Հայկ Խանլարյան
Հայկ Միքայել Խանլարյան (1900, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվար 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։
Ծնվել է | 1900 |
---|---|
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվար 1962 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան (1918) և Երևանի պետական համալսարան (1922) |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Խանլարյանը ծնվել է 1900 թվականին Շուշիում, 1-ին գիլդիայի վաճառական Միքայել Խանլարյանի և տնային տնտեսուհի Ալիսա Վարունցի ընտանիքում։ Ունեցել է 7 եղբայր և 3 քույր։ 1908-1918 թվականներին սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, 1920-1922 թվականներին՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1922-1925 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում։ 1925-1930 թվականներին աշխատել է Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի հոգեբուժական կլինիկայում՝ պրոֆեսոր Վ. Գիլյարովսկու ղեկավարությամբ։ 1927 թվականի մարտի 2-ին Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի նյարդաբուժական և հոգեբուժական կլինիկաների միացյալ գիտաժողովում հանդես է եկել «Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին» զեկույցով։ 1930-1941 թվականներին ապրել է Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի Պոկրովսկոյե-Մեշչերսկոյե ավանում և աշխատել տեղի Վ. Յակովենկոյի անվան թիվ 2 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ նախ որպես օրդինատոր, ապա՝ գլխավոր բժիշկ։ 1934 թվականի նոյեմբերի 11-ին Վ. Յակովենկոյի անվան հոգեբուժական հիվանդանոցի գիտաժողովում և դեկտեմբերի 1-ին Մոսկվա մարզային առողջապահության վարչության Փսիխոնևրոլոգիայի և փսիխոհիգենայի ինստիտուտում հանդես է եկել «Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին» զեկույցով։ 1941-1962 թվականներին աշխատել է Մոսկվայի թիվ 1 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես օրդինատոր, գլխավոր բժիշկ։ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում եղել է թիկունքի հոսպիտալների հոգեբույժ-խորհրդական։ Ունեցել է բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում։ Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչը, Մոսկվայի Կրեմլյան հիվանդանոցի հոգեբույժ-խորհրդական։ Աշխատել է պրոֆեսոր Ե. Կրասնուշկինի հետ միասին։
Գիտական աշխատանքները վերաբերում են ցնորքներով, վերաբերման զառանցանքով, հոգեշարժական գրգռվածությամբ ուղեկցվող գիտակցության մթնշաղային վիճակների կլինիկային, արյան փոխներարկման միջոցով հոգեկան հիվանդությունների բուժման խնդիրներին։
Հեղինակ է տարբեր գիտական հոդվածների և մեկ մենագրության։
Մահ
խմբագրելՄահացել է 1962 թվականի հունվարին, Մոսկվայում։ Աճյունասափորը թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։
Երկեր
խմբագրել- Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին, Մոսկվա, 1927։
- Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին։ Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 3, Մոսկվա, 1936, 105-131։
- Պիկի հիվանդության մասին ուսմունքի վերաբերյալ։
- Շիզոֆրենիան ինսուլինով բուժելու փորձը մեծ հոգեբուժական հիվանդանոցում։ Կենտրոնական հոգենևրոլոգիական ինստիտուտի 9-րդ գիտական նստաշրջանը «Շիզոֆրենիայի բուժումը» թեմայով, զեկուցումների թեզիսները, Խարկով, 1938։
- Հոգեկան հիվանդների բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1945։
- Շիզոֆրենիայի բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1946։
- Դեպրեսիվ վիճակների բուժման և դասակարգման մասին։ Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 10, Մոսկվա, 1950։
- Այլախումբ արյուն ներարկելու ժամանակ հոգեհիվանդների մոտ մազանոթային արյունաշրջանառության դինամիկայի մասին (համահեղինակ)։
- Հոգեկան հիվանդությունների հեմոթերապիայի հարցերը պրոֆեսոր Լ. Ռոխլինի խմբագրությամբ, Մոսկվա, 1959, 56 էջ։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։