Մադրիգալ (գրականություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիգալ (այլ կիրառումներ)

Մադրիգալ (ֆր.՝ madrigal - «հովիվ», իտալ.՝ madrigale), դասական քնարերգության մեջ սիրային, կատակախառն բանաստեղծություն՝ նվիրված որևէ անձնավորության՝ գովերգող բովանդակությամբ։

Սկզբնապես եղել է Վերածննդի դարաշրջանի երաժշտաքնարերգական ժանրերից։ 14-16-րդ դդ. որպես կանոն բանաստեղծական մադրիգալներն ստեղծվում էին երաժշտական կերպավորման համար։ Ավելի ուշ գրական մադրիգալը չէր կապվում երաժշտության հետ և իրենից ներկայացնում էր սալոնային ու ալբոմային պոեզիայի առանձին ժանր։ Վերջինս բնութագրվում է չափազանցված դրական գծերով, որը հեգնական երանգ է տալիս բանաստեղծությանը[1]։ Եթե միջնադարում մադրիգալն ուներ կառուցվածքի որոշ կայուն հատկանիշներ, ապա նոր ժամանակների բանաստեղծների կողմից դրանք չեն պահպանվել։ Մադրիգալներ կարող են կոչվել Վահան Տերյանի «Կատվի դրախտ», Եղիշե Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքերի բանաստեղծությունները։ Օրինակ՝

Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ՜, տիկին։
(Տերյան)

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ -Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
(Չարենց)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 198-199.