Հայուհյաց բարեգործական ընկերություն

Հայուհյաց բարեգործական ընկերություն, հայ կանանց և օրիորդների ընկերություն Թիֆլիսում։ Հիմնվել է 1882 թվականի մարտի 7-ին։ Կանոնադրությունը մշակվել է 1880 թվականին, հաստատվել Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, գեներալ, իշխան Մ. Տ. Լոռիս-Մելիքովի կողմից, 1881 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ուներ մշտական գործող վարչություն, իսկական, մշտական և պատվավոր անդամներ (1882—1907 թվականին՝ 3844 իսկական, 80 մշտական և 3 պատվավոր անդամ)։ Հայուհյաց բարեգործական ընկերությունը իր գործունեությունը ծավալել է միայն Թիֆլիսում։ Նրա կազմում իսկական անդամներ կային նաև Բաքվից, Մոսկվայից, Վլադիկավկազից (այժմ՝ Օրջոնիկիձե), Թավրիզից, Աստրախանից, Բաթումից, Գորիից, Կարսից, Երևանից (ընդամենը 34 հոգի)։ Կազմակերպել է հանդիսավոր երեկոներ, ցերեկույթներ, ներկայացումներ, պարահանդեսներ, հրապարակային դասախոսություններ, որոնցից ստացված գումարները ծախսվել են ընկերության կարիքների համար։ Սերտ կապեր է պահպանել Կովկասի հայոց մյուս բարեգործական ընկերությունների հետ։ Նրա միջոցներով Թիֆլիսում գործել են 10 ծխական-եկեղեցական դպրոց և մեկ մանկապարտեզ։ Բացել է նաև կար ու ձևի, ձեռագործի, խոհարարական դասընթացներ, լվացքատուն, կազմակերպել ձրի ուսուցչական դասընթացներ, օգնել բնական աղետներից տուժածներին, աղքատներին և կարիքավորներին։ Հայուհյաց բարեգործական ընկերությունը Կովկասի փոխարքային ներկայացրել է ամենամյա հաշվետվություն։ 1907 թվականից Հայուհյաց բարեգործական ընկերությունը կոչվել է «Կովկասյան հայուհյաց բարեգործական ընկերություն» և իրավունք ստացել մասնաճյուղեր ունենալու Կովկասի հայաբնակ քաղաքներում։ Ընկերությունը բեղմնավոր գործունեություն է ծավալել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և հետագայում։ Նյութական օգնություն է ցույց տվել Կովկասի ռուսական բանակին և հայ կամավորական խմբերին։ Օգնել է նաև Արևմտյան Հայաստանի գաղթականներին։ Տարբեր տարիների նրա կազմում հայրենանվեր գործ են կատարել Վարվառա Ռոստինյանը, Լիդա Թամամյանը, Գայանե Հովհաննիսյանը, Կատարինե Բոստանյանը, Մարիամ Խատիսյանը, Սոֆյա Արղության-Երկայնաբազուկը, Գայանե Քալանթարյանը, Նվարդ Ալիխանյանը, Կատարինե Լիսիցյանը և ուրիշներ։ Արձակվել է 1921 թվականի գարնանը։

Հայուհյաց բարեգործական ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Վրացական ԽՍՀ
Հիմնադրվածմարտի 7, 1882
Լուծարված1921
Գլխադասային գրասենյակԹիֆլիս, Թիֆլիսի գավառ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 214