Հոմոցիստեին, HSCH2CH2CH(NH2)CO2H բանաձևով ոչ սպիտակուցածին α-ամինաթթու։ Ցիստեին ամինաթթվի հոմոլոգն է, որից տարբերվում է մեկ մեթիլենային խմբով։ Հոմոցիստեինի կենսասինթեզը իրականացվում է մեթիոնինից՝ Cε մեթիլ խմբի հեռացման միջոցով։ Այն կարող է դարձելիորեն փոխարկվել մեթիոնինի B խմբի վիտամինների օգնությամբ։

Հոմոցիստեին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₉NO₂S
Մոլային զանգված2,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան232 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար454-29-5
PubChem778, 49791978
EINECS համար207-222-9
SMILESC(CS)C(C(=O)O)N
ЕС207-222-9
ChEBI757
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հոմոցիստեինի բարձր քանակությունը արյան մեջ (հիպերհոմոցիստեինեմիա) կարող է բերել էնդոթելային բջիջների վնասման, որն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ պսակային զարկերակային հիվանդության զարգացման։

Հիպերհոմոցիստեինեմիան ասոցացվում է նաև արյան մակարդուկների՝ թրոմբների առաջացման, սրտամկանի ինֆարկտի, հղիության ընդհատման[2] և պտղի նյարդային խողովակի ձևավորման խանգարումների հետ[3]։

Կենսասինթեզ և կենսաքիմիական դեր

խմբագրել

Հոմոցիստեինը չի պարունակվում սննդի մեջ և նրա սինթեզը օրգանիզմում իրականացվում է մեթիոնինի բազմափուլ փոխարկմամբ։ Սկզբում մեթիոնինը ԱԵՖ-ից ստանում է ադենոզին խումբը՝ առաջացնելով S-ադենոզիլմեթիոնին (SAM): Այնուհետև ցիտինոզիլ-5-մեթիլտրանսֆերազ ֆերմենտի մասնակցությամբ SAM-ի մեթիլ խումբը տեղափոխվում է ԴՆԹ-ի ցիտոզին նուկլեոտիդի վրա՝ առաջացնելով ադենոզիլհոմոցիստեին։ Վերջում ադենոզիլհոմոցիստեինազա ֆերմենտի մասնակցությամբ տեղի է ունենում ադենոզիլհոմոցիստեինի հիդրոլիզը և առաջանում է հոմոցիստեին։

Ցիստեինի կենսասինթեզ

խմբագրել
 

Կաթնասունների օրգանիզմում ցիստեին ամինաթթուն սինթեզվում է հոմոցիստեինից։ Ցիստաթիոնին β-սինթազ ֆերմենտի մասնակցությամբ տեղի է ունենում սերինի և հոմոցիստեինի կոնդենսացիա, որի արդյունքում առաջանում է ցիստաթիոնին։ Այս ռեակցիան մասնակցում է նաև պիրիդօքսինը (վիտամին B6): Այնուհետ ցիստաթիոնին γ-լիազ ֆերմենտը քայքայում է այս դիպեպտիդը՝ առաջացնելով ցիստեին, ամոնիակ և α-կետոբութիրատ։ Բակտերիաների և բույսերի մոտ ցիստեինի սինթեզը մի քիչ այլ ճանապարհով է ընթանում և որպես ցիստեինի սինթեզի աղբյուր օգտագործվում է ο-ացետիլսերինը[4]։

Հոմոցիստեինի մակարդակ

խմբագրել

Հոմոցիստեինի մակարդակը սովորաբար տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց մոտ և տարիքին զուգընթաց այն բարձրանում է։ Մինչև սեռական հասունացումը աղջիկների և տղաների մոտ հոմոցիստեինի մակարդակը գրեթե նույնն է (մոտ 5 մկմոլ/լ)։ Սեռական հասունացման շրջանում հոմոցիստեինի մակարդակը բարձրանում է մինչև 6-7մկմոլ/լ. տղաների մոտ հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը ավելի արտահայտված է, քան աղջիկների մոտ։ Մեծահասակների մոտ հոմոցիստեինի մակարդակը կազմում է 10-11 մկմոլ/լ, տղամարդկանց մոտ այն փոքր-ինչ բարձր է, քան կանանց մոտ։ Տարիքին զուգընթաց հոմոցիստեինի մակարդակը բարրձրանում է, ընդ որում կանանց մոտ բարձրացումը ավելի մեծ տեմպով է տեղի ունենում,քան տղամարդկանց մոտ։ Հոմոցիստեինի մակարդակի աստիճանաբար բարձրացումը կապում են երիկամների ֆունկցիայի նվազման հետ, իսկ տղամարդկանց մոտ ավելի բարձր մակարդակը բացատրվում է ավելի շատ մկանային զանգվածի առկայությամբ։

Արյան մեջ հոմոցիստեինի չափաքանակ
Սեռ Տարիք Նվազագույն

արժեք

Առավելագույն

արժեք

Չափման

միավոր

նորմայից բարձր
Կանայք 12–19 տարեկան 3.3[5] 7.2[5] μմոլ/լ > 10.4 μմոլ/լ
կամ
> 140 μգ/դլ
45[6] 100[6] μգ/դլ
>60 տարեկան 4.9[5] 11.6[5] μմոլ/լ
66[6] 160[6] μգ/դլ
Տղամարդիկ 12–19 տարեկան 4.3[5] 9.9[5] μմոլ/լ > 11.4 μմոլ/լ
կամ
> 150 μգ/դլ
60[6] 130[6] μգ/դլ
>60 տարեկան 5.9[5] 15.3[5] μմոլ/լ
80[6] 210[6] μգ/դլ

Հղիության ընթացքում հոմոցիստեինի մակարդակը աստիճանաբար նվազում է։ Նվազեցումը տեղի է ունենում առաջին և երկրորդ եռամսյակի միջև և մնացած ժամանակահատվածում մնում է համեմատաբար հաստատուն մակարդակի վրա։ Հոմոցիստեինի նորմալ մակարդակը վերականգնվում է ծննդաբերությունից 2-4 օր հետո։

Հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը կապված է նաև որոշ վիտամինների պակասի հետ, հատկապես ֆոլաթթվի, B1, B6 և B12 վիտամինների դեֆիցիտի դեպքում[7]։

Առողջության վրա ազդեցություն

խմբագրել

Կուտակվելով օրգանիզմում՝ հոմոցիստեինը սկսում է «հարձակվել» զարկերակների էնդոթելով ծածկված ներքին պատերի վրա։ Տեղի է ունենում էնդոթելի վնասում, որը նպաստում է թրոմբների և աթերոսկլերոտիկ թիթեղների առաջացմանը։

Հոմոցիստեինի բարձր քանակով մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության և ծերունական տկարամտության զարգացման վտանգը անհամեմատ բարձր է։ Հոմոցիստեինեմիայի և շաքարային դիաբետի համադրման դեպքում առաջանում են անոթային խնդիրներ՝ պերիֆերիկ անոթների հիվանդություններ, նեֆրոպաթիա, ռետինոպաթիա և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 DL-Homocysteine
  2. Nelen WL, Blom HJ, Steegers EA, den Heijer M, Thomas CM, Eskes TK (2000). «Homocysteine and folate levels as risk factors for recurrent early pregnancy loss». Obstet Gynecol. 95 (4): 519–24. doi:10.1016/s0029-7844(99)00610-9. PMID 10725483.
  3. van der Put NJ et al Folate, Homocysteine and Neural Tube Defects: An Overview Արխիվացված 2015-09-16 Wayback Machine Exp Biol Med (Maywood) April 2001 vol. 226 no. 4 243-270
  4. Nelson, D. L.; Cox, M. M. "Lehninger, Principles of Biochemistry" 3rd Ed. Worth Publishing: New York, 2000. 1-57259-153-6.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Homocysteine». www.thedoctorsdoctor.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Derived from molar values using molar massof 135 g/mol
  7. «Гомоцистеин / Интерпретация результатов лабораторных исследований. Справочник. // Сайт uMed.in.ua». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.