Հոլոքոստը Մոլդովայում, հրեաների ու գնչուների հալածանքներն ու ոչնչացումը ռումինական օկուպացիայի ընթացքում՝ 1941 թվականի հուլիսի 26-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 26-ը, Մոլդովական ԽՍՀ տարածքում։ Օկուպացված տարածքում՝ այսպես կոչված Տրանսնիստրիայում, ստեղծվել են գետտոներ ու համակենտրոնացման ճամբարներ, որտեղ սպանվել կամ սովից, ցրտից ու հիվանդություններից մահացել է ավելի քան 300 հազար հրեա և 50 հազար գնչու։ Ժամանակակից Մոլդովայում այդ թեման մնում է բանավեճի առարկա, քանի որ ազգայնականները ժխտում են ցեղասպանությունը կամ դրա մեղքը բարդում զոհերի վրա։

Հրեաները Մոլդովայում նախքան պատերազմը խմբագրել

Նախքան 1940 թվականը Խորհրդային Միությունում՝ Ուկրաինայի կազմում, գոյություն է ունեցել Մոլդովական ԻԽՍՀ։ Նրա հրեա բնակիչների թիվը, ըստ 1939 թվականի մարդահամարի տվյալների, կազմել է 37 035 մարդ։ 1940 թվականին ԽՍՀՄ-ը բռնակցել է Բեսարաբիան ու Հյուսիսային Բուկովինան։ Նրանք միացվել են Մոլդովական ԻԽՍՀ հետ և կազմավորվել է Մոլդովական ԽՍՀ Քիշնև մայրաքաղաքով։ Բեսարաբիայում 1940 թվականին, ըստ գնահատողական տվյալների, ապրել է շուրջ 300 հազար հրեա (1930 թվականի մարդահամարի տվյալներով՝ 206 958), ներառյալ Ռումինիայի այլ շրջաններից եկած փախստականները[1]։

Բեսարաբիայում գոյություն ունեցած հրեական հասարակական ու քաղաքական կազմակերպությունները տարածաշրջանի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո փակվել են, սիոնիստական գործունեությունն արգելվել է, իսկ եբրայերենով դպրոցները՝ լիկվիդացվել։ Իդիշով մշակույթը հալածանքների չի ենթարկվել։ 1940-1941 թվականներին Մոլդովայից հազարավոր հրեաներ աքսորվել են Սիբիր[1]։

Մոլդովայի օկուպացիա խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց՝ 1941 թվականի հուլիսի 26-ին, Կարմիր բանակը հեռացել է Մոլդովայի տարածքից, որն օկուպացվել է գերմանական ու ռումինական զորքերի կողմից։

Օկուպացիոն ռեժիմն իրականացրել է ռումինական իշխանությունը։ Մոլդովայի տարածքը բաժանվել է ժուդեցների (գավառներ)։ Մեծ Ռումինիայի տարածքում ընդգրկվել են 1940 թվականին ԽՍՀՄ-ին անցած տարածքները՝ Բեսարաբիան ու Հյուսիսային Բուկովինան, որոնցից ձևավորվել է Բեսարաբիայի նահանգապետությունը Քիշնև մայրաքաղաքով։ Ստեղծվել է նաև Բուկովինայի նահանգապետությունը Չերնովցի մայրաքաղաքով։ Նախկինում Ռումինիայի կազմում չընդգրկված տարածքները կոչվել են Տրանսնիստրիայի նահանգապետություն։

Տրանսնիստրիաի սահմանն անցել արևմուտքում Դնեստր, արևելքում՝ Հարավային Բուգ գետերով։ Հարավում տարածաշրջանի ափերը ողողել է Սև ծովը, իսկ հյուսիսում նրա սահմանն անցել է Լյադովա և Ռով գետերով։ Տրանսնիստրիայի մայրաքաղաքն սկզբում եղել է Տիրասպոլը, հետագայում՝ Օդեսան[2]։ Օկուպացված տարածքում բնակվել է 230-250 հազար մոլդովացի հրեա[3]։

Գետտոների ու համակենտրոնացման ճամբարների ստեղծում, զանգվածային գնդակահարություններ խմբագրել

 
Ռումինացիները հրեա պարտիզաններին ու նրանց ընտանիքի անդամներին տանում են հավաքավայր
 
Ճաշ Քիշնևի գետտոյում
 
Կանայք Քիշնևի գետտոյից

1941 թվականի հուլիսի 17-ին ռումինացի դիկտատոր Յոն Անտոնեսկուն, որ այդ օրը գտնվում էր Բելցիում, հրամայել է Բեսարաբիայի ողջ տարածքում ստեղծել համակենտրոնացման ճամբարներ ու գետտոներ[4]։ Նույն թվականի օգոստոսին Բեսարաբիայի տարածքում ստեղծվել է 49 ճամբար և գետտո[5]։ Նրանցից խոշորագույններն էին Վերտյուժանիի ճամբարը՝ 23 000 մարդ, Սեկուրենիի ճամբարը՝ 20 000 մարդ և Եդինցիի ճամբարը՝ 13 000 մարդ։ Հրեաների հետ միասին այդ ճամբարներում տեղավորվել են գնչուներ, ընդհանուր առմամբ՝ 36 000 մարդ։ Այդ գնչուներից միայն 6100-ն է եղել Բեսարաբիայից, իսկ մյուսները բերվել են Ուկրաինայից ու Ռումինիայից։ Տիրասպոլի մոտ ռումինական իշխանությունների հրահանգով կենտրոնացվել են 300 հազար գնչուներ ոչ միայն Մոլդովայից, այլև Ուկրաինայից ու Ռումինիայից[6]։ Այդ ճամբարներում իրականացվել են կալանավորների զանգվածային սպանություններ։

Քիշնևում ստեղծվել է գետտո, որի սահմաններն անցել են Խառլամպիևսկի, Կոժուխարսկի, Վոզնեսենսկի ու Պավլովսկի փոողոցներով։ գետտոյում կարող էր գտնվել մինչև 11 հազար հրեա։ Նրանց մի մասին ռումինացի զինվորները գնդակահարել են Վիստերնիչենիում, Գոդիգիչում և Օրգեևսկի մայրուղում։ Հրեա բնակչության զանգվածային գնդակահարություններ են իրականացվել Մոլդովայի ողջ տարածքում։ Կոսոուցկի անտառում սպանվել է 6000 մարդ, Վերտյուժանիի մոտի համակենտրոնացման ճամբարում՝ 7560 հրեա, իսկ Դուբոսարիում ռումինացիները գնդակահարել են 12 000 մարդ[4]։

Հրեաների տեղափոխումը Տրանսնիստրիա խմբագրել

Տրանսնիստրիայի ստեղծումից հետո ռումինական կառավարությունը որոշում է ընդունել Բեսարաբիայի բոլոր հրեաներին տեղափոխել Դնեստրի մյուս ափ։ Սեպտեմբերի 7-ին ճամբարների ղեկավարներին ուղարկվել է հրահանգ այն մասին, թե ինչպես անցկացնեն տեղահանությունները։ Ըստ դրա՝ հրեաներին պետք է հավաքեին շարասյուներով ռումինացի զինվորների հսկողությամբ և հետիոտն ուղարկեին նախապես որոշված երթուղով։ Ամեն 10 կմ-ի վրա փորվել է մոտ 100 մարդու համար նախատեսված փոս։ Այն հրեաները, որոնք չեն կարողացել քայլել, գնդակահարվել են, իսկ նրանց մարմինները նետվել են այդ փոսերը[4]։

Բեսարաբիայից հրեաների տեղահանությունն սկսվել է 1941 թվականի սեպտեմբերի 15-ին։ Երկու գավառներից արտաքսվել է 150 հազար հրեա։ 1941 թվականի ձմռանը սկսվել է հրեաների տեղահանությունը Հյուսիսային Բուկովինայից։ Նրանցից տասնյակ հազարավորները մահացել են սովից, ցրտից, ծեծից կամ գնդակահարվել արդեն Տրանսնիստրիայի ճանապարհին[7]։

Տրանսնիստրիայի գետտոներ և համակենտրոնացման ճամբարներ խմբագրել

Դեկտեմբերի 9-ին ավարտվել է Բեսարաբիայի հրեաների լիկվիդացման երկրորդ փուլը։ Ընդհանուր առմամբ Տրանսնիստրիա է տեղափոխվել 200 հազար մարդ Բեսարաբիայից ու Բուկովինայից։ Օդեսայի համար մղված կռիվներից հետո Տրանսնիստրիա են ուղարկվել նաև Օդեսայի հրեաները, իսկ Հարավային Բուգի մյուս ափից Տրանսնիստրիայի համակենտրոնացման ճամբարներ են ուղարկվել ուկրաինացի հրեաներ։ Տեղի ճամբարները նախատեսված չեն եղել այդքան մեծ թվով կալանավորների համար, այդ պատճառով շարասյուները մշտապես անցում են կատարել մի ճամբարից մյուսը։ Ճամբարներում հաճախ չեն եղել ապրելու համար պիտանի կառույցներ ու սնունդ։ Քանի որ 1941-1942 թվականների ձմեռը եղել է խիստ ցուրտ, հրեաների մեծ մասը զոհվել է ցրտից։ Ամենավատ դրությունը եղել է Գոլտա ժուդեցում, որտեղ տեղակայված էին այնպիսի համակենտրոնացման ճամբարներ, ինչպիսիք են՝ Բոգդանովկան ու Դոմանևկան[4]։

Ռումինական ղեկավարության հրամանով հրեաները Բոգդանովկա են տարվել ամբողջ Մոլդովայից և Օդեսայից։ Այնտեղ հայտնված բոլոր հրեաները ենթակա են եղել ոչնչացման[4]։ Նրանցից շատերը չեն դիմացել մինչև մահապատիիժ՝ մահանալով մինչև 30 աստիճան ցրտից, թերնուցումից, տիֆից ու այլ հիվանդություններից։ Մահացածները ոչ թե թաղվել են, այլ փայտի հետ միասին դասավորվել բրգաձև ու այրվել։ 1941 թվականի դեկտեմբերի 21-ին Բոգդանովկայում կենդանի այրվել է 5000 հրեա։ Այդ օրվանից մինչև 1942 թվականի հունվարի 9-ը հրեաներին ամեն օր քշել են Հարավային Բուգի մոտ և գնդակահարել։ Գերմանառումինական զորքերն ընդմիջում են կատարել ամանորյա տոների կապակցությամբ, սակայն մի քանի օրվա ընթացքում ճամբարում զոհվել է 40 հազար մարդ։ Դոմանևկայում հրեաների սպանություններն սկսվել են ավելի ուշ, և մինչև մարտի 8-ն այնտեղ բոլոր կալանավորները ոչնչացվել են։ Առանձնակի լայնամասշտաբ ոչնչացման ակցիաներ են անցկացվել նաև Ակմաչետկայում և Մոստովոեում։ Այդ բոլոր ճամբարները գտնվել են Գոլտա ժուդեցում, որը դրա պատճառով կոչվել է «մահվան թագավորություն»[4]։

Տրանսնիստրիայի գետտոներն ունեցել են ղեկավարման հստակ կառուցվածք «համայնքի նախագահի» գլխավորությամբ։ Նրանցում գործել են լավ զարգացած սոցիալական ծառայություններ և արտադրություն։ 1942 թվականի սկզբից Տրանսնիստրիայի գետտոների՝ Բեսարաբիայից ու Բուկովինայից բերված կալանավորներն սկսել են պարբերաբար ֆինանսական օգնություն ստանալ Ռումինիայի հրեական համայնքից, իսկ 1943 թվականից՝ հրեական միջազգային կազմակերպություններից։ Դա եղել է այդ գետտոների գլխավոր առանձնահատկություններից մեկը և օգնել է փրկվել բազմաթիվ կալանավորների։ Հենց Տրանսնիստրիայում է փրկվել խորհրդային օկուպացված տարածքներում կենդանի մնացած հրեաների շուրջ 70 %-ը[8]։

Դիմադրություն խմբագրել

Մոլդովայի հրեաներն սկտիվորեն մասնակցել են հականացիստական դիմադրությանը։ Պարտիզանական շարժման կազմակերպման հանրապետական կենտրոնի ինը անդամներից հինգը եղել են հրեաներ։ Քիշնևի ընդհատակի ղեկավարներից մեկը եղել է Բ. Դեյչը, որ զոհվել է 1941 թվականին[1]։

Զոհեր խմբագրել

Ըստ ոչ լիարժեք տվյալների՝ 1941-1942 թվականների ձմռանը Տրանսնիստրիայում զոհվել է 250 000 հրեա։ Ռումինական կողմը պնդում է, որ համակենտրոնացման ճամբարներում զոհվել է 270 000 մարդ։ Երբ խորհրդային զորքերը մտել են Հարավային Բուգի ու Դնսետրի միջև ընկած տարածք, այնտեղ մնում էր 50 000 հրեա։ Նրանք եղել են ոչ միայն Մոդովայից, այլև Ուկրաինայից ու նույնիսկ Ռումինիայից[4]։ Տրանսնիստրիայի համակենտրոնացման ճամբարներում ռումինական օկուպացիայի ընթացքում զոհվել է ավելի քան 300 հազար հրեա և 50 հազար գնչու[5]։

Աշխարհի արդարակյացներ խմբագրել

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Մոլդովայի 76 բնակիչներ Իսրայելի աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ իրենց կյանքը վտանգի ենթարկելով հրեաներին օգնելու համար[9]։ 2011 թվականին նրանցից հինգը դեռևս կենդանի էր[10]։

Հիշատակի պահպանում խմբագրել

Իլյա Ալտմանը պնդում է, որ Մոլդովայի պաշտոնական իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում Հոլոքոստի զոհերի հիշատակի նշանակության ճանաչման ուղղությամբ։ Նա գրում է, թե զանգվածային սպանությունների վայրերի բացահայտումն ու հուշարձանների տեղադրումն արվում է միայն հրեական կազմակերպությունների ու առանձին անձանց ջանքերո[11]։

Հոլոքոստի մասին մոլդովական դպրոցներում դասավանդելու հարցը հայտնվել է էթնոքաղաքական կոնֆլիկտի կենտրոնում. մոլդովա-ռումինական ընդհանուր ինքնության ճանաչման ձգտող մոլդովացի բազմաթիվ պատմաբաններ չեն ցանկանում վերհանել ռումինական պետության ոչ վաղ անցյալի վրա ստվեր գցող թեման։ Դպրոցական դասագրքերում գրեթե չի հիշատակվում այդ թեման։ 2008 թվականին պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարիից բացի Մոլդովայում Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվել են միայն Գիտությունների ակադեմիայի ասպիրանտ Տատյանա Սիրբուն և պատմաբան Դիանա Դումիտրուն։ Վերջինս նշում է, որ ռումինացի պատմաբանները նույն հարցի ուսումնասիրության գործում բավական առաջ են գնացել[12]։

Ներկայում մոլդովացի որոշ աջ ազգայնականներ պնդում են, թե Հոլոքոստը հորինվածք է[13] կամ դրա մեղքը բարդում են հրեաների վրա։ Նրանց թվում է Փարիզում բնակվող համասեմական գրողՊաուլ Գոման[14]։ Մոլդովացի և ռումինացի մի շարք պատմաբաններ, որոնք ունեն նմանատիպ քաղաքական հայացքներ, պաշտպանում են այդ տեսակետը, օրինակ՝ Մոլդովայի պատմաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Անատոլ Պետրենկուն[15][16]։ Հոլոքոստի հուշարձանները պարբերաբար ենթարկվում են վանդալությունների[17]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Молдавия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Молдавская ССР в Великой Отечественной войне Советского Союза: Сборник документов и материалов. — Кишинёв, 1976. — Т. 2. — С. 41—42.
  3. Альтман, 2002, էջ 299
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Клара Жигня. Холокост бессарабских евреев // Достижения.
  5. 5,0 5,1 Суляк С. Г. «МСТИТЕЛЯМИ ВОЗВРАЩАЕМСЯ МЫ НА МОЛДАВСКУЮ ЗЕМЛЮ» // Русин. 2010. №1
  6. Катрин Реемтсма. «Синти и Рома». Современная культура и история. — Мюнхен, 1996. — С. 122—123.
  7. «Транснистрия - Шоа - Яд Вашем». .yadvashem.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. Альтман И. А. Глава 3. Нацистский оккупационный режим на территории СССР. § 4. Нацистский террор // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 74-83. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  9. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  10. «Тем, кто спас целый мир...». ИА "Новости - Молдова". Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  11. Альтман И. А. (2005). «Мемориализация Холокоста в России: история, современность, перспективы». Неприкосновенный запас, 2005 N2-3(40-41). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Думитру Д.B лабиринте политизации: преподавание Холокоста в школах Республики Молдова Արխիվացված 2014-01-04 Wayback Machine Холокост и современность. 2008
  13. «Антисемитизму.нет». antisemitizmu.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. «Молдавскому отрицателю Холокоста присудили ученую степень». jewish.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. Левит И. Э. Холокост в Бессарабии в кривом зеркале господина Петренку. Кишинёв: Антифашистский демократический альянс РМ, 1999.
  16. Назария С. «Продолжают отрицать Холокост». isramir.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. «Посягнули на святое». Агентство еврейских новостей. 10 июня 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Назария С., Государственный институт международных отношений Молдовы, Ассоциация евреев Молдовы - бывших узников фашистских гетто и концлагерей, Славянский университет Республики Молдова. Холокост в Молдове. — CEP USM, 2005. — С. 222.
  • Назария С. Страницы истории на территории Молдовы и в прилегающих областях Украины, 1941-1944. — Центральная типография, 2005. — С. 303.
  • Альтман И. А. Глава 5. Уничтожение евреев СССР. § 6. Гибель евреев Молдавии // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 204-205. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  • Альтман И. А. Жертвы ненависти. Холокост в СССР, 1941—1945 гг. — М.: Фонд «Ковчег», 2002. — С. 299-300. — 544 с. — (Анатомия Холокоста). — 2000 экз. — ISBN 5-89048-110-X
  • Уничтожение евреев СССР в годы немецкой оккупации (1941-1944). Сборник документов и материалов / Ицхак Арад. — Иерусалим: Яд ва-Шем, 1991. — 424 с. — ISBN 9653080105
  • Удлер Р. Я. Годы бедствий: воспоминания узника гетто. — Центральная типография, 2003. — С. 327.
  • Aroni S. Memories of the Holocaust. Kishinev 1941—1944. Los Angeles: University of California (UCLA), 1995.
  • Dumitru Diana. «The Attitude of the Non-Jewish Population of Bessarabia and Transnistria Toward the Jews During the Holocaust: A Survivors’ Perspective». Yad Vashem Studies 37, 1 (Spring 2009), pp. 53–83.

Արտաքին հղումներ խմբագրել