Հայոց մարդասիրական ճեմարան

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան, կրթական հաստատություն Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի վարչական կենտրոն Կալկաթա քաղաքում։ Հանդիսանում է հայկական սփյուռքի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից մեկը, որը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման, և ընդհանրապես, ժամանակակից հայոց պատմության նշանակալի իրողություններից է։

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
Տեսակճեմարան
Հիմնադրված է1821 թ.
ՀիմնադրիրԱստվածատուր Մուրադխանյան,
Մնացական Վարդանյան
ՆախագահՏ. Մովսես աբեղա Սարգսյան
Երկիր Հնդկաստան[1]
ՏեղագրությունԿալկաթա
Հասցե56բ, Միրզա Ղալիբի փողոց, Կալկաթա, Հնդկաստան
ԿայքARMENIAN COLLEGE & PHILANTHROPIC ACADEMY
Հայոց մարդասիրական ճեմարան (Հնդկաստան)##
Հայոց մարդասիրական ճեմարան (Հնդկաստան)
Հայոց մարդասիրական ճեմարան, Հնդկաստան

Պատմություն խմբագրել

Հիմնադրումն ու ընդարձակումը խմբագրել

Ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականին Հնդկաստանի հայ համայնքի և հայազգի բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ։ 1825 թվականին ճեմարանին է միացվել Կալկաթայի Գալուցյան հայկական դպրոցը, իսկ 1949 թվականին՝ նաև 1922 թվականին հիմնադրված Կալկաթայի Դավիթյան օրիորդաց հայկական դպրոցը։ Այն ծնունդ էր 18-րդ դարի երկրորդ կեսից Կալկաթայում սկիզբ առած դպրոցական շարժման։

Մոտ կեսդարյա փորձություններից հետո Կալկաթայում ազգային վարժարան հիմնելու գաղափար է առաջանում Ջուղայեցի բարեգործ-վաճառական Աստվածատուր Մուրադխանյանի մոտ։ Նա իր մահից առաջ 8000 հնդկական ռուփի է կտակում հայ պատանիների համար ազգային դպրոց հիմնելու նպատակին։ Իր կտակում նշում էր.

  … Թողածս մապլաղ ութն հազար ռուփի սքէն մնայ իմ կտակակատարաց ձեռնումն և կառավարութենումն որ պարտականան դնեն Ինկլիզի կումպանու խազանումն մուդաթի (տոկոսի), և մուդաթն տարէց տարի իմ կտակակատարք գդանեն, և իմ ըսդատումն ջամայ առնեն մինչ` ի Աստուծոյ ողորմութիւնն ծագի մեր բոլորովին մոլորեալ և ողորմելի ազգի վերէն` որ մտածեն այսքան մին առաջի հարկաւոր և պիտանի բան հիմնադրեն, և հաստադեն…  

Իր կտակը կազմելուց երկու տարի հետո Ա. Մուրադխանյանը մահանում է, և նրա ցանկությունը մոռացության է մատնվում շուրջ երկու տասնամյակ՝ մինչ այն պահը, երբ Ջուղայեցի մեկ այլ վաճառական` Մնացական Սմբատ Վարդանյանը որոշում է բարձրացնել ազգային վարժարանի խնդիրը։ 1816 թվականին նա տպագրում է «Հրավիրակ» անունով մի տետր, իսկ մեկ տարի անց հրապարակում կոչ, որտեղ հայերին հորդորում է վարժարանի կառուցման հարցումլինել առատաձեռն.

  …որպէս երկունք տենչանաց իմոց երկնեն զիս անդադար, նոյնպէս և ես ոչ դադարեմ յարաժամ, դիմել առ պատուելի ազգդ իմ. կոչելով զամենեսեան յօգնութիւն յայսմ ազգօգուտ ծննդեան ուսումնարանի  

Նվիրատվությունների արդյունքում Մ. Վարդանյանին հաջողվում է հավաքել 59.583 ռուփի և 1821 թվականի ապրիլի 2-ին հիմնադրել Հայոց մարդասիրական ճեմարանը։

Ճեմարանի առաջին շենքը գտնվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու մերձակայքում` հին Չանա Բազար փողոցում, որտեղ այդ ժամանակ կենտրոնացած էր կալկաթահայության մեծամասնությունը։ 1884 թվականին ճեմարանը վերջապես տեղավորվում է Ֆրի Սքուլ (Միրզա Գալիբ) փողոցի ներկայիս եռահարկ շենքում, որը գնվել է 48.000 հնդկական ռուփիով։ Այս շենքը նաև հայտնի է որպես անգլիացի վիպասան Ուիլիամ Մեկպիս Թաքրիի (1811-1863) ծննդավայր, ինչի մասին արձանագրված է ճեմարանի գլխավոր մուտքի աջ պատին` մարմարյա սալիկի վրա։ Հուշատախտակ է նվիրված նաև 1820-1850 թվականների բարերարներին` անվանումներով և հանգանակությունների գրառումներով։

1930 թվականին ճեմարանին է միացվում հարակից ընդարձակ տարածքը, որով կրթական հաստատությունը դառնում է ամբողջական։ Նույն թվականին հրապարակի հարավային կողմում Պետրոս Հ. Կրետյանի հովանավորությամբ տղաների և աղջիկների համար կառուցվում է ճեմարանի լողավազանը։

Սկզբնական շրջանում Հայոց ճեմարանն ուներ նաև օրիորդաց բաժին` իր առանձին ուսուցիչներով և դասասենյակներով, սակայն 1842 թվականին այն փակվում է։ Որոշ ժամանակ անց Հովհաննես Ավդալյանն իր տանը հիմնում է մի մասնավոր օրիորդաց վարժարան` Գալուցյան դպրոցը, սակայն որոշ ժամանակ անց այն ևս փակվում է։ 1846 թվականի փետրվարի 16-ին Շուշան Թաղիադյանը բացում է սուրբ Սանդուխտ օրիորդաց դպրոց, որը հետագայում ունենում է նաև տղաների բաժին։ Դպրոցը գործում է 6 տարի։ 1922 թվականին Դավիթ Ավետիք Դավթյան սեփական միջոցներով հիմնում է Դավթյան օրիորդաց տարրական վարժարանը, որը պահպանելով իր ինքնուրույնությունը` 1949 թվականին միանում է Հայոց ճեմարանին և դիմում է Արևմտյան Բենգալիայի Երկրորդական կրթության խորհրդին` Հայոց Մարդասիրական ճեմարանը որպես երկսեռ դպրոց ճանաչելու համար։ Դիմումն ընդունվում է 1953 թվականին և արդեն 1958 թվականին Մարդասիրական ճեմարանը ստանում է կրթական բարձր երկրորդական հաստատության կարգավիճակ։

Կրթական ծրագիրն ու կառավարման մարմինը խմբագրել

Մինչև 1870 թվականը ճեմարանն ունեցել է իր ինքնուրույն կրթական ծրագիրը, սակայն հետագայում համապատասխանեցվել է Կալկաթայի համալսարանի քննությունների պահանջներին։

Ի սկզբանե ճեմարանի բարձրագույն հսկողությունը գտնվում էր հիմնադիր անդամներից կազմված խնամակալական մարմնի ներքո` «Անդամք Հայկեան Մարդասիրական Ճեմարանին» անունով։ Անդամակցության գումարը կազմում էր 250 ռուփի, որը 1842 թվականին նվազեցվում է մինչև 200-ի։ Ճեմարանի ընդհանուր կառավարման իրավունքը պատկանում էր չորս հոգաբարձուներին` ընտրված Անդամների ընդհանուր ժողովում։ Չորս հոգաբարձուներց մեկը ընտրվում էր երեց (ավագ) հոգաբարձու, ով պետք է զբաղվեր ճեմարանի տեսչությամբ։ Վերջինս իր ավագության դիրքը մեկ տարի անց զիջում էր երկրորդ հոգաբարձուին։

Դպրոց կարող էին ընդունվել 8 տարին լրացած երեխաները և սովորում էին մինչև 18 տարին լրանալը։ Սկզբնական շրջանում ուսումը վճարովի էր։ Ուսումնական հաստատությունում բնակվող աշակերտի ամսավճարը կազմում էր 30 ռուփի։ Սննդի, բնակության և ընդունելության համար վճարվում էր 16 ռուփի, իսկ 6 ռուփի` մաքրության և նորոգության համար՝ 8: Բնակիչ աշակերտի տարիքը պետք է չլիներ 6-ից ցածր։ Այն երեխան, ում ծնողն ի վիճակի չէր վճարել, ճեմարանը, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ինքն էր հոգում ծախսերը։

Ըստ կանոնակարգի սահմանվում էր նաև ճեմարանի գլխավոր վարժապետի կամ ռեկտորի պարտավորությունները։ Վերջինս նախ պետք է լիներ հայ, տիրապետեր հայոց լեզվին և լիներ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ։ Նա ընտրվում էր ճեմարանի ընդհանրական ժողովի անդամներից։ Անգլիական լեզվի առաջին վարժապետը պետք է լիներ անգլիական եկեղեցու հետևորդ, տիրապետեր անգլերենին և լատիներենին։ Ընտրությունը կատարվում էր նախորդի սկզբունքով։ Հայ վարժապետուհու համար պարտադիր պայման էր համարվում հայերեն խոսելը։ Կանոնադրությամբ սահմանված է նաև արձակուրդի, պարգևատրության և պատժի, սննդի, հագուստի, սպասավորների և այլնի վերաբերող կանոնները։

Հայտնի է, որ 1924 թվականի հունվարի 1-ին ճեմարանին է փոխանցվում 1819-1823 թվականներին Կալկաթայում գործող հայկական տպարանը։ 1828 թվականի ապրիլի 7-ին ճեմարանում հիմնադրվել է «Արարատյան» գրադարանը, որն ուներ ամենամեծ հայկական գրքերի և ձեռագրերի հավաքածուն աշխարհում։ Ժամանակի ընթացքում կլիմայական պայմանների և անտարբերության հետևանքով գրքերի զգալի մասը ոչնչացել կամ անհետացել է։

Ճեմարանը իր պատմության առաջին հարյուրամյակում ունեցել է աշակերտների թվաքանակի կտրուկ տատանումներ։ Եթե 1865 թվականին ճեմարանում սովորել է ընդամենը 1, ապա 1874 թվականին՝ 74 աշակերտ, իսկ 1932 թվականին՝ 138 աշակերտ։

Կանոնադրության փոփոխությունն ու ճեմարանի փակվելու վտանգը խմբագրել

Ճեմարանի կառավարումն ավելի կանոնավոր հիմքերի վրա դնելու համար 1879 թվականին Բենգալիայի Բարձրագույն Ատյանում Ընդհանուր իրավաբանի կողմից ընդդեմ ճեմարանի ժամանակի հոգաբարձուների և անդամների սկսվում է մի դատ, որը հանգեցնում է ճեմարանի նոր կանոնադրությանը։ Դատարանի կողմից այն հաստատվում է 1883 թվականին։ Կանոնադրությունը մանրամասն ճշգրտում է ճեմարանի խնամակալական մարմնի և հոգաբարձուների իրավասությունները, սակայն որևէ փոփոխություն չի նախատեսվում դպրոցի ընթացիկ ներքին կարգուկանոնի հետ կապված։ Նոր կանոնադրությամբ ճեմարանի հոգաբարձուների թիվը չորսից իջեցվում է երեքի, իսկ խնամակալական մարմնի անդամների թիվը հասցվում 12-ի։ Այս շրջանից սկսած նախապատվությունը տրվում է անգլերենի ուսուցմանը` ի վնաս հայերենի։ Միաժամանակ ճեմարանը սկսում է համագործակցել Կալկաթայի համալսարանի հետ, իսկ 1880-ական թվականների վերջին կրթօջախի տնօրինությունը անցնում է անգլիացի տեսուչների ձեռքը։ Այս վիճակը պահպանվում է մինչև 1952 թվականը։ 20-րդ դարի երկրորդ կեսին դպրոցը հայտնվում է ծանր վիճակում, անկում է ապրում կրթական մակարդակը։

Ճեմարանի գործունեությունը մեր օրերում խմբագրել

Հնդկահայ համայնքը ճեմարանի փրկության հույսը կապում է Հայ Առաքելական եկեղեցու հետ։ 1998 թվականին դիմում է Կալկաթայի Բարձրագույն դատարան՝ ճեմարանի վարչական իրավասությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու համար։ 1999 թվականի փետրվարի 15-ին Կալկաթայի Բարձրագույն դատարանը որոշեց Հայոց մարդասիրական ճեմարանը հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, ինչով էլ սկսվում է կրթական հաստատության պատմության նոր փուլը։ Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը։ Վերահսկվում են ուսումնական ծրագրերը, կադրային նշանակումներն ու փոփոխությունները, դպրոցի վիճակն ու խնամքը։

1999 թվականին Կալկաթա է գալիս Հայաստանից ժամանած աշակերտների առաջին խումբը։ Արդեն 2003 թվականին կրթօջախում ուսում էր ստանում 149 երեխա։ Հետագայում նկատվում է աշակերտների թվի նվազում։ Ներկայումս հաստատությունում սովորող աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է (տարեկան 10-15 աշակերտ)։ Այստեղ են սովորում նաև հայ աշակերտներ Իրանից, Իրաքից և Սիրիայից։

Ներկայում սաների և ուսուցիչների կեցության, գրենական պիտույքների, ուսման վարձի և աշխատավարձերի ծախսերն ամբողջովին հոգում է ճեմարանը։ Ուսուցման լեզուն հիմնականում անգլերենն է։ Ճեմարանում, հայագիտական և բնագիտական առարկաներց բացի, աշակերտները սովորում են նաև հնդկերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն։ Բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում շարունակելու ուսումը Հնդկաստանի և աշխարհի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Ճեմարանի կառավարիչն է Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, կառավարչի օգնականը՝ Վարազդատ սարկավագ Քոչարյանը։ Տնօրենի պարտականությունները հանձնարաված է Սումիտրա Մալիկին։

Ճեմարանի հասցեն է՝ Հնդկաստան, Կալկաթայի Միրզա Ղալիբի փողոց 53բ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 200