«Ճերմակ օձը», գերմանական հեքիաթ մշակված Գրիմ եղբայրների կողմից։ Հայերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանը:

Ճերմակ օձը
ՀեղինակԳրիմ Եղբայրներ
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Լեզուհայերեն
Թարգմանիչ հայերենՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանՃերմակ օձը

Պատմություն խմբագրել

Դեռևս 1913 թվականին, մայիսի 27–ին Կովկասի հայոց հրատարակչական ընկերության խմբագրական մասնաժողովի նիստում, որին, բացի Հովհ. Թումանյանից, մասնակցում էին նաև Գյուտ քահանա Աղանյանը (ընկերության խմբագրական մասնաժողովի նախագահ), Իս. Հարությունյանը, Մ. Ավետիսյանը, Հ. Սուրխաթյանը, Դ. Դեմիրճյանը և ուրիշներ, հարց է բարձրացվում մանկական գրականություն հրատարակելու և գրողների ու հրատարակչական ընկերությունների միջև սերտ կապեր ստեղծելու մասին։ Նույն տարվա նոյեմբերի 11–ի նիստի արձանագրությունից պարզվում է, որ արդեն Թումանյանի հետ բանակցություններ են սկսվել, մասնավորապես Գրիմ եղբայրների հեքիաթների հրատարակության համար։

1913 թվականի մայիսի 28–ին Ընկերության խորհուրդը որոշել է հրատարակության ընդունել Թումանյանի թարգմանած՝ Գրիմի հեքիաթները։ Գրիմների հեքիաթներից Թումանյանը թարգմանել է ինը՝ «Անտառի տնակը», «Լուսերեսն ու Վարդերեսը», «Սագարած աղջիկը», «Զարմանալի աշուղը», «Գորտը», «Հենզելն ու Գրետելը», «Կարմրիկը», «Մոխրոտը», «Ճերմակ օձը»։

Թումանյանի թարգմանությունները լույս տեսան երեք գրքույկով.

Գրիմ եղբայրների հեքիաթները, թարգմ. Հովհաննես Թումանյան, Թիֆլիս, Կովկասի. հայոց հրատարակչական ընկերության հրատարակություն, 1914–1915։

Պր. 1. Լուսերեսն ու Վարդերեսը, Սագարած աղջիկը, Զարմանալի աշուղը, 32 էջ։

Պր. 2. Գորտը, Անտառի տնակը, Հենզելն ու Գրետելը, 28 էջ։

Պր. 3. Կարմրիկը, Մոխրոտը, ճերմակ օձը, 30 էջ[1]։

Սյուժե խմբագրել

Մի թագավոր է լինում, որը շատ իմաստուն էր և ոչ մի բան նրանից թաքուն չէր մնում։ Սակայն նա մի գաղտնիք ուներ։ Ամեն առավոտ ծառան փակ ամանով ինչ-որ բան էր բերում, որը թագավորը բացում էր միայն նրա հեռանալուց հետո։ Այս ծառան մի օր չի դիմանում, ծածուկ բացում է ափսեն ու տեսնում եփված ճերմակ օձ։ Մի կտոր ուտում է ու սկսում հասկանալ կենդանիների լեզուն։ Մի օր նրան սկսում են կասկածել թագուհու մատանին գողանալու մեջ, իսկ նա պատահաբար լսում է բադերի զրույցը և իմանում, որ բադերից մեկն է կուլ տվել մատանին։ Մորթել է տալիս ու ապացուցում իր անմեղությունը։ Թագավորն էլ իր կասկածամտության մեղքը քավելու համար տալիս է ձի ու փող։ Ծառան գնում է ճամփորդության։ Ճանապարհին օգնում է ցամաքում հայտնված խեղդվող ձկներին, մրջյուններին ու ագռավի սոված ճուտերին։ Վերջիններս խոստանում են իրենց հերթին օգնել ծառային։

Երիտասարդը հասնում է մի քաղաք։ Քաղաքի թագավորը հայտարարում է, որ ով ուզում է իր աղջկա հետ ամուսնանալ, պետք է դժվար գործ անի կամ էլ եթե չկարողանա, կսպանեն։ Տղան սիրահարվում է աղջկան ու համաձայնվում։

Մատանի են նետում ծովը, որ տղան հանի կամ թե խեղդվի ծովում։ Տղային օգնում են ձկները՝ մատանին ետ բերելով։ Հետո արքայադուստրն է տասը տոպրակ կորեկ շաղ տալիս այգում, որ տղան հավաքի։ Այս անգամ էլ օգնում են մրջյունները։ Վերջը թագավորի աղջիկը կյանքի ծառի խնձորն է ուզում։ Տղան շատ է փնտրում ու չի գտնում։ Երբ մի ծառի տակ հոգնած քնում է, վերևից ագռավները ոսկի խնձոր են գցում։

Ոսկի խնձորը տանում է արքայադստերն է տալիս։ Միասին ուտում են, իրար հետ ամուսնանում ու մինչև ծերություն ապրում բախտավոր։

Հերոսներ խմբագրել

  • Թագավորի ծառա,
  • արքայադուստր,
  • թագավոր,
  • ձկներ,
  • մրջյուններ,
  • ագռավներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1994). «Երկերի լիակատար ժողովածու, Հատոր 5-րդ». Երևան: ՀՀ ԳԱԱ. «Գիտություն» հրատարակչություն. էջեր 796–798.