Հայոց ռազմապարեր, պատերազմական պարեր կամ կռվի պարեր, պարել են ոչ միայն զինվորներն ու ռազմական անձինք, այլև ժողովուրդը՝ զորքին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակի կամ պարտության դեպքում։

Հայկական ռազմապարեր

Պատմություն խմբագրել

Զորքի, բանակային պարերը, հատկապես հաղթական ելքից հետո կատարվելով, անվանվել են պարք բանակաց։ Այս պարերը պարել են ոչ միայն զինվորն ու ռազմական անձինք, այլև ժողովուրդը՝ զորքին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակի կամ պարտության դեպքում։ Հնագույն ժամանակներում կանայք ևս կատարել են ռազմական պարեր՝ հավատալով, որ այդպես ապահովում են ամուսինների հաղթանակաը։ Ռազմական պարեր կատարել են նաև հմայական նպատակով։ բաժանվելով յուրայինների ու թշնամու խմբերի՝ մրցել ու գուշակել են ճակատամարտի, պատերազմի ավարտը։ Նաև գուշակել են եղանակի, բերքատվության, նավագնացության և այլնի մասին։ Մինչև այսօր էլ որոշ նահապետական ցեղեր պահպանել են այս ավանդույթները։ Բոլոր ցեղերն ունեցել են ռազմմի ոգիներ ու աստվածներ։ Ինչպես օրինակ՝ հայոց Վահագն աստվածը։ Ռազմական պարերը ունեցել են նաև ֆիզիկական դաստիարակության գործառույթ։ Խոր հնադարից հայոց մեջ ռազմապարերի կարևորության մասին վկայել են մեզ հասած ռազմական խմբապարերն ու զուգապար-մենամարտերը։ Ռազմապարեր են կատարել նաև հարսանեկան ծեսի, ինչպես նաև հուղարկավորության ժամանակ։ Ռազմական պարերը ներկայացնում են տարբեր տեսակի մարտեր, մասնակիցների տարբեր դասավորություն։ Սրբուհի Լիսիցյանը մանրամասնորեն ներկայացրել է ռազմապարերը՝ ըստ այդ հանգամանքների[1]։

Միաշար դասավորությամբ պարեր խմբագրել

Քերծի խմբագրել

Քերծի պարը կոչվում է նաև պատերազմական պար կամ Սվինապար։ Պարը բաղկացած է 2 մասից, կատարվում է զուռնա-դհոլի նվագակցությամբ։ Պարեղանակի չափը՝ 3/4։ Մասնակիցների ձեռքերի բռնվածքը թևկախ է, ճկույթներով, արմունկները՝ ուղիղ։

Կռվու խաղ խմբագրել

Հայոց ձորի ռազմապար Կռվու խաղը հայտնի է նաև Շեխանի, Շեյխանական անունով։ Այս պարի պարաշարքը գլխավորել են իշխանները, մեծամեծները, նրանք էլ վճարել են նվագողներին, աղքատները պարել են նրանց կողքին։ Ինչպես պատմել է Արշակ Բաբայանը, այս պարը պարել են ուխտատեղիներում, Հայոց ձորի վանքերի մոտ, Վանում, Թիմարում, Բերկրիում բոլոր տոների, հարսանիքների ժամանակ։ Մասնակիցները դասավորվել ուղիղ միաշար, 12-15 մարդուց կազմված շարքը միաժամանակ շարժվել է առաջ ու ետ, ձեռքերը թևկախ, արմունկները ուղիղ, ճկույթներով բռնված, աջ ձեռքը ձախի վրա։ Շեյխանիի մեղեդին(պարեղանակը) 2/4 է։ Առաջ ու ետ շարժվող պարաշարքերը խորհրդանշել են ռազմական գրոհն ու նահանջը։

Սասնո Չոլ մայդան խմբագրել

Այս պարը ցուցադրել են Իրինդի բնակիչները՝ Գաբրիել Պետրոսյանի ղեկավարությամբ։ Պարը բաղկացած է հաջորդական քայլ-շասեներից։ Կատարել են առավելապես երիտասարդ տղամարդիկ։ Տեքստ չունի, պարել են զուռնա-դհոլի նվագակցությամբ։ Պարողները շարվում են լայնադիր, իրար կողքի, բռնվածքը՝ ափերով։ Կենտ հաշվին ձեռքերը ՝ետ, զույգ հաշվին՝ գալիս առաջ։ Պարողները ամբողջ մարմնով մեկ աջ են դառնում, մեկ ձախ, ասես գրոհելով։ Տեղաշարժը պարահրապարակով դեպի աջ է։ Ոտնաթաթերի զարկերը խորհրդանշում են զենքի զարկերը։

Աշիրի գուվանդ խմբագրել

Խորեն Դավթյանը ցույց է տվել Աշիրի գուվանդ(գովընդ)՝ Քաջ ռազմիկի գովընդ պարը։ Սա միայն մեկ խմբի պարադերով է՝ առանց հակառակորդի, նահանջ և գրոհ մարտի ժամանակ։ Կատարել են Վանի և մերձակայքի հայերը։ Մասնակիցների ընդհանուր տեղաշարժը առաջ ու հետ տեղաշարժին զուգահեռ կարող է լինել ինչպես աջ, այնպես էլ դեպի ձախ։ Աշիրի գովընդը պարել են կուռ միաշարքով, ուս ուսի, ձեռքերը կախ և խաչվող, մատները իրար ագուցած։ Պարել են հիմնականում տղամարդիկ, հազվադեմպ նաև կանայք։ Առաջին մասի ռիթմը դանդաղ է, մյուս մասերում հետզհետե արագանում է։

Երկշար դասավորությամբ պարեր խմբագրել

Հովն էր երկեն, հովն անուշ խմբագրել

Այս պարը Սասնո ռազմապար է, ցույց են տվել Աշնակ գյուղի բնակիչները՝ Գրիգոր Մարգարյանի առաջնորդությամբ։ Պարողների դասավորությունը երկշար է, դեմ դիմաց, գրոհներն ու ոտնաթաթերի զարկերը, նահանջն ու կրունկների զարկերը արտահայտել են պարի ռամական բնույթը։ Դեպի առաջ շարժը սկվել է աջ ոտքից, զարկը՝ ձախ ոտքով, զարկից հետո ոտնաթաթը կտրվում է գետնից։ Դեպի հետ գնացել են ձախ ոտքով, զարկը աջ թաթով։ Ձեռքերը՝ ճկույթներով բռնած, արմունկները ուղիղ անկյան տակ ծալած, դաստակները վեր։ Մեղեդին 3/8 է, շարժումների ռիթմը 6/8 չափով է։ Երկու շարքերը խորհրդանշում են հակառակորդ ուժերը։ Ակնհայտ է մարտի բեմականացված տեսարանը։

Սասնո Մաչինո և Մնդո խմբագրել

Սասնո Մաչինոն և Մնդոն հետաքրքրական են այն առումով, որ պարային ֆիգուրան որևէ այլ պարում դեռ չի հանդիպել։ Կատարվել են նույն կերպ, սակայն ըստ իրենց մեղեդիների՝ տարբեր են անվանումները։ Մաչինոն ունի հայերեն տեքստ։ Խրորխտ ռազմապար է, որը գրառվել է Իրինդում վերաբնակեցված սասունցիներից։ Մաչին՝ Չինաստան, Չինումաչին, Ճենաց աշխարհ անվանումները ենթադրաբար կապ ունեն, և պարն էլ կարող է նշանակել Չինական պար։ Սրբուհի Լիսիցյանը նշել է, որ Մաչինոյի ու Մնդոյի պարաքայլերը շատ նման են չինական ռազմակն պարերի պարաքայլերին։ Մընդոնհնչողությամբ հիշեցնում է պարսկերեն մընդավար բառը՝ խոշոր զորավար կամ ազնվական նշանակությամբ, հնարավոր է նաև ՝ մըկունդ՝ մեծ նիզակ բառից է։ Պարողների դասավորությունը երկշար է, դիմահար, ուս ուսի։ Ձեքերը թևկախ են, արմունկները խաչվող, մատները ագուցված։ Ագուցված մատներով բռնվածքը զուտ հայկական է։ Ամեն շարքի պարպետն ու վերջապահը ծածանում են թաշկինակ, գուցե հնում ձեռքերին եղել է զենք, նիզակ կամ դրոշ։ Շարժումները հագեցած են ռազմաշունչ հարձակողական պոռթկումներով; Պարերը կատարվում են տեղում, դիմահար առաջ գնալով, հետ-հետ գնալով ու թիկունքով նահանջելով։ Կատարվում են անընդմեջ ցատկեր, որոնք խորհրդանշում են նժույգի ընթացքը։

Շատախի թրախաղ խմբագրել

Թրախաղ, թրապարեն կոչվել հայկական այն պարերը, որոնցում գործածվել են թրեր, սրեր կամ փայտեր։ Թրերով պարը ունի երկու պարադեր՝պարտիա․

  • երկու պարպետների՝ զորավարների, առաջնորդների դեր․ նրանք կանգնած են նույն շարքի երկու ծայրերում։
  • բուն շարքի պարադեր․ շարքի ամեն մի կեսը պաշտպանվում է իր պարպետի կողմից և համարվում նրա «ժողովուրդը»

Պարող տղամարդկան ու կանանց շարքը կատարում է սգո, ողբի, մանրիկ, տեղից քիչ շարժվող պարաքայլեր՝ պատկերելով պաշարված մարդկանց։ Շարքի ծայրերի առաջնորդները զուգապար- մենամարտի են բռնվում՝ պաշտպանելով իրենց հատվածի մարդկանց։ Յուրաքանչյուր առջնորդ իր հատվածի հետ կապ է պահում եռանկյունի ծալված և ծայրերն իրար կապած գունավոր թաշկինակների ժապավենով։ Պար-գոտեմարտը ավարտվում է այն պահին, երբ մեկը կարողանում է մյուսի գլխարկը գցել։ Սա խորհրդանշում է թշնամու մահը կամ գլխատումը։ Կարող է ավարտվել նաև հակառակորդի ձեռքի փայտը գցելով, սա էլ նշանակում է զինաթափում, պարտություն։ Պարն ունի դանդաղ և արագ մասեր, յուրաքանչյուրի մեղեդին տարբեր է։ Թրախաղը ցույց տված շատախցիները նշել են, որ կարելի է իրար կապվել նաև ջալահիկների՝ վերնազգեստների թևքերին կից եռանկյունի երիզների միջոցով։

Շարանի խմբագրել

Ալաշկերտի ռազմական Շարանի պարը երկշար է։ Պարը 1933 թվականի ձմռանը Երևանում Սրբուհի Լիսիցյանին ցուցադրել է Թալինի Արլըղ (Մնջաձոր) գյուղի բնակիչ Կարո Թամոյանը։ Պարի շարժումները զուտ հայկական են, յուրաքանչյուր շարք ունի իր պարբաշին՝ պարպետը։ Պարողները դասավորվում և շարժվում են կողք կողքի։ Դիմահար են գոտեմարտում, մեկը թրով կամ փայտով խաչաձև հարվածում է հակառակորդի զենքին, մյուսը հետ է մղում հարվածը։ Ձեռքերը բռնում են ճկույթով, արմունկները ուղիղ անկյամբ ծալված։ Առաջին մասի ռիթմը հանդարտ է, ապա հետզհետե արագանում է։ Շարանին ևս պարում են այնքան, մինչև ահջողվի գցել մյուսի մորթե գդակը։ Հարգի է նաև, եթե հաղթողը կարողանու է զենքի կամ փայտի ծայրին գցել պարտվածի գլխարկը։ Շարանին հարսանիքների ժամանակ կատարել են ամենավերջինը, քանի որ ենթադրաբար հարսանիքի մասնակիցներից շատերը վերջում հեռացել են և տարածքը բաց էր ՝հնարավորություն տալով պարել այսպիսի պար։


Յար խուշտա խմբագրել

Սասնո Յար խուշտա պարը ցուցադրել են Աշնակ գյուղի բնակիչները՝1932 թվականին։ Անվանումը թարգմանել են որպես Անուշ սիրեցյալ, թեև պարսկերենում յար նշանակել է նաև օգնական, նեցուկ, ընկեր, ուստի համախոհ կամ զինակից նշանակությամբ՝ ավելի մոտ է այս պարի էությանը։ Պարը պատկանում է ծափ-պարերի տեսակին։

Հալա կշտա խմբագրել

Հայոցձորցի Արշակ Բաբայանը ցույց է տվել Հալա, կշտառազմապարը, որի անվանումը քրդերեն է, նշանակում է Դե, սպասիր կամ Դե, խփիր։ Կատտարվում է զուռնա-դհոլի նվագակցությամբ, հարսանիքի առաջին օրը, ամուրի երիտասարդների սրահում։ Պարում են Բարեկենդանին, ուխտավայրերում( Հայոց ձորի Խոսպավանք, Հերմերավանք, Չաղարթիշման, Հանգղավանք, Նարեկավանք, Մըզըլճուր, Ասպարածին) Պարwum են երկու դիմահար շարքով։ Մի շարքի պարողները ուղիղ մոտենում են մյուս շարքի պարողներին, վերադառնում՝ հետ-հետ գնալով։ Շարժվում են միայն ետ ու առաջ, առանց աջ ու ձախ տեղաշարժվելու[2]։ Մեղեդու չափը 2/4 է։ Գրոհի ու նահանջի հերթագայությամբ այս պարը նման է Մաչինո, Մնդո պարերին, իսկ գրոհող կողմի երկու ափերով հարվածների տեսակով նաև Սասնո Յար խուշտային։ Սական այդ պարերում մինչև հարվածելը այլ են ձեռքերի դիրքն ու ոտքերի շարժումները։


Դե, բժան, բժան խմբագրել

Հայոց ձորի այս ռազմապարը քրդերեն անվանում ունի՝ Դե, բժան, բժան( դե, ձաղկիր, ձաղկիր(բուրդը), սա ռազմական պարերգ է։ Մասնակիցները դասավորված են երկու շարքով, դիմահար, իրարից 5-6 մետր հեռու։ Յուրաքանչյուր շարք ունի պարպետ։ Պարել են ամուրի տղաները հարսանիքի առաջին օրը։ Կատարել են նաև ուխտատեղիներում, խնջույքներին, Բարեկենդանին։ Պարը աշխույժ պարել են զուռնա -դհոլի նվագակցությամբ։ Պարերգի տեքստը կապ չունի պատերազմի հետ։ Մեղեդին 6/8 է։ Պարողների ձեռնաթաթերը ուսերի միջև են, արմունկները՝ ուղիղ անկյան տակ ծալված։ Շարքերը մերթ մոտենում, մերթ նահանջում են ելման դիրք։ Պարպետի նշանով նաև ծափ են տալիս, զույգ ոտքի վրա ցատկեր անում։ Ցատկերը հեծյալի ընթացք են հիշեցնում։

Գրականություն խմբագրել

Ս․Լիսիցյան, Հայակական հինավուրց պարեր, Երևան, 2013։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սրբուհի Լիսիցյան, Հայկական հինավուրց պարեր, Երևան, 2013, էջ166։
  2. Ս․Լիսիսցյան, նշվ․աշխ․, էջ 210-217։