Ճապոնական տնտեսական հրաշք

Ճապոնական տնտեսական հրաշք (ճապ.՝ 高度経済成長), ճապոնական տնտեսության ռեկորդային աճի պատմական ֆենոմեն, որ սկսվել է 1950-ական թվականների կեսերից և շարունակվել է մինչև 1973 թվականի նավթային ճգնաժամը։ Տնտեսության աճը «ճապոնական տնտեսական հրաշքի» շրջանում կազմել է տարեկան մոտ 10 %. դա ժամանակի զարգացած երկրների տնտեսական աճի ամենաբարձր տեմպն է եղել։ Հրաշքի պատճառներից են եղել ցածր հարկերը, ճապոնական գիտության կողմից նոր տեխնոլոգիաների յուրացումը, այն տեղեկատվությունը, որը մինչև Երկրորդ աշխարհամարտը Ճապոնիա գրեթե չի ներթափանցել իշխանությունների վարած մեկուսացման քաղաքականության պատճառով։

Տոկիոյի կենտրոնը

Աճի սրընթաց տեմպերը կարճ ժամանակաշրջանում Ճապոնիային թույլ են տվել ոչ միայն ամբողջությամբ վերականգնվել պատերազմում կրած պարտությունից հետո, այլև տնտեսական հզորությամբ երկրորդ տեղը զբաղեցնել՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և շրջանցելով Ֆրանսիային, Իտալիային, Կանադային, Մեծ Բրիտանիային, Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, ԽՍՀՄ-ին[1][2]։ Ճապոնիայի տնտեսությունը երկրորդն է համարվել աշխարհում շուրջ 40 տարի՝ 1968 թվականից սկսած, և միայն 2010 թվականին է իր տեղը զիջել Չինաստանին[3]։

Տնտեսական հրաշքի ընթացքում Ճապոնիայի տնտեսությանը բնորոշ գծերն են եղել.

  • Արդյունաբերողների, ռեսուրսների մատակարարների, բանկերի միավորումը սերտորեն կապված խմբերում, որ կոչվել են կեյրեցու։
  • Գործարարների և կառավարության փոխշահավետ հարաբերությունները
  • Խոշոր ընկերություններում ցմահ վարձման համակարգ
  • Արհմիությունների ակտիվ շարժումը։

Տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեյ Բելոուսովը հրաշքի ավարտը վերագրում է 1985 թվականին, երբ Ճապոնիան ստորագրել է Պլազայի հայտնի համաձայնագիրը (անվանումն առաջացել է այն հյուրանոցի անվանումից, որտեղ ստորագրվել է համաձայնագիրը), որի արդյունքում իենը աճել է 1.5 անգամ, իսկ Ճապոնիայում տնտեսական աճն անկում է ապրել՝ 8 %-ից հասնելով 2 %-ի[4]։

«Ոսկե վաթսունականներ» խմբագրել

1955-1961 թվականների տնտեսական արագ աճը ուղի է հարթել այսպես կոչված «ոսկե վաթսունականների» համար, որի երկրորդ կեսը ասոցացվում է «ճապոնական տնտեսական հրաշքին»։ 1964 թվականին Ճապոնիայում նկատվել է տնտեսական կայուն աճ, սակայն 1964 թվականին ամեն ինչ փոխվել է, և ՀՆԱ-ի աճի տեմպը սկսել է արագ կրճատվել։ Ի պատասխան ստեղծված իրադրության՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել ռեցեսիան (հետընթաց) կանխելու։ 1965 թվականին ճապոնական անվանական ՀՆԱ-ն գնահատվել է ավելի քան 91 միլիարդ դոլար։ 15 տարի անց՝՝ 1980 թվականին, անվանական ՀՆԱ-ն հասել է ռեկորդային բարձունքի՝ 1.065 տրիլիոն դոլարի

Պատճառներ խմբագրել

  • Ամերիկյան օկուպացիա
  • Էժան աշխատուժ
  • Վստահություն բանկային համակարգի նկատմամբ
  • Արտաքին առևտրի վերահսկողություն
  • Արտահանմանը մեծ կարևորության հատկացում
  • Ազգային արտադրողին սատարում
  • Քաղաքական կայութնություն
  • Ճապոնական գիտության կողմից նոր տեխնոլոգիաների յուրացում։

Արևելագետ Վսեվոլոդ Օվչիննիկովը նշել է. «Պատերազմից հետո ճապոնացիները համոզել են ամերիկացիներին, որ իրենք կվերակազմավորեն իրենց ծայրաստիճան ռազմականացված տնտեսությունը։ Սակայն, ըստ էության, այն այդպես էլ մնաց պետական կապիտալիստական։ Ճապոնական հրաշքի էությունը գերագույն իշխանության և խոշոր բիզնեսի փոխադարձ վստահությունն է։ Ճապոնիայում պետությունը խոշոր բիզնեսի հետ համատեղ մշակել է տնտեսական ռազմավարությունը։ Նրանք հստակ տարորոշել են երկրի զարգացման առաջնությունները։ Առաջին փուլում շեշտը դրվել է մետալուրգիայի, նավաշինության և նավթաքիմիայի վրա։ Ստեղծվել է աշխարհում ամենից առաջատար մետալուրգիան, սկսել են ձուլել մոտ 400 միլիոն տոննա պողպատ։ Ճապոնիան վերածվել է աշխարհում խոշորագույն նավաշինական գերտերության, կառուցվել են 200-300 հազար տոննա տարողունակությամբ տանկերներ։ Որպեսզի նավթն իրենց մոտ վերամշակեն, սկսել են զարգացնել նավթաքիմիան։ Երկրորդ փուլում առաջնությունը տրվել է կենցաղային էլեկտրատեխնիկային և ավտոմոբիլաշինությանը։ Պետք էր կոտրել ձևավորված կարծրատիպը. մինչև 1960-ական թվականները ճապոնական ապրանքները եղել են էժան, սակայն ոչ որակյալ։ Իրանց արտադրած հեռուստացույցների, տրանզիստորների, հետագայում ավտոմեքենաների վրա ներդրած մեծ ջանքերի գնով նրանք համոզել են աշխարհին, որ ճապոնական նշանակում է որակյալ»[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ellington, Lucien (September 2004). «Learning from the Japanese Economy». Japan Digest (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  2. История Японии 1868-1998 / Глав ред. А. Е. Жуков. — Институт Востоковедения РАН, 1998. — Т. 2. — С. 579. — ISBN 5-89282-073-4
  3. «Как относиться к тому, что Япония уступила Китаю вторую позицию в мировой экономике? («Жэньминь жибао», Китай): Голос России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Будущий глава Центробанка Эльвира Набиуллина определилась с курсовой политикой — Газета. Ru | Бизнес
  5. «Психологическая газета: МЫ и МИР | Слагаемые успеха восточно-азиатского чуда». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել