«Հին սալորենի» (ճապ.՝ 老梅図襖), 1646 թվականին շարժական դռների վրա ճապոնացի նկարիչ Կանո Սանսեցուի ստեղծած նախշազարդում։ Նկարի ստեղծման համար հեղինակն օգտագործել է թանաք, ներկ, ոսկեթել և թուղթ։ 1975 թվականից աշխատանքը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[5]։

Հին սալորենի
տեսակգեղանկար
նկարիչԿանո Սանսեցու
տարի1646[1]
բարձրություն174,6 սանտիմետր
լայնություն485,5 սանտիմետր
ստեղծման վայրՃապոնիա[2]
ստեղծման երկիր Ճապոնիա[2]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1][3] և ասիական արվեստ[4]
Ծանոթագրություններ
«Հին սալորենի» նախշազարդումը Մետրոպոլիտեն թանգարանում վերստեղծված սենյակում

Նկարում պատկերված է ճապոնական հին սալորենու կորացած սև բունը՝ ոլորուն ճյուղերով շուրջ 4 մետր երկարությամբ տարածված շարժական դռան չորս վահանակների վրա[5]։ Ծառերի բացված ծաղիկները ցույց են տալիս, որ արվեստագետը պատկերել է վաղ գարուն (ճապոնական սալորենին ծաղկում է փետրվար ամսվա վերջում և համարվում է գարնան ավետաբեր)։ Սալորենու ծաղիկները փոխանցում են սառը վաղորդյան գարնան մթնոլորտ և խորհրդանշում ծնունդ ու նորացում[5]։ Պատկերի աջ կողմում երևում են ժայռեր և բամբուկ, ձախ կողմում՝ ծաղկած լեռնավարդ[6]։ Այս ծայրահեղ մասերի հիման վրա կարելի է ենթադրել, որ սենյակի չորս վահանակների պատկերները պետք է նկարագրեին տարվա չորս եղանակները[6]։ 1880-ական թվականներին վանքը, որտեղ գտնվել է աշխատանքը, ավերվել է, և նկարի միայն այս հատվածն է պահպանվել[6]։ Կորացած բներով ծառերի կոմպոզիցիան տուրք է տալիս Կանո Էյտոկուին[7]։ Ի տարբերություն իր նախորդի աշխատանքների, Կանո Սանսեցուի մոտ գերիշխում է դեկորատիվ ոճը և ավելի քիչ դինամիկ է[7]։

Ֆուսումայի շարժական վահանակներն ի սկզբանե ձևավորել են Կիոտոյում գտնվող զենական Մյոսինձի տաճարի Տենսյոին կառույցի սենյակներից մեկի պատը[5]։ Կանո Սանսեցուն այս տաճարը նկարազարդել է իր խնամակալ հոր և ուսուցչի՝ Կանո Սանրակուի հետ, դայմյո Մացուդարա Տադաիխիրոյի հրամանով[6]։ 1880-ական թվականների պատկերազարդումը վաճառվել է մասնավոր կոլեկցիոներ Կատաոկի Նաոխարուին, Ճապոնիայի ֆինանսների ապագա նախարարին` տաճարի վերականգնման համար ֆինանսական օգնության դիմաց։ Նոր սեփականատիրոջ նախաձեռնությամբ նկարազարդումները տան չափերին համապատասխանելու համար վերևից կտրվել են[6]։ Այս վահանակների հետևի մասում եղել է այլ պատկերազարդում՝ չինական թեմատիկայով դաոսական ութ անմահները, որը ձևավորել է հարևան սենյակի պատը[5]։ Ավելի ուշ այս նկարն առանձնացվել է և այժմ գտնվում է Միննեապոլիսի արվեստի ինստիտուտում[5]։ Կատաոկի Նաոխարուից հետո նկարազարդումը պատկանել է ճապոնական արվեստի դիլեր Միձուտանի Նիսաբուրոնին (1910-1985) և ամերիկացի կոլեկցիոներ Հարրի Փաքարդին (1914-1991), որը 1975 թվականին այն հանձնել է Մետրոպոլիտեն թանգարանին[6]։

Ծանոթագրություններ Խմբագրել