Վալերիան Մադաթով
Վալերիան Մադաթով (Ռոստոմ Գրիգորի Մադաթյան, մայիսի 18 (29), 1782, Ավետարանոց[1] - սեպտեմբերի 4 (16), 1829, Շումեն, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն[1]), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ (29 սեպտեմբերի, 1826)։
Վալերիան Մադաթով | |
---|---|
մայիսի 18 (29), 1782 - սեպտեմբերի 4 (16), 1829 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Ավետարանոց[1] |
Մահվան վայր | Շումեն, Silistra Eyalet, Օսմանյան կայսրություն[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ[1], Ռուս-պարսկական պատերազմ և նապոլեոնյան պատերազմներ |
Պարգևներ |
1799 թվականին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը։ Մասնակցել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810)։ 1812 թվականի Հայրենական պատերազմում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար։ Պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում։ Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է։ Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
1816 թվականին Մադաթովը նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817 թվականից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ։ Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ Մադաթովի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826 թվականի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկական 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին։ Նրա զորքերը 1826 թվականի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկական նվաճողներից։ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մադաթովը կռվել է Դանուբյան բանակում։ Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղարական Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները։ Այստեղ Մադաթովը հիվանդացավ ու վախճանվեց։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում։
Գրականություն
խմբագրել- Կյանք գեներալ-լեյտենանտ Մատաթովին, Շուշի, 1870։
- Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894:
- Թերզիբաշյան Վ., Գեներալ-մայոր Վ. Գ. Մադաթով, Ե., 1942:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիան Մադաթով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։ |