Հայդար փաշա մզկիթ (հունարեն՝ Χαϊντάρ-πασά τζαμί Chaintár-pasa Tzamí, թուրքերեն՝ Haydarpaşa Camii), նախկինում՝ Սուրբ Կատերինե եկեղեցի, պատմական մզկիթ Նիկոսիայի հյուսիսային հատվածում։ Այն համարվում է Նիկոսիայի ամենակարևոր գոթական կառույցներից՝ զիջելով միայն Այասոֆիա մզկիթին, որը նախկինում ֆրանկական ոճով տաճար էր[3]։ Հարրի Չարլզ Լյուքը այն նկարագրել է՝ որպես կղզու գոթական ոճով կառույցների լավագույն օրինակներից մեկը։

Հայդար փաշա մզկիթ
Տեսակեկեղեցի, մզկիթ և պատկերասրահ
Երկիր Կիպրոս[1][2] և  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
ՏեղագրությունՆիկոսիա[2] և Հյուսիսային Նիկոսիա
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Անվանված էԵկատերինա Ալեքսանդրացի
Հիմնադրված է14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այն կառուցվել է 14-րդ դարում Կիպրոսի թագավորության շրջանում՝ որպես Սուրբ Կատերինե եկեղեցի[4]։ 1570 թվականին օսմանցիների կողմից Նիկոսիայի գրավումից հետո ինչպես շատ այլ եկեղեցիներ, այնպես էլ սա վերածվել է մզկիթի։ Ավելի կոնկրետ այն մզկիթի վերածվել 1571 թվականին՝ մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած զորավարներից մեկի պատվին անվանակոչվելով Հայդար փաշա[5]։ Այն նաև պատմականորեն հայտնի է եղել որպես Ağalar Camisi՝ «Աղաների մզկիթ», քանի որ այն եղել է մոտակայքում բնակվող տեղական թուրք արիստոկրատիայի մշտական այցելության վայրը[6]։ Այն գտնվում է Կիրիլզադե փողոցի վրա[7]։

Կառուցվածք խմբագրել

Կառույցի աջ կողմում ենթադրաբար գտնվում է սուրբ Կատերինեի գերեզմանը, ուր մինչ օրս էլ հույն կիպրոսցիները այցելում են և նավթի լամպեր վառում։ Ճակատամուտքը գոթական ոճի է, որի կամարակապ քիվն ունի կակաչատիպ վերջնամաս։ Դրա վրա քանդակված է նաև Կատրինի անիվ՝ տանջալից մահապատժի գործիք։ Աջ կողմում գտնվում է մինարեթը, որը հին քաղաքում Այասոֆիայից հետո ամենաբարձրն է համարվում[8]։

Կառույցն ունի երեք դուռ։ Արևմտյան դռան վրա կա մարմարե ճակատաքար, որի վրա վարդ է քանդակված երկու վիշապների արանքում. այս նախշը կրկնված է երեք անգամ։ Ուշագրավ են հարավային դռան գոթական ոճի որմնաքանդակները՝ Լուսինյանների տարբերանշանների մանրամասն փորագրությունները և դեկորատիվ կակաչը։ Հյուսիսային դուռն առավել պարզ է՝ ներկայացնելով զարդանախշեր մերկ կնոջ կերպարով՝ ձեռքին ձկնանման և վիշապանման պատկերներ[9]։

Ձախ կողմում՝ մզկիթին կից, կիսավեր շինություն է, որի միայն մի քանի գոթական կամարներն են մնացել։ Աջ կողմում կա նաև զարդանախշերով և գագաթնազարդերով ճակատամուտք։ Վերևին հատվածում գռոտեսկ ջրհորդաններով որմնահեցերի միջև ընկած տարածությունը զբաղեցնում են գոթական ոճով երեք պատուհանները, որոնցից երկուսը բաժանված են բարակ սյուներով։ Մզկիթի ձախ կողմում նմանատիպ որմնահեցեր կան և մի տեսակ քառակուսի աշտարակ[9]։

Շինության ներքին մասը կրային լուծույթով պատված է եղել և բավականին վնասված[8], սակայն 20-րդ դարի սկզբին կրային լուծույթի շերտը հեռացվել է, և պատերին երևում են նկարների հետքեր[3]։ Կամարին որպես նեցուկ են ծառայում գոթական երկու աղեղները՝ խաչված կողերով։ Խորանում խմբավորված սյուների վրա հենված 6 կամարները պորտաքարից վեր են խոյանում[8]։ Խորանից հյուսիս գտնվում է ավանդատունը, որի կամարին որպես նեցուկ են ծառայում մարդկային գլխով գերանակալները[3]։

Ինչպես միհրաբը (դեպի Մեքքա ուղղությունը), այնպես էլ մինբարը (ամբիոն) գտնվում են մզկիթի աջ կողում[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 "Historic Cyprus - A Guide to its Towns and Villages, Monasteries and Castles", by Rupert Gunnis (former Inspector of Antiquities in Cyprus), pub 1936, reprinted 1973 by Halkin Sesh Ltd, Nicosia. Pp 58-60
  4. «Haydarpasha Mosque (St Catherine's Church)». Cypnet. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  5. «Haydarpasha Mosque description and photos - Cyprus: Nicosia». Useful Articles About Traval For Tourists. Description Of The Countries, Health Resorts. (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  6. Keshishian, Kevork K. Nicosia: Capital of Cyprus Then and Now (2nd ed.). Nicosia: The Moufflon Book and Art Centre. էջ 186.
  7. Gürkan, Haşmet Muzaffer. Dünkü ve Bugünkü Lefkoşa (Turkish) (3rd ed.). Galeri Kültür. էջեր 128–132. ISBN 9963660037.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Levkosia, the capital of Cyprus" by Archduke Louis Salvator, 1881
  9. 9,0 9,1 «Haydarpasha Mosque». Visit North Cyprus (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.