Ճանապարհորդություն դեպի Էրզրում

«Ճանապարհորդություն դեպի Էրզրում» (ռուս.՝ «Путешествие в Арзрум», ենթավերնագրի հետ՝ «Ճանապարհորդություն դեպի Էրզրում 1829 թվականի արշավանքի ժամանակ», ռուս.՝ «Путешествие в Арзрум во время похода 1829 года»), Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունը, որը գրվել է ուղեգրության ժանրում 1829-1835 թվականներին։ Տպագրվել է «Սովրեմեննիկի» 1836 թվականի առաջին համարում[1]։

Ճանապարհորդություն դեպի Էրզրում
ռուս.՝ Путешествие в Арзрум во время похода 1829 года
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրճամփորդական գրականություն
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունՍովրեմեննիկ
Հրատարակվել է1836

Ստեղծման պատմություն

խմբագրել

1828 թվականի ապրիլին սկսված ռուս-թուրքական հերթական պատերազմին Պուշկինը և նրա ընկեր Վյազեմսկին արձագանքել են ոգևորությամբ, չնայած նամակագրության մեջ նրանք այն բնութագրել են «որպես պետական գործ, այլ ոչ թե հայրենական», ի տարբերություն 1812 թվականի պատերազմի։ Երկուսն էլ դիմումներ են գրել իրենց գործող բանակում ընդգրկելու համար, բայց երկուսն էլ մերժվել են։ Մերժման հաջորդ իսկ օրը Պուշկինը պահանջել է արտասահման՝ Փարիզ մեկնելու իրավունք «6-7 ամսով», բայց նրան դա նույնպես մերժել են[1]։

Այս իրադարձություններից հետո եղել է դադար, մինչև 1829 թվականի մայիսին Պուշկինն իր գնած ուղեգրով (մինչև Թիֆլիսը) մեկնել է Կովկաս։ Ճանապարհին նա կանգ է առել պաշտոնաթող գեներալ Երմոլովի մոտ, իսկ Կովկասում նրան թույլ են տվել այցելել Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար կոմս Պասկևիչին և թույլ են տվել մնալ ճակատային գոտում։ Գուցե նման աջակցության դիմաց Պուշկինից ակնկալել են պատերազմի հայրենասիրական նկարագրություններ, ինչի մասին վկայում է հետագայում Բուլգարինի հիասթափված արձագանքը («Северная пчела», 1830, № 35).

Մենք կարծում էինք, որ «Ռուսլան և Լյուդմիլայի» հեղինակը ձգտում էր դեպի Կովկասի, որ տոգորվի պոեզիայի բարձր զգացումներով, ձեռք բերի նոր տպավորություններ և քաղցր երգերում սերունդներին փոխանցի ռուս ժամանակակից հերոսների մեծ սխրանքները։ Մենք կարծում էինք, որ Արևելքում տեղի ունեցած մեծ իրադարձությունները, որոնք զարմացրել են աշխարհին և բոլոր լուսավոր ժողովուրդներին ստիպել հարգել Ռուսաստանին, կարթնացնեին մեր բանաստեղծների հանճարը, և մենք սխալվեցինք։

Ուղևորությունից Պուշկինը վերադարձել է մի շարք ճանապարհորդական գրառումներով և երկու բանաստեղծություններով («Из Гафиза» և «Делибаш»): Ճամփորդական նշումների մի մասից նա քիչ անց կազմել է «Վրացական ռազմական ճանապարհ» (ռուս.՝ «Военная Грузинская Дорога») էսսեն (հրատարակվել է 1830 թվականին «Լիտերատուրնայա գազետայում») և ուղևորության թեմայով ուրիշ հրապարակումներ երկար ժամանակ չի արել[1]։

Պուշկինը 1829 թվականի իր ուղևորության թեմային նորից անդրադարձել է 1835 թվականին և մանրամասն բացատրել է դրա պատճառները հատուկ գրված նախաբանում։ Այդ տարի լույս է տեսել ֆրանսիացի դիվանագետ Վիկտոր Ֆոնտանիեի հուշերի հերթական հատորը՝ «Ֆրանսիայի կառավարության հանձնարարությամբ ձեռնարկված ուղևորություններ դեպի արևելք» (ֆր.՝ Voyages en Orient, entrepris par ordre du gouvernement français)։ Ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների նկարագրության մեջ նշվում է, որ «մի բանաստեղծ, որը հրաշալի է իր երևակայությամբ, այնքան փառավոր արարքների մեջ, որոնց ականատես է եղել, գտել է սյուժե ոչ թե բանաստեղծության, այլ երգիծանքի համար (մաս V[2]ֆր.՝ <…> un poète distingué par son imagination a trouvé dans tant de hauts faits dont il a été témoin, non le sujet d'un poème, mais celui d'une satire)։ Ֆոնտաինեն ուղղակիորեն չի նշել, թե մասնավորապես ում նկատի ունի, բայց Պուշկինը դա հասկացել է որպես իր մասին ակնարկ և լիովին լուրջ է վերաբերվել այդ հարցին։ Ուստի նա հավաքել է «այն ամենը, ինչ ես գրել էի 1829 թվականի արշավանքի մասին», ներառելով այնտեղ նաև նախկինում հրապարակված «Վրացական ռազմական ճանապարհ» էսսեն և հրապարակել է նշված նախաբանով[1]։

Բովանդակություն

խմբագրել

«Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործությունը պատմվածքն է այն ճանապարհորդության մասին, որը հեղինակը կատարել է 1829 թվականին Իվան Պասկևիչի բանակի հետ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Պուշկինը խոսում է մարտական գործողությունների, Պասկևիչի ու Երմոլովի հետ իր հանդիպումների, այն մասին, թե ինչպես է տեսելամբոխի կողմից սպանված Գրիբոյեդովի մարմինը տեղափոխող սայլը։ «Պուշկինի էսսեում (և այստեղ նա շատ մոտ է Գրիբոյեդովին) մեր առջև ոչ թե խանդավառ և զգայուն ճանապարհորդ է, այլ մտածող, որն ազատորեն իր ուշադրությունը տեղափոխում է մի առարկայից մյուսին»[3]։ Երբեմն հետազոտողների կողմից հարց է բարձրացվում, թե Պուշկինի մտահղացմամբ որքանով են համընկնում ստեղծագործության հեղինակը և գլխավոր հերոսը[4]։

Նշանակություն

խմբագրել

«Ճանապարհորդությունը...» Պուշկինի կողմից արևելյան թեմայի զարգացման արդյունքն էր։ Այն կարևոր դեր է խաղացել 19-րդ դարի դասական ռուս գրականության մեջ Արևելքի կերպարի ձևավորման գործում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Тынянов Ю. Н. О «Путешествии в Арзрум» // Пушкин: Временник Пушкинской комиссии. — М.: Изд-во АН СССР, 1936. — В. 2. — С. 57—73.
  2. Glasberg V. Pushkin and V. Fontanier(անգլ.) // The Slavonic and East European Review. — 1936. — Т. 14. — № 41. — С. 436—437.
  3. Костелянец Б. О. Русский очерк // Русские очерки. — Худлит. — М., 1956. — Т. 1. — С. XXII—XXV.
  4. 4,0 4,1 Алексеев П. В. Ориентализация пространства в «Путешествии в Арзрум» А. С. Пушкина // Вестник Томского государственного университета. — 2014. — № 382. — С. 5—12.

Գրականություն

խմբագրել