Հասարակական-տնտեսական ֆորմացիա
Հասարակական ֆորմացիա (գերմ.՝ Gesellschaftsformation), մարքսիստական տեսության հայեցակարգ, որը փորձում է նկարագրել կապիտալիստական արտադրության եղանակի, արտադրության նախակապիտալիստական եղանակների պահպանման և տնտեսության ինստիտուցիոնալ ենթատեքստերի միջև կոնկրետ, պատմական հոդակապությանը։
Մարքսիզմի պնդմամբ այն հնարավորություն է տալիս հասարակությունն իր զարգացման յուրաքանչյուր փուլում դիտել իբրև միասնական սոցիալական օրգանիզմ, որը ներառնում է հասարակական բոլոր երևույթներն իրենց օրգանական միասնության ու փոխներգործության մեջ։
Այն երբեմն վերագրվում է Կ. Մարքսին և Ֆ. Էնգելսին, կառուցված էր իրենց նախորդների` Սեն-Սիմոնի, Հեգելի, Լ. Հ. Մորգանի հայեցակարգերի հենքի վրա։ Միաժամանակ Մարքսն ու Էնգելսը իրենց տեսությունը փորձել էին հիմնավորել` բազմաթիվ հղումներ անելով պատմական սկզբնաղբյուրների, ժամանակագրական աղյուսակների, փաստական նյութի վրա։ Այնուամենայնիվ, այդ տեսությունը ըստ էության կառուցված է մի կողմից` նախորդների և ժամանակակիցների պատկերացումների դրվագային ընկալման, մյուս կողմից` իրենց հասարակական քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված մտապատկերային ենթադրությունների կիրառությամբ։ Իհարկե, հասարակական-տնտեսական ֆորմացիաների հայեցակարգի առնչությամբ պատմության «օբյեկտիվ» տրամաբանության մասին Մարքսի և Էնգելսի պատկերացումները ևս որոշակի փոփոխություններ են ունեցել։ Այսպես, սկզբում նրանք առաջնորդվում էին Սեն-Սիմոնի տրամաբանությամբ` նույնացնելով ստրկատիրությունը և Հին աշխարհը, միջնադարը և ճորտատիրությունը, ազատ (վարձու) աշխատանքը և Նոր ժամանակը։ Այնուհետև, որոշ փոփոխություններ կատարելով, փոխ առան Հեգելի՝ համաշխարհային պատմության փուլայնացման տարբերակը. Հին Արևելք` ոչ ոք ազատ չէ, Անտիկ աշխարհ` որոշ ազատություններ, գերմանական աշխարհ` բոլորը ազատ են։ Հին Արևելքը նրանց մոտ վերանվանվեց արտադրության ասիական եղանակ, Անտիկ աշխարհը` ստրկատիրական հասարակություն, իսկ գերմանական աշխարհը բաժանվեց ճորտատիրության և կապիտալիզմի։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 252)։ |