Հեղինե Տրոյացի (նկար, Ռոսսետտի)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Հեղինե Տրոյացի» (անգլ.՝ Helen of Troy), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից հանդիսացող Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1863 թվականին։  Յուղաներկով կտավի չափերն են 32,8 × 26,7 սմ։ «Հեղինե Տրոյացի» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Համբուրգի պատկերասրահում (Գերմանիա

Հեղինե Տրոյացի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն0,31 մետր
լայնություն0,27 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՀամբուրգի պատկերասրահ
հավաքածուՀամբուրգի պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Հեղինե Չքնաղին պատկերող այս կտավը միավորում է Ռոսսետտիի այդ ժամանակին բնորոշ արվեստի կարևորագույն մոտիվները։ «Հեղինե Տրոյացի» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է ճակատագրական կնոջ հերթական մեկնաբանությունը։ Հեղինեն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը և Արևմտյան գրական-գեղարվեստական ստեղծագործությունների գլխավոր հերոսուհիներից մեկը[1]։ Դանթե Գաբրիել Ռոսսետտին Հեղինե Չքնաղին վրձնել է մեդալիոնը մատներով սեղմած։ Մեդալիոնի վրա Հեղինեի սիրեցյալ Պարիսի խորհրդանիշն է պատկերված։ Կտավում կինը պատկերված է այրվող Տրոյայի ֆոնին[1]։

«Հեղինե Տրոյացի» ստեղծագործության համար որպես բնորդուհի կեցվածք է ընդունել Էննի Միլլերը։ Նկարի հակառակ երեսին պահպանվել է մի գրություն, որը վերցված է Էսքիլեսի «Ագամեմնոն» ստեղծագործությունից։ Գրությունը հունարեն է, որի թարգմանությունը հնչում է այսպես. «Նավերի կործանիչ, տղամարդկանց կործանիչ, քաղաքների կործանիչ» (հուն․՝ «ελεναυσ, ελανδροσ, λεεπτολισ»)[2]: Ամեն երրորդ հունարեն բառերը սկսվում են «էլե» վանկից՝ կրկնելով «Էլենա» անունը։

«Հեղինե Տրոյացի» կտավը մեծ հաջողություն է ունեցել Լիվերպուլի ակադեմիայի ցուցահանդեսին[3]։ Հավաքորդ Ջորջ Ռեյը հայտարարեց, որ նկարը դարձել է «ցուցահանդեսի մարգարիտը», իսկ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին գրել է, որ «Հեղինե Տրոյացին» եղբոր՝ Դանթե Ռոսսետտիի «արվեստի վառ օրինակներից է»[4]։

Չորս տարի անց Ֆրեդերիկ Սենդիսը ստեղծեց իր «Հեղինեին»։ Արդյունքում երկու նկարիչների միջև սկիզբ առավ լարվածությունը, քանի որ ըստ Ռոսսետտիի Սենդիսը զբաղվում է իր ստեղծագործությունների գրագողությամբ (դա ոչ միայն«Հեղինե Տրոյացուն» էր վերաբերում, այլև «Մարիամ Մագդաղենացի» նկարին)[5][6]։

Այսօր «Հեղինե Տրոյացի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Համբուրգի պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «'Helen of Troy', Dante Gabriel Rossetti» (անգլերեն). Walker Art Gallery. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Helen of Troy». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Helen of Troy». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. William Michael Rossetti (1889). Dante Gabriel Rossetti as Designer and Writer. Cassell & Company, Limited. էջ 41.
  5. «Shadowlight: The Pre-Raphaelite Goddess». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Helen of Troy». Preraphaelite Sisterhood. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.