Հողմատակ կղզիներ, Հարավ-Անտիլյան կղզիներ, Փոքր Անտիլյան կղզիների հարավային մասը Կարիբյան ծովում։ Բաղկացած են Արուբա, Կյուրասաո, Բոնեյրե (պատկանում են Նիդերլանդներին), Ավես, Լոս Ռոկես, Օրչիլա, Բլանկիլիա և Լոս Էրմանոս (պատկանում են Վենեսուելային) կղզիներից։ Տարածությունը 1200 կմ² է, բնակչությունը՝ 230 հազար մարդ (1972 թվական)։ Կղզիների մեծ մասն ունի հրաբխային ծագում, ծածկված է չոր անտառներով ու թփուտներով։ Մշակում են սորգո, բաթաթ, բանան։ Կյուրասաո և Արուբա կղզիներում կան նավթավերամշակման գործարաններ, Լոս Ռոկես և Օրչիլա կղզիների մոտ՝ մարգարտի հանույթ։ Առավել խոշոր քաղաքն ու նավահանգիստը Վիլլեմստադն է։ Անվանումը բացատրվում է հյուսիսարևելյան պասսատների ազդեցության տակ գտնվելու հանգամանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 537