Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հղիություն (այլ կիրառումներ)

Հղիություն կենդանիների, էգի օրգանիզմում բեղմնավորված ձվաբջիջից պտղի առաջացման և հետագա զարգացման ֆիզիոլոգիական պրոցես։ Հատուկ է միայն կենդանածին օրգանիզմներին և բնականոն պայմաններում ավարտվում է ծինով։ Կաթնասուն կենդանիների (բացառությամբ ձվածինների) հղիությունը էականապես տարբերվում է որոշ կենդանածին ձկների (շնաձուկ, կատվաձուկ), սողունների (իժ, կենդանածին մողես են) համապատասխան վիճակից։ Կաթնասունների բեղմնավորված ձվաբջջի կամ զիգոտի զարգացումն սկսվում է ձվատար խողովակում, ապա անցնում է արգանդ, որոշ ժամանակ անց տեղի է ունենում ներպատվաստում (իմպլանտացիա), այսինքն՝ սաղմն ամրանում է արգանդի պատին։ Զարգացող սաղմի և մայրական օրգանիզմի միջև կապ է ստեղծվում ընկերքի միջոցով, և առաջանում են սաղմնային թերթիկները։ Հղի էգի արգանդը ծավալով մեծանում է 10-15 անգամ։ Տարբեր կենդանիների հղիությունը տևում է. մկներինը՝ մոտ 20 օր, ճագարինը՝ 29-33, շանը՝ 58-66, առյուծինը՝ 103-110, այծինը և ոչխարինը՝ 145-157, գորշ արջինը՝ մոտ 210, կովինը՝ 270-300, ձիունը՝ 320-355, փղինը՝ մինչև 660 և այլն։ Սմբակավոր կենդանիների ձագերը ծնվում են լավ զարգացած և անմիջապես կարող են ինքնուրույն շարժվել։ Այդպիսի կենդանիների հղիությունը ավելի երկարատև է, քան գիշատիչներինը, որոնց ձագերը ծնվում են կույր, առանց ատամների և մայրական խնամք են պահանջում։ Պարկավորների ձագերը ծնվում են թերզարգացած և զարգացումն ավարտում են մոր «պարկում»։ Հղիության տևողությունը միևնույն տեսակի կենդանու մոտ կարող է փոփոխվել կախված տարվա եղանակից (ամռանը կարճ է, ձմռանն ավելի երկար), ձագի սեռից (էգ ձագերն ավելի շուտ են ծնվում քան արուները), ձագերի քանակից։ Կաթնասունների տարբեր խմբեր մեկ ծինում ունենում են. գիշատիչները՝ 2-20, կրծողները՝ 2-10, սմբակավորները՝ 1-5, կնճիթավորները՝ 1 ձագ։

Հղի շուն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 436