Հայաստանի ժողովրդագրություն

Հայաստանում ժողովրդագրության հաշվարկումը խմբագրել

Ժողովրդագրության կարևորությունը խմբագրել

Ազատական տնտեսակարգի պայմաններում պետությունն իրականացնում է ոչ միայն տնտեսության կարգավորման քաղաքականություն, այլ նաև սոցիալական։ Արդյունավետ սոցիալական քաղաքականության մշակումն ու իրացումը անհնար է առանց հստակ պատկերացում ունենալու այն օբյեկտի մասին, որին ուղղված է այդ քաղաքականությունը։ Այս առումով, էապես կարևորվում է երկրի բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ունենալու անհրաժեշտությունը։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվություն ունենալը անհրաժեշտ է նաև տնտեսության բոլոր ճյուղերի և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների զարգացման համար։

Հիմնական աղբյուրները խմբագրել

Բնակչության վիճակագրական հաշվառման միավորներ են հանդիսանում մարդը, ընտանիքը, տնային տնտեսությունը և բնակավայրը։

Բնակչության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հիմնական աղբյուրը մարդահամարներն են, որոնք իրականացվում են, որպես կանոն, տաս տարին մեկ պարբերականությամբ։ Մարդահամարների ծրագրերը նախատեսված են բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, բնակության վայրի, բնակարանային պայմանների, ընտանեկան դրության, ազգության, հավատալիքների, կրթության և այլ ցուցանիշների մասով տեղեկություններ հավաքագրելու համար։

Հայաստանի անկախության պայմաններում առաջին մարդահամարն իրականացվել է 2001 թվականին հոկտեմբեր ամսին։ Միջմարդահամարային ժամանակահատվածում բնակչության վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով, ընթացիկ հաշվառումից զատ, կարող են իրականացվել սոցիալ-ժողովրդագրական ընտրանքային հետազոտություններ։ Բնակչության ընթացիկ հաշվառման շնորհիվ, որն իրականացվում է միջմարդահամարային ժամանակահատվածի բոլոր տարիների համար, բնակչության վերաբերյալ տվյալները ճշգրտվում են բնակչության բնական և մեխանիկական շարժի ցուցանիշների հաշվարկման օգնությամբ։

Բնակչության բնական շարժի վիճակագրությունը հենվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վրա, որոնք քաղաքացիների ծնունդներն ու մահերը հավաստող և արձանագրող պաշտոնական փաստաթղթեր են և Հայաստանում տրվում են Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից։ Այդ ակտերը, որպես կանոն, իրավասու մարմինների կողմից լրացվում են երկու օրինակով, որոնցից մեկը տրամադրվում է ազգային վիճակագրական ծառայությանը՝ բնակչության ընթացիկ հաշվառումն իրականացնելու նպատակով։ Ծննդյան, մահվան, ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ ակտերը ներառում են ցուցանիշների լայն 2 սպեկտ՝ սեռ, տարիք, մշտական բնակության վայր, ընտանեկան դրություն, ազգություն, մահվան պատճառ և այլն։

Վիճակագրական ծառայությանը տրամադրվող տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խմբավորել ցուցանիշները և ընդլայնել ժողովրդագրական վիճակի վերլուծության շրջանակը։

Բնակչության թվաքանակ խմբագրել

 
Բնակչության թվաքանակն ըստ տարիների

Բնակչության ընթացիկ հաշվառման ցուցանիշներից սոցիալ-տնտեսական վիճակագրությունում լայնորեն կիրառվում է բնակչության թվաքանակը։ Այն, որպես կանոն, հաշվարկվում է օրացուցային տարվա սկզբի կամ վերջի դրությամբ և որպես միջին տարեկան ցուցանիշ։ Որոշակի ժամանակահատվածում բնակչության թվաքանակի մեծության փոփոխությունը դիտարկվում է որպես բնակչության թվաքանակի ընդհանուր հավելաճ և հաշվարկվում է որպես օրացուցային տարվա սկզբի և վերջի դրությամբ ստացված արդյունքների տարբերություն։ Այն դեպքում, երբ տարվա սկզբի դրությամբ թվաքանակը գերազանցում է տարվա վերջի դրությամբ ցուցանիշին, ապա ընդհանուր հավելաճի փոխարեն արձանագրվում է բնակչության թվաքանակի ընդհանուր անկում կամ նվազում։

Բնակչության միջին տարեկան թվաքանակն իրենից ներկայացնում է օրացուցային տարվա սկզբի և վերջի դրությամբ թվաքանակաների միջին թվաբանական։ Այս ցուցանիշը լայնորեն կիրառվում է մակրոտնտեսական և վիճակագրական ցուցանիշները բնակչության մեկ շնչի հաշվով հաշվարկելիս (ՀՆԱ, եկամուտներ, սպառում և այլն)։

Տնտեսական վերլուծության նպատակներից կամ խնդիրներից կախված՝ օգտագործվում է բնակչության թվաքանակի հետևյալ ցուցանիշները՝ մշտական բնակչություն և առկա բնակչություն։

Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում՝ ներառյալ մարդահամարի պահին և ընթացիկ հաշվառման ժամանակ ժամանակավոր (մինչև 1 տարի) բացակայողները։

Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին կամ ընթացիկ հաշվառման ժամանակ իրենց մշտական բնակության վայրից բացակայում են մինչև 1 տարի ժամանակով։

Առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում՝ ներառյալ ժամանակավոր բնակվողները։

Ժամանակավոր բնակվողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են իրենց մշտական բնակության վայրը չհանդիսացող տարածքում ոչ ավել մեկ տարի ժամանակով։

Հայաստանում բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումը տարվում է 2011 թվականին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց յուրաքանչյուր տարի գումարվում է տվյալ տարածքում ծնվածների և եկողների թվաքանակն ու հանվում՝ մահացածների ու տվյալ տարածքից մեկնածների թվաքանակը։

Բնակչության վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն են ներկայացնում բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Սեռային բաշխման ցուցանիշները էական դերակատարում ունեն մասնավորապես կանանց հիմնախնդիրների լուծմանը միտված քաղաքականությունների մշակման ժամանակ։ Տարիքային կազմը բնութագրող ցուցանիշներն արտացոլում են ոչ միայն անցյալում վերարտադրության գործընթացները, այլ նաև՝ բնութագրում են ապագայում ակնկալվող վերարտադրության հեռանկարները։ Բնակչության տարիքային կառուցվածքի վերլուծությունը օգտագործվում է տնտեսական և սոցիալական 3 քաղաքականությունների մշակման ժամանակ։

Սոցիալ-տնտեսական վիճակագրությունում կիրառվում է բնակչության տարիքային հետևյալ բաշխումը.

  • աշխատունակ տարիքից ցածր բնակչություն,
  • աշխատունակ տարքի բնակչություն,
  • աշխատունակ տարիքից բարձր բնակչություն։

Բնակչության կառուցվածքում դրական միտումները կամ առաջընթացը գնահատվում է երեխաների թվաքանակի և աշխատունակ տարիքի անձանց թվաքանակի աճով, քանզի այդ ցուցանիշների օգնությամբ կարելի է եզրակացնել բնակչության ծերացման, երիտասարդացման կամ կայուն կառուցվածքի մասին։ Բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունների դինամիկան էապես ազդում է ժողովրդագրության և սոցիալական ոլորտում իրականացվող քաղաքականության վրա, ինչպես նաև դրանք հաշվի են առնվում բնակչության շահերը շոշափող տնտեսական որոշումներ կայացնելիս։

Բնակչության կենսաձևից, զբաղվածությունից և բազմաթիվ այլ հատկանիշներից կախված, իրականացվում է բնակչության խմբավորում նաև ըստ բնակության վայրի՝ քաղաքային և գյուղական։ Թեև տեսականորեն այսպիսի խմբավորման համար հիմք է ընդունվում տվյալ բնակավայրի բնակչության թվաքանակը, այնուհանդերձ, պրակտիկայում, որպես կանոն, հենվում են երկրի վարչատարածքային բաժանման մասին օրենսդրության վրա։ Ըստ այդմ՝ Հայաստանում քաղաքային և գյուղական են համարվում այն բնակավայրերը, որոնք այդպիսիք ճանաչվել են ՀՀ վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի օրենքով։

Բնակչության թվաքանակի և բնակության վայրի հարաբերակցությունն արտահայտվում է բնակչության խտություն գործակցով, որը հաշվարկվում է բնակչության թվաքանակը հարաբերելով բնակության վայրի միավոր մակերեսին (սովորաբար 1մ2 ):

Առանձին բնակիչներից կամ անհատներից բացի, բնակչության վիճակագրության հաշվառման միավոր է հանդիսանում նաև ընտանիքը։ Մարդահամարների իրականացման ժամանակ ընտանիք է համարվում ազգակցական կապերով կապված և համատեղ բնակվող մարդկանց խումբը։ Խորհրդային ժամանակներում կիրառվող այս մեթոդաբանական սահմանումը, թերևս, կորցրել է իր արդիականությունը և համաձայն ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի և Եվրոստատ-ի երաշխավորությունների, առավել կիրառական է Տնային տնտեսությունը, որպես բնակչության հաշվառման միավոր։ Տնային տնտեսությունը համատեղ ապրող մարդկանց խումբն է, որոնք ունեն միասնական բյուջե, կատարում են միասնական ծախսեր և միասին են ընդունում որոշումներ, ազգակցական կապերի առկայությունը պարտադիր չէ։ Տարբերում են մասնավոր տնային տնտեսություններ և կոլեկտիվ տնային տնտեսություններ։ Երկրորդները ոչ ամբողջությամբ են համապատասխանում ընդունված սահմանմանը։ Թեև այս տնային տնտեսության անդամները ևս բնակվում են համատեղ, սակայն նրանք չունեն ոչ միայն ընդհանուր, այլև անհատական բյուջեներ։ Կոլեկտիվ տնային տնտեսությունների օրինակներ են տուն ինտերնատները ծերերի և հաշմանդամների համար, որբանոցները և այլն։

Բնակչության ընթացիկ հաշվառումը, բնական աճ խմբագրել

 
Հայաստանի բնակչության բնական շարժը

Բնակչության ընթացիկ հաշվառումը, որն արձանագրում է միջմարդահամարային ժամանակահատվածում բնակչության թվաքանակի փոփոխությունները՝ հենված է բնակչության բնական և մեխանիկական շարժերի ուսումնասիրության և հաշվառման վրա։

Բնակչության բնական շարժը՝ ծնունդները, մահերը, ամուսնությունները և ամուսնալուծությունները, բնութագրում է տվյալ երկրի բնակչության ընդհանուր վերարտադրությունը։ Այս գործընթացների արդյունքը արձանագրվում է բնակչության բնական հավելաճ ցուցանիշով։

Ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին տեղեկությունները մշակվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմիններում՝ ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսալուծությունների մասին կազմվող ակտերում բովանդակվող տարեկան վիճակագրական տվյալների հիման վրա։ Ծնվածների թվաքանակում ներառվում են միայն կենդանի ծնվածները։

Բնական հավելաճը տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվաքանակների տարբերությունն է։

Բնակչության ծնելիությունն արտացոլվում է Ծնելիության ընդհանուր գործակցով՝ որը բնութագրում է ծնելիության ինտենսիվությունը ողջ բնակչության հետ հարաբերությամբ, այսինքն՝ հաշվի առած բոլոր տարիքային խմբերը։ Այն հաշվարկվում է կենդանի ծնվածների թվաքանակը հարաբերելով բնակչության միջին տարեկան թվաքանակին և ներկայացվում է 1000 բնակչի հաշվով։

Ծնելիության տարիքային գործակիցները բնութագրում են յուրաքանչյուր տարիքային խմբի կանանց ծնելիության միջին տարեկան մակարդակը։ Բնակչության վերարտադրությունը բնութագրող մյուս կարևորագույն ցուցանիշներից են ծնելիության բրուտտո գործակիցը և նետտո գործակիցը։

Վերարտադրության բրուտտո գործակիցը ցույց է տալիս, թե միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, եթե պահպանվի ծնելիության տվյալ տարվա մակարդակը։ Վերարտադրության նետտո գործակիցը ցույց է տալիս, թե միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին՝ իրենց ծնվելուց, յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում։

Բնակչության մահացությունը չափվում է մահացության ընդհանուր գործակցով, որը ներկայացվում է որպես մահացածների թվի հարաբերություն բնակչության միջին տարեկան թվաքանակին՝ հաշվարկվում է 1000 բնակչի հաշվով։ Բնակչության մահացության վերաբերյալ կարևոր տեղեկատվություն են ներկայացնում մինչև 1 տարեկան հասակը մահացած երեխաների վերաբերյալ տվյալները։ Վերջինս հաշվարկվում է մանկամահացության ընդհանուր գործակցով և բնութագրում է մինչև մեկ տարեկան մահացածների թվի հարաբերությունը կենդանի ծնվածների թվաքանակին։ Երեխաների մահացությունը (մինչև 5 տարեկան) ևս ներառված է սոցիալական կարևորագույն ցուցիչների շարքում։ Մահացությունը բնութագրող մյուս ցուցանիշը ըստ մահվան պատճառների մահացության գործակիցն է, որը բնութագրում է որոշակիորեն երկրում սոցիալական և առողջապահական վիճակը։ Կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից տարիների այն թիվն է, որ ծնվող սերունդը, միջին հաշվով պետք է ապրի, պայմանով, որ այդ սերնդի ողջ կյանքի ընթացքում մի տարիքից մյուսն անցնելիս, մահացությունը յուրաքանչյուր տարիքում հավասար լինի բնակչության մահացության տվյալ ժամանակահատվածի մակարդակին։

Բնակչության մեխանիկական շարժի ցուցանիշներ խմբագրել

Բացի բնական շարժից, բնակչության թվաքանակն էապես կախված է նաև մեխանիկական շարժից։ Բնակչության միգրացիան մարդկանց տեղաշարժն է սահմանների (երկրի, տարածաշրջանի, մարզի և այլն) հատումով՝ կապված բնակության վայրի փոփոխության հետ։ Միգրացիայի գործընթացներին մասնակից անձը կոչվում է միգրանտ, ընդ որում՝ երկրից հեռացող միգրանտը կոչվում է մեկնող, իսկ այլ երկիր ժամանող միգրանտը՝ եկող։ Բնակչության միգրացիայի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության տարածքային արձանագրային ծառայություններից ստացվող «եկողների» և «մեկնողների» վիճակագրական հաշվառման կտրոններում բովանդակվող տվյալների մշակման արդյունքում։ Այս ճանապարհով ստացված տեղեկատվությունն արտացոլում է միայն պաշտոնապես գրանցվող տվյալները միգրացիայի վերաբերյալ։ Սակայն, դեռևս անցյալ դարի 90-ական թվականների սկզբին Հայաստանում լայն թափ ստացավ պաշտոնապես չհաշվառվող միգրացիան, որի արդյունքում, ի վերջո, 2001 թվականի և 2011 թվականի մարդահամարների ժամանակ արձանագրվեց մշտական բնակչության թվաքանակի անկում։

Բնակչության միգրացիայի վերաբերյալ տվյալները ստացվում են Հայաստանի կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրամադրվող եկողների և մեկնողների վիճակագրական հաշվառման կտրոնների (դրանք կազմվում են ըստ բնակության վայրի բնակչության հաշվառման և հաշվառումից դուրս գրման ժամանակ) վիճակագրական մշակման արդյունքում։ Արտաքին ուղևորափոխադրումների (hանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնումների) վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ հսկիչ անցագրային կետերով՝ օդային (ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից), ավտոմոբիլային («Բավրա», «Գոգավան», «Բագրատաշեն» և «Մեղրի» հսկիչ անցագրային կետերով) և երկաթուղային («Այրում» կայարանով) տրանսպորտով իրականցված ուղևորաշրջանառության ամփոփ ծավալներով, որը տրամադրվում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից։ Միգրացիայի վերաբերյալ վերոհիշյալ վարչական տեղեկատվական աղբյուրներին այլընտրանք է տնային տնտեսությունների հետազոտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում տեղեկություններ ստանալ միգրացիայում գտնվող 15 և բարձր տարիքի տնային տնտեսության անդամների գտնվելու վայրի և մեկնելու պատճառների վերաբերյալ։

Մեթոդաբանություն խմբագրել

Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց ամեն տարի գումարվում են կենդանի ծնվածների և եկողների թվաքանակի ու հանվում՝ մահացածների և տվյալ տարածքից մեկնածների թվաքանակի ցուցանիշները։ Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը միջմարդահամարային տարիների համար ճշգրտվում է՝ կատարելով հետադարձ վերահաշվարկ, հիմք ընդունելով վերջին մարդահամարի արդյունքները։

Բնակչության բաշխումը քաղաք/գյուղ կտրվածքով կատարվում է ըստ նրանց բնակության (հաշվառման) վայրի։ Քաղաքային են համարվում այն բնակավայրերը, որոնք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքով սահմանված են որպես քաղաքներ, մնացած բնակավայրերը, որոնք օրենքով սահմանված են որպես գյուղեր՝ համարվում են գյուղական։

Մարդահամարի պահին հաշվի է առնվում բնակչության երկու կատեգորիա.

  • Մշտական բնակչություն՝ տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակի ցուցանիշները,
  • Առկա բնակչություն՝ տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակի ցուցանիշները։

Ժամանակավոր բացակա բնակչություն է համարվում՝ մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա բնակչությունը։ Ժամանակավոր բնակվող բնակչություն է համարվում մարդահամարի պահին տվյալ տարածքում ոչ ավել քան մեկ տարի ժամկետով ներկա գտնվող և մշտապես չբնակվող բնակչությունը։

Աշխատունակ տարիքի բնակչությանը վերագրվել են, մինչև 01.01.1997 թվական՝ 16-59 տարեկան տղամարդիկ և 16-54 տարեկան կանայք, 01.01.1997 թվականից՝ 16-60 տարեկան տղամարդիկ և 16-55 տարեկան կանայք, 01.01.1999 թվականից՝ 16-61 տարեկան տղամարդիկ և 16- 56 տարեկան կանայք, 01.01.2001 թվականին՝ 16-62 տարեկան տղամարդիկ և 16-57 տարեկան կանայք, իսկ 01.01.2002 թվականին՝ 16-62 տարեկան տղամարդիկ և 16-58 տարեկան կանայք, համաձայն համապատասխան ժամանակաշրջանների համար գործող օրենսդրության։ 01.01.2003 թվականին սկսած աշխատունակ տարիքի բնակչության կազմում ներառված են 16-62 տարեկան տղամարդիկ, իսկ կանանց կազմում՝ 01.01.03 թվականից՝ 16-58, 01.01.05 թվականից՝ 16-59, 01.01.07 թվականից՝ 16-60, 01.01.09թ-ից.՝ 16-61 տարեկանները։

Ժողովրդագրական խնամառության գործակիցը հաշվարկվում է որպես 0-15 տարեկան և 60 ու բարձր տարիքի բնակչության հարաբերակցությունը 16-59 տարեկան բնակչության նկատմամբ։

Ծնունդների մասին տեղեկությունները ստացվում են ծննդյան վերաբերյալ ակտերի հիման վրա, որոնք տրամադրվում են Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) տարածքային բաժինների կողմից։

Ընդ որում, 2005 թվականին հոկտեմբերի 16-ից կիրառության մեջ են դրվել «կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի» Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանումները՝ հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան (Հայաստանի կառավարության 2005 թվականին հունիսի 16-ի թիվ 949 –Ն որոշում)։

Կենդանածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուսբերումն անկախ հղիության ժամկետից, որից հետո պտուղը շնչում կամ ցուցաբերում է կյանքի որևէ այլ նշան՝ ինչպիսիք են. սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները, անկախ նրանից, թե արդյոք կտրված է պորտալարը, և կամ անջատված է ընկերքը։ Այդպիսի ծննդի յուրաքանչյուր արգասիք համարվում է կենդանածին։ ՔԿԱԳ տարածքային մարմիններում գրանցման են ենթակա 500գ և ավելի քաշով կենդանածնության բոլոր դեպքերը։

Ծնելիության ընդհանուր գործակիցը հաշվարկվում է որպես ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշների հարաբերություն, 1000 բնակչի հաշվով։

Ծնելիության տարիքային գործակիցները բնութագրում են յուրաքանչյուր տարիքային խմբի կանանց ծնելիության միջին տարեկան մակարդակը։

Դրանք հաշվարկվում են որպես տվյալ տարիքային խմբի կանանց մոտ տարվա ընթացքում ծնվածների թվաքանակի և ընթացիկ գնահատման արդյունքներով ստացված այդ տարիքի կանանց միջին տարեկան թվաքանակի հարաբերություն։

Մինչև 20 տարեկան տարիքային խմբի համար գործակցի հաշվարկման ժամանակ որպես հայտարար ընդունված է 15-19 տարեկան կանանց թվաքանակը։ 15-49 տարեկան տարիքային խմբի համար գործակցի հաշվարկման ժամանակ համարիչում հաշվի են առնվում բոլոր կենդանածինները, ներառյալ ինչպես մինչև 15 տարեկան, այնպես էլ 50 տարեկանից բարձր մայրերի մոտ։ Ծնելիության գումարային գործակիցը կամ պտղաբերության գործակիցը բնութա- գրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում։

Մեռելածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, որից հետո պտուղը չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի այլ նշան՝ ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները։ Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցվում և պերինատալ մահացության ցուցանիշում ներառվում են 500գ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մեռելածնության դեպքերը։ Պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրից), երբ ծննդյան քաշը նորմայում 500 գրամ է և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո։ 8 Շուրջծնական (պերինատալ) մահացությունը հավաքական հասկացություն է, որն ամփոփում է կենսունակ պտղի մահացությունը պերինատալ շրջանում՝ սկսած հղիության 22 շաբաթից մինչև մոր ծննդաբերության ընթացքը, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ ու մանկան կյանքի մինչև 168 ժամը (0-6 oրական) տեղի ունեցած մահացությունը։

Պտղի մահ է համարվում բեղմնավորման արգասիքի մահը մինչև մոր օրգանիզմից նրա լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, անկախ հղիության ժամկետից։ Մահվան մասին են վկայում մոր օրգանիզմից պտղի անջատումից հետո շնչառության կամ կյանքի որևէ այլ նշանի (ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները) բացակայությունը։ Նորածնային (նեոնատալ) մահացությունը կենդանածինների մահացությունն է կյանքի առաջին 28 լրացած օրերի (4 շաբաթվա) ընթացքում։ Այն բաժանվում է վաղ նորածնային մահացության՝ մանկան մահը կյանքի 1-ին շաբաթում և ուշ նորածնային մահացության՝ 7-րդ օրվանից հետո, բայց մինչև 28 լրացած օրը։ Կյանքի 28 լրացած օրվանից մինչև 12 ամսական հասակում մանկան մահացությունը բնութագրվում է որպես հետնորածնային (պոստնեոնատալ) մահացություն։ Մանկական մահացության ցուցանիշը բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը։

Մանկական մահացության գործակիցը (m0) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

որում՝

  • M1-ը - մինչև 1 տարեկան հասակում մահացածներից այն թվաքանակն է, որոնք ծնվել են գործակցի հաշվարկման տարում,
  • M−1–ը - մինչև 1 տարեկան հասակում մահացածներից այն թվաքանակն է, որոնք ծնվել են գործակցի հաշվարկմանը նախորդող տարում,
  • N1-ը - գործակցի հաշվարկման տարվա ծնվածներն են,
  • N−1-ը - գործակցի հաշվարկմանը նախորդող տարվա ծնվածներն են։

Երեխաների մահացության ցուցանիշը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում 0-4 տարեկան հասակի երեխաների մահացությունը։ Երեխաների մահացության գործակիցը ներկայացնում է 0-4 տարեկան հասակում մահացած երեխաների թվաքանակի հարաբերությունը կենդանի ծնվածների ցուցանիշին։ Հաշվարկվում է 1000 կենդանի ծնվածի հաշվով։ Մահվան դեպքերի մասին տեղեկությունները ստացվում են մահվան վերաբերյալ ակտերի հիման վրա, որոնք տրամադրվում են ՀՀ արդարադատության նախարարության 9 քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱ) տարածքային բաժիններից։ Մահացության ընդհանուր գործակիցը հաշվարկվում է որպես հաշվետու տարում արձանագրված մահվան դեպքերի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերություն, 1000 բնակչի հաշվով։

Մահացության տարիքային գործակիցները բնութագրում են յուրաքանչյուր տարիքային խմբում մահացության միջին մակարդակը։ Դրանք հաշվարկվում են հաշվետու տարվա ընթացքում, տվյալ տարիքում մահացածների թվաքանակի և ընթացիկ գնահատման արդյունքներով ստացված, համապատասխան տարիքի բնակչության միջին տարեկան թվաքանակի (մշտական բնակչություն) հարաբերությամբ։

Մահվան պատճառների մասին տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մահվան մասին բժշկի կողմից կազմված մահվան բժշկական վկայագրերում մահացության պատճառների վերաբերյալ կատարված գրանցումները։ Հիշատակված փաստաթղթերը՝ մահվան վերաբերյալ ակտի հետ միասին, վիճակագրական մշակման համար տրամա- դրվում են վիճակագրական մարմիններին։ Մինչև 2003 թվականին մահվան ակտերի մշակումն ըստ մահվան պատճառների իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազ- մակերպության կողմից ընդունված Հիվանդությունների միջազգային դասակարգչի՝ 9-րդ վերանայման, իսկ 2004 թվականից՝ 10-րդ վերանայման համաձայն։ Դրանով պայմանավորված, հիվանդությունների որոշ խմբերի համար ցուցանիշների համադրելիությունը հնարավոր չէր պահպանել։

Հայաստանի տվյալներ խմբագրել

2015 թվականին հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 010.6 հազար մարդ և 2014 թվականին տարեսկզբի համեմատ նվազել է 6.5 հազար մարդով[1][2]։

2015 թվականի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է՝ 63.5%, իսկ գյուղական բնակչությանը՝ 36.5%։

2015 թվականին տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում՝ 47.8%-ը կազմել են տղամարդիկ և 52.2%-ը՝ կանայք։

Բնակչության միջին տարիքը, 2015 թվականի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35.9 տարի, տղամարդկանց համար՝ 34.1, իսկ կանանց համար՝ 37.6 տարի։

ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, 2015 թվականին հունվարի 1-ի դրությամբ կազմել 20.5%, աշխատունակ տարիքինը՝ 66.9, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 12.6%։

2015 թվականին տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 494 մարդ՝ 0-15 տարեկան և կենսաթոշակաային տարիքի, 2014 թվականին նույն ժամանակահատվածում արձանագրված 483 մարդու համեմատ։

Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է։

Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև, մասամբ, միգրացիայի հետևանք է։

Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող։ Այդ ցուցանիշը 2015 թվականին տարեսկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 10.7%:

Բնակչության բնական շարժ խմբագրել

2014 թվականին արձանագրվել են 43 777 ծնունդներ, որից 464-ը կազմել են բազմապտուղ, նրանցից՝ 447-ը՝ երկվորյակ, 17-ը՝ եռյակ։ Ծնվածների ընդհանուր թվաքանակից՝ 43 031-ը կազմել են կենդանի ծնվածները, իսկ 746-ը՝ մեռելածիններ։ Նախորդ տարվա համեմատ կենդանի ծնվածների բացարձակ թվաքանակն աճել է 3.0%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կենդանի ծնվածների թվաքանակը 1 000 բնակչի հաշվով, կազմել է 14.3‰, որը նախորդող տարվա արձանագրված ցուցանիշի համեմատ աճել է 0.5 պրոմիլային կետով։

2014 թվականին ծնելիության մակարդակի աճն իր ազդեցությունն է ունեցել ինչպես 15-49 ծնունակ տարիքային խմբի, այնպես էլ կանանց բոլոր տարիքային խմբերի վրա։ 2014 թվականին ևս, թե՛ 20-24 տարեկանները, և թե՛ 25-29 տարեկանները շարունակում են հանդիսանալ ՀՀ առավել պտղաբեր տարիքային խմբերը, որոնց բաժին է ընկել ծնվածների ավելի քան 72.0 %-ը։

2014 թվականին ծնելիության գումարային գործակիցը (բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում) կազմել է 1.651 միավոր, բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 միավորի համեմատ։ Ընդ որում, 2014 թվականին քաղաքային բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1.684, իսկ գյուղա-կանինը՝ 1.675 երեխա։

Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ, 2014 թվականին կազմել է 26.1 տարեկան, իսկ առաջին երեխայի ծննդյան ժամանակ՝ 24.3 տարեկանը։ Հարկ է նշել, որ 2014 թվականին ըստ ծննդի հաջորդականության՝ երրորդ և հաջորդող կարգի ծնունդների մասնաբաժինը կազմել է ընդամենը կենդանածինների 17.3%-ը, քաղաքներում՝ 15.5% և գյուղական վայրերում՝ 20.5%:

2014 թվականին Հայաստանում արձանագրվել է 27 714 մահվան դեպք, իսկ մահացության ընդհանուր գործակիցը՝ 1 000 բնակչի հաշվով, կազմել է 9.2‰: 2014 թվականին գրանցված մահվան ընդհանուր դեպք-երից 14 219-ը, կամ 51.3 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 13 495-ը, կամ 48.7%-ը՝ կանայք։ Տղամարդկանց և կանանց մահացության տարբեր մակարդակներով պայմա- նավորված, տարբեր են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողու- թյան ցուցանիշները ծննդյան պահից։

Կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան 11 պահից 2014 թվականին տղամարդկանց համար կազմել է 71.8 տարի, իսկ կանանց համար՝ 78.1 տարի։ Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 71.9, կանանց համար՝ 78.1 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար, 71.5 և 78.1 տարի։ Ինչպես և նախորդող տարիներին, 2014 թվականին ևս մահացության կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններից (47.9%) և չարորակ նորագոյացություններից (20.6%) մահվան դեպքերը։ Ընդ որում, 2014 թվականին, 2013 թվականին համեմատ, մահացության դեպքերը նվազել են՝ մարսողական հիվանդություններից, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից, իսկ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերն ավելացել են։

2014 թվականին հանրապետությունում մանկական մահացության գործակիցը (կյանքի առաջին տա-րում), 1 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 8.8‰: Հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի ցուցանիշը 2014 թվականին կազմել է՝ 15 317 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը՝ 5.1‰, 1 000 բնակչի հաշվով։ 2015 թվականին հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41 815 ծնված, որը 2014 թվականին նույն ժամանա-կաշրջանի համեմատ նվազել է 2.8%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար՝ 0.4 պրոմիլային կետով և կազմել՝ 13.9 ‰:

Ամուսնություններ և ամուսնալուծություններ խմբագրել

2014 թ. հանրապետությունում արձանա-գրվել է գրանցված ամուսնությունների 3.0% աճ, 2013 թ. համեմատ, կազմելով՝ 18 912 դեպք, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են 19.7%-ով և կազմել 4 496-ը։

Ամուսնության միջին տարիքը տղամարդկանց շրջանում 2014 թ. կազմել է 30.8, իսկ կանանց մոտ՝ 27.3 տարեկանը, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար, 29.4 և 26.3 տարեկանը[3]։

Միգրացիա խմբագրել

ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով արձանագրվեց, որ ՀՀ 2001 թվականի մարդահամարի տվյալների համեմատությամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը հաշվառման պահի դրությամբ (2011թ. հոկտեմբերի 12-ի կեսգիշերի դրությամբ) նվազել է շուրջ 195 հազ.մարդով, կամ 6%-ով, այն դեպքում, երբ միջմարդահամարային տարիներին (2002-2011թթ.) ՀՀ բնակչության բնական հավելաճը կազմել է 126 հազար մարդ։ Այսինքն՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշի նվազումը միջմարդահամարային տասնամյակում, ի հաշիվ միգրացիայի, ըստ գնահատման, կազմել է՝ շուրջ 320 հազար մարդ։

2014թ. միգրացիայի մնացորդի ցուցանիշը գնահատվել է՝ -21.8 հազար մարդ, քաղաքային բնակչությանը՝ -11.4 հազար, իսկ գյուղական բնակչությանը՝ -10.4 հազար մարդ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրապարակվել են մարդահամարի նախնական տվյալները
  2. Газета "Третья Сила"—Thirdpower.am: Հայաստանի բնակչության տվյալներ Արխիվացված 2012-12-06 archive.today–дата публикации: 10.02.12
  3. Հայաստանի ԱՎԾ կայքէջ
  4. «Միգրացիան Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.