցանկանում էր հնարավորինս ինքնուրույն ավարտել անիմեն։ 25-րոպեանոց ֆանտաստիկ ֆիլմի պրեմիերան իսկական ցնցում է առաջ բերում։ Նրա ավարտը միանվագ ծափողջույններով է ուղեկցվում, իսկ հաջորդ առավոտյան Շինկայն արթնանում է արդեն համաշխարհային հռչակ ձեռք բերած. շնորհալի մուլտիպլիկատորը հայտնվում է նաև միջազգային մամուլի խոշորացույցի ներքո։ Որպես հետևանք՝ Սիմոկիձավա շրջանի պուճո~ւր-պուճուր Tollywood կինոթատրունում (ընդամենը 46-տեղանոց) պրեմիերայից մեկ ամիս անց ֆիլմն արդեն դիտել էին 3000 հոգի, իսկ ապրիլին լույս տեսած DVD սկավառակները 2003 թվականի հունվարին վաճառվել էին հիսունհազարանոց տիրաժով, այն դեպքում, երբ Ճապոնիայում անիմե-հրատարակման տիրաժը հինգից տասը հազար դիսկի է հասնում։ Տոկիոյի քաղաքապետարանը ֆիլմին հատուկ մրցանակ է շնորհում։ Նույնանուն մանգան թողարկվում է 2002 թվականին. սցենարիստը կրկին Շինկայն էր, իսկ նկարազարդումով զբաղվում է ճապոնացի մանգակ և նկարազարդող Միձու Սահարան (իրական անունը՝ Յումեկա Սումոմո)։
Սակայն փառքի դափնիների վրա հանգչելը Շինկայի համար չէր. 2004 թվականի նոյեմբերին էկրան է բարձրանում մեկուկես ժամ տևողությամբ նոր անիմեն, որ կոչվում էր «Ամպերից այն կողմ» (ճապ.` 雲のむこう、約束の場所 Կումո նո Մուկոու. Յակուսոկու նո Բաշո, բառացի` «Դեպի ամպերի մյուս կողմը. խոստացված վայրը»)։ Դա հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն էր։ Պատմությունը երկու տղաների և մի աղջկա մասին է, որ որոշում են ինքնաթիռ պատրաստել և հասնել խորհրդավոր աշտարակին՝ կանգնեցված արգելված հողի վրա, որը Խորհրդային Միությունը գրավել էր Ճապոնիայից (իրադարձությունները զարգանում են «այլընտրանքային իրականությունում»)։ Թեկուզ կերպարները նկարել է Ուսիո Տաձավեն, իսկ 3D-մոդելյոր Կաձունորի Տակադան՝ մտածել ինքնաթիռի դիզայնը, հեղինակը, ինչպես միշտ, գործի մեծ մասն իր վրա է վերցրել՝ նվազագույնի հասցնելով օգնականների աշխատանքը։
2007 թ.-ի մարտի 3-ին կայացավ Մակոտո Շինկայի երկրորդ լիամետրաժ ֆիլմի՝ «Հինգ սանտիմետր վայրկյանում» (ճապ.` 秒速5センチメートル Բյոշոկու Հո Սենտիմետորու) անիմեի ցուցադրումը։ Այն բաղկացած է 3 փոխկապակցված պատմություններից` «Հատված ծաղկող սակուրայի մասին», «Տիեզերագնացը» և «Հինգ սանտիմետր վայրկյանում»։ Կարելի է ասել, որ այս ֆիլմը դարձավ ռեժիսորի ամենահաջողված նախագիծը, որը մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացավ, այդ թվում՝ իտալական Future Film Festival-ի գլխավոր մրցանակը։ Սքրինշոտներին նայելիս հասկանում ես, թե ինչու է նման մի պատկեր նկարելու համար պահանջվում երբեմն մի քանի շաբաթ, իսկ Շինկայը ստեղծում է մի ամբողջ ֆիլմ։
Ամբողջ 2008 թվականը Շինկայն անցկացրեց Լոնդոնում, իսկ 2009 թվականից անցավ նոր նախագծի վրա կատարելիք աշխատանքներին։ 2011 թվականի մայիսի 7-ին Ճապոնիայի կինոթատրոններում ցուցադրվեց «Մոռացված ձայներ որսացողները» (ճապ.` 星を追う子ども Հոսի օ Օու Կոդոմո, բառացի` «Երեխաներ, որ աստղեր են որսում») նոր անիմեն։ Այս մեկը բավականին տարբերվում է նրա նախորդ աշխատանքներից. սյուժետն ավելի մռայլ է և իրադարձություններով հարուստ։ Ճապոնական մուլտիպլիկացիայի որոշ գնահատողներ համարեցին այն Միյաձակիին նմանակելու փորձ։ Ինքը Շինկայը հայտնեց, որ իր նախորդ աշխատանքներում նա պատմում էր նրանց մասին, ովքեր ստիպված են եղել բաժանվել իրենց համար թանկ մարդկանցից, և այժմ, զարգացնելով այս թեման, նա ցանկանում է ցույց տալ կորուստը հաղթահարելու ուղիները։ Ֆիլմն առաջադրվել է Asia Pacific Screen Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։
2013 թվականին թողարկվեց մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի անվանումը թարգմանվում է մոտավորապես «Բառերի այգին» կամ «Նրբագեղ բառերի այգին» (ճապ.` 言の葉の庭 Կոտոնոհա նո Նիվա)։ Շինկայի խոսքերով` նա առաջին անգամ ստեղծում է սիրո պատմություն՝ բառի ճապոնական հասկացողության տեսանկյունից։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Մեկուսացած աշխարհը» («Kakomareta Sekai») — 1998 թ. (կարճամետրաժ ֆիլմ)
- «Ուրիշ աշխարհներ» («Tooi Sekai») — 1999 թ. (կարճամետրաժ ֆիլմ, տևողությունը՝ 2 րոպե)
- «Նա և իր Կատուն» («Kanojo to Kanojo no Neko») — 1999 թ. (կարճամետրաժ ֆիլմ, 5 րոպե)
- «Հեռավոր աստղի ձայնը» («Hoshi no Koe») — 2002 թ. (կարճամետրաժ ֆիլմ, 25 րոպե)
- «Ժպիտ» («Egao») — 2003 թ. (կարճամետրաժ ֆիլմ, 2 րոպե)
- «Ամպերից այն կողմ» («Кumo no Mukō, Yakusoku no Basho») — 2004 թ.
- «Հինգ սանտիմետր վայրկյանում» («Byōsoku 5 Senchimētoru») — 2007 թ.
- «Կատուների հավաքույթը» («Neko no Shuukai») — 2007 թ. (կարճամետրաժ ֆիլմ, 1 րոպե)
- «Մոռացված բառեր որսացողները» («Hoshi o Ou Kodomo») — 2011 թ.
- «Ով է նայում» («Dareka no Manazashi») — 2013 թ. (կարճամետրաժ ֆիլմ)
- «Բառերի այգին» («Kotonoha no Niwa») — 2013 թ. մայիսի 3
- «Խաչմերուկ» («Crossroad») — 2014 թ. (կարճամետրաժ ֆիլմ, 2 րոպե)
- «Քո անունը» («Kimi no Na wa») — 2016 թ.