Հիպնոս (հուն. հիպնոս բառից, որ նշանակում է քուն), հոգեկանի հատուկ վիճակ, որի մեջ մարդուն կարելի է դնել որոշակի մեթոդների օգնությամբ։ Հիպնոսն առաջ է գալիս ֆիզիկական թույլ և միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ։

Photographic Studies in Hypnosis, Abnormal Psychology (1938)

Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց՝ ուժեղանում է մարդու ներշնչվողությունը, ավելի արդյունավետ է դառնում հիշողությունը, առաջ է գալիս կատալեպսիա, տեղի են ունենում հոգեբնախոսական այլ խորը փոփոխություններ։ Ըստ հիպնոսի մեջ դրվելու մատչելիության, մարդկանց միջև կան անհատական մեծ տարբերություններ։

Հիպնոսի խորը աստիճանում (սոմնաբուլիզմ) ինքնաբերաբար առաջ է գալիս երազատեսություն։

Հիպնոսի սեանս (նկ․ Ռիխարդ Բերգ)

Համառոտ նկարագիր խմբագրել

Հիպնոս անունն առաջացել է Հին Հունաստանի դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից։ Սակայն հիպնոսացված մարդու վիճակը միայն արտաքնապես է քնի նման։ Երբ մարդուն հասցնում են հիպնոսացված վիճակի, նա շարունակում է լսել հիպնոսացնողին և ենթարկվել նրա ներշնչումներին։ Նրանց միջև պահպանվում է հատուկ տեսակի կապ, որի շնորհիվ հիպնոսացողը հիպնոսացվածին կարող է ներշնչումներ կատարել և մղել տարբեր գործողությունների, նրա մեջ կարող է տարբեր հոգեվիճակներ ստեղծել։ Հիպնոսացնելով և համապատասխան ներշնչումներ կատարելով կարելի է ուժեղացնել կամ թուլացնել մարդու հիշողությունն ու մյուս իմացական ընդունակությունները։ Եթե հիպնոսացվածն իսկապես քնած լինի, ապա այլևս չի պատասխանի հոգեբանի ազդեցություններին։

Հիպնոսը որպես բուժման և հետազոտության մեթոդ խմբագրել

Հիպնոսը և ներշնչումը ներկայումս օգտագործվում են ինչպես բուժման նպատակներով, այնպես էլ որպես հետազոտության մեթոդ։

Հիպնոսը կարող է ներշնչման ահռելի ուժ ունենալ։

Դեռևս 19-րդ դարում Ռուսաստանում այսպիսի փորձ են կատարել. մահվան դատապարտված հանցագործին հայտնում են, որ նա մահապատժի է ենթարկվելու՝ զարկերակը կտրելու միջոցով։ Ապա նրան բերում են մահապատժի վայրը և գործիքները ցույց տալով կապում են աչքերը։ Այնուհետև ձևացնում են, թե կտրեցին զարկերակը, իսկ մերկ թևին գոլ ջուր են լցնում «արյունը հոսեց»։ Մի քանի րոպե անց սկսվում է հոգեվարքը, և հանցագործը մահանում է։ Դիահերձումը ցույց է տալիս որ մահը վրա է հասնում սրտի կաթվածից։ Ներշնչումը սպանեց մարդուն։ Նման երևույթ կարողանում են առաջ բերել նաև աֆրիկյան ցեղերի շամանները։ Ներշնչման ուժի մասին վկայող բազմաթիվ փորձեր է նկարագրում ամերիկացի բժիշկ և ճանապարհորդ Հարրի Ռայլը իր «Կախարդության վկան» գրքում։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․, Ս. Մկրտչյան (2001 թ․). Հոգեբանության ներածություն (8-րդ դասարանի դասագիրք). Երևան.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 418