Հայաստանի բանկային համակարգ

Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանասական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը։ Հայաստանի բանկային համակարգն երկմակարդակ բանկային համակարգ է, որն ընդգրկում է Հայաստանի կենտրոնական բանկը, Հայաստանի տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները։

Հայաստանի բանկային համակարգի էությունը և զարգացումը խմբագրել

ՀՀ ԿԲ երկրի գլխավոր բանկն է, որն օժտված է փողի մենաշնորհային թողարկման, դրամաշրջանառության կարգավորման, բանկերի և այլ վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման, վերահսկման, դրամավարկային ու արժութային քաղաքականության մշակման և իրականացման, երկրի պաշտոնական միջազգային պահուստների պահպանման ու կառավարման իրավունքով։ Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերի գործունեությունը կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով (ընդունված 30.06.1996 թ.)։ Տվյալ օրենքը սահմանում է Հայաստանի տարածքում ձևավորվող և գործող բանկերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարեցման, բանկային գործունեության վերահսկողության կարգն ու պայմանները։ Համաձայն նշված օրենքի՝ բանկն իրավաբանական անձ է, որը սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնում է բանկային գործունեություն։ Այնուհետև օրենքը մեկնաբանում է «բանկային գործունեություն» հասկացությունը։ Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով։

Հայաստանի բանկային համակարգում գործող բանկերը ունիվերսալ բանկեր են, այսինքն` կարող են իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի բանկային գործառնությունները։

Խորհրդային Միության տարիներին Հայաստանի բանկային համակարգը հանդիսանում էր ԽՄ սոցիալիստական պլանային տնտեսության կարևոր օղակներից մեկը։ Սակայն բանկային համակարգը լիարժեք չէր արտացոլում բանկային գործի էությունը։ Խորհրդային տարիներին բանկային գործը հանդիսանում էր պետության մենաշնորհը, իսկ ՀՀ ԿԲ-ը` Միության պետբանկի գրասենյակը։ 1988 թ. Խորհրդային Հայաստանում ստեղծվեց առաջին կոոպերատիվ բանկը` «Հայկը», որով սկզբնավորվեց հանրապետությունում նոր տեսակի բանկային համակարգի ստեղծման գործընթացը։ Առաջին առևտրային բանկը ստեղծվել է 1988թ.։ Անկախության հռչակումից հետո 1991 թ. Հայաստանում գրանցվեց առաջին առևտրային բանկը՝ Հայէկոնոմ բանկը։ Հետագա տարիներին շարունակվել է Հայաստանի բանկային համակարգի ինստիտուցիոնալ կայացման գործընթացը։ 1995 թ. վերջին Հայաստանի տարածքում գործում էին 35 ռեզիդենտ բանկեր՝ 182 մասնաճյուղերով։ Տարվա ընթացքում անվավեր են ճանաչվել 20 բանկի և օտարերկրյա բանկերի 3 մասնաճյուղի բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիաները։ Գրանցվել և լիցենզավորվել է 3 բանկ, այդ թվում` ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով։ 1996թ. ընթացքում գործունեությունը դադարեցրել է 8 բանկ, որոնցից երկուսը միավորվել են, մեկը այլ բանկի հետ և գրանցվել որպես մասնաճյուղ, իսկ մնացած հինգի բանկային գործունեության լիցենզիաները ՀՀ ԿԲ կողմից անվավեր են ճանաչվել։ 1996 թ. ընթացքում լիցենզավորվել է 5 բանկ։ Արդյունքում, 1997թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել է 33 բանկ և մեկ ոչ ռեզիդենտ բանկի մասնաճյուղ, իսկ 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել է 30 բանկ։ Բանկերի խոշորացումը միշտ եղել է ՀՀ ԿԲ-ի ուշադրության կենտրոնում, որը դրսևորվում է բանկերի համար սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի աստիճանական մեծացման ձևով։ Բանկային համակարգը 2003թ. թևակոխել է զարգացման նոր փուլ, անցյալում թողնելով բանկերի նախկինում կուտակված դասական բանկերին ոչ բնորոշ խնդիրները։ ԿԲ-ի կողմից իրականացվող միջոցառումներն ուղղված են բանկային օրենսդրության կատարելագործմանը, բանկային ռիսկերի սահմանափակմանը, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանը, Հայաստանի քաղաքացիների և բանկերի շահերի պաշտպանությանը։

Հայաստանի բանկային համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոններից է միջին և երկարաժամկետ ռեսուրսների պակասուրդը։ Նման իրավիճակի պատճառներից մեկը «երկար փողեր» ստեղծող ինստիտուտների զարգացման ցածր մակարդակն է, ինչպիսիք են՝ կենսաթոշակային ֆոնդերը, ապահովագրական ընկերությունները և այլն։ Արժեթղթերի շուկայի թերզարգացածությունը հանգեցնում է բարձր իրացվելի ֆինանսական գործիքների սակավության։ Դրա հետևանք են բանկերում ազատ միջոցների նշանակալի կուտակումները, որոնք արտահայտվում են ԿԲ-ում դեպոզիտների և թղթակցային հաշիվների մնացորդների աճով։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին բանկային շուկայում ստեղծված իրավիճակը, տնտեսության այլ ճյուղերում կառուցվածքային բարեփոխումների ակտիվացումը և փոփոխվող տնտեսական իրավիճակը նախադրյալներ ստեղծեցին բանկային համակարգի զարգացմանն ուղղված հետագա բարեփոխումների համար։ Տնտեսության իրական հատվածում որոշ ոլորտների ակտիվությունը հանգեցրել է կորպորատիվ հաճախորդների կողմից վարկերի նկատմամբ պահանջարկի աճի, հետևաբար բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի, ինչպես նաև վարկային պորտֆելի որակի և բանկային համակարգի շահութաբերության բարձրացման։ Իսկ բնակչության եկամուտների աճը մեծապես նպաստել է բանկերի հաճախորդներից ներգրավված միջոցների աճի։ Շինարարության ոլորտի անկման արդյունքում վարկային ռիսկի առաջացման հավանականությամբ պայմանավորված բանկերը սկսել են ավելի զգուշավոր քաղաքականություն վարել և այդ ոլորտի վարկավորումն իրականացվել է ավելի զուսպ տեմպերով։ Ներքին տնտեսության ակտիվացումը հանգեցրել է վարկերի նկատմամբ պահանջարկի աճի, որի արդյունքում բանկերի վարկային պորտֆելն էապես աճել է։ Նշվածին նպաստել է նաև հաճախորդներից ներգրավված միջոցների աճը, ինչը ևս վկայում է տնտեսության վերականգնման և բնակչության եկամուտների աճի մասին։ Բանկային համակարգում մրցակցության խորացումը հիմնականում գնային «պատերազմի» տեսքով է ի հայտ եկել, ինչն էլ հանգեցրել է առաջին հերթին կորպորատիվ բանկային ծառայությունների մարժաների կրճատման, ընդ որում, արձանագրված մրցակցության սրացումը խոշոր կորպորատիվ հաճախորդների ոլորտից տեղափոխվել է ՓՄՁ և մանրածախ հատված։ Բանկային համակարգում հետզհետե սրվող մրցակցությունն և կառավարության կողմից էժան փողերի ներարկման շարունակական քայլերը հանգեցրել են վարկերի տոկոսադրույքների իջեցման, ինչն էլ իր հերթին բերել է վերջիններիս նկատմամբ պահանջարկի աճի։ Սակայն դրամական միջոցների սղությունը ստիպել է հայաստանյան բանկերին բարձրացնել ավանդների տոկոսադրույքները` դրանք ավանդատուների համար գրավիչ դարձնելու համար։ Միաժամանակ միջբանկային մրցակցության և տնտեսության իրական հատվածում աճի դանդաղ տեմպերի պայմաններում բանկերը չեն կարողանում բարձրացնել վարկավորման տոկոսադրույքները, որը հանգեցնում է տեղաբաշխված և ներգրավված միջոցների տոկոսադրույքների սպրեդի և տոկոսային մարժայի կրճատման։ Տոկոսային մարժայի կրճատմանն է նպաստել նաև այն հանգամանքը, որ որոշ բանկեր օգտվել են օտարերկրյա էժան ռեսուրսների ներգրավման հնարավորությունից, ինչը լուրջ մրցակցային պայքար է ստեղծել և ստիպել բանկերին ավելցուկային իրացվելի միջոցների տեղաբաշխման նպատակով իջեցնել վարկավորման տոկոսադրույքները և կրճատել տոկոսային մարժան։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճի արդյունքում տարվա ընթացքում աճել են նաև միջբանկային վարկերի և ռեպո գործարքների տոկոսադրույքները, ինչը հանգեցրել է բանկերի կողմից ներգրավվող միջոցների ծախսատարության։ Զգալի ազդեցություն ունեցել արտարժութային ներգրավված միջոցների պահուստավորման փոփոխության վերջին փուլը (արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ԿԲ-ում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 18 տոկոսի չափով)։

Ցուցանիշներ խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 318,9 միլիարդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 1 տրլն. 560 միլիարդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 1 տրլն. 241 միլիարդ դրամ։ Բանկային համակարգի ակտիվների 56.9%-ը (կամ 888.6 միլիարդ դրամը) բաժին է ընկնում տնտեսությանը տրամադրած վարկերին (վարկերի 96.9%-ը բաժին է ընկնում «ստանդարտ» դասի վարկերին), իսկ պարտավորությունների 54.2%-ը (կամ 673.1 միլիարդ դրամը) կազմում են ֆիզիկական և իրավաբանական (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) անձանցից ներգրաված միջոցները, կապիտալի կազմում (փաստացի լրացված) կանոնադրական հիմնադրամի մեծությունը կազմում է 203.8 մլրդ.դրամ։ 31.12.2010 թվականին դրությամբ բանկայի համակարգը ապահովել է 30.2 միլիարդ դրամ զուտ շահույթ, շահութաբերությունը ըստ ակտիվների (ROA տարեկանացված) կազմել է 2.2%, շահութաբերությունը ըստ կապիտալի (ROE տարեկանացված)` 10.7%: ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածությունը գնահատվում է ցածր. կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը ՀՀ բանկային համակարգում 31.12.2010 թվականի դրությամբ ըստ ընդհանուր ակտիվների կազմում է 0.067, ըստ ընդհանուր պարտավորությունների` 0.069, ըստ ընդհանուր կապիտալի՝ 0.065։

Մասնակիցներ խմբագրել

2020 թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 17 բանկ։

  1. Ակբա բանկ ԲԲԸ
  2. Ամերիաբանկ ՓԲԸ
  3. ԱյԴի Բանկ ՓԲԸ
  4. Արարատբանկ ԲԲԸ
  5. Արդշինբանկ ՓԲԸ
  6. Արմսվիսբանկ ՓԲԸ
  7. Արցախբանկ ՓԲԸ
  8. Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ
  9. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
  10. Էվոկաբանկ ՍՊԸ
  11. Ինեկոբանկ ՓԲԸ
  12. Կոնվերս Բանկ ՓԲԸ
  13. Հայբիզնեսբանկ ՓԲԸ
  14. Հայէկոնոմբանկ ԲԲԸ
  15. Մելլաթ Բանկ ՓԲԸ
  16. Յունիբանկ ՓԲԸ
  17. ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ

Վերահսկողություն խմբագրել

Բանկային վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողութան վարչությունը, որը Հայաստանի կենտրոնական բանկի առանձին ստորաբաժանում է։ Բանկային համակարգի կարգավորման մեթոդաբանական և զարգացման խնդիրների հետ կապված աշխատանքների պատասխանատվությունը դրված է Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, Ֆինանսական համակարգի կարգավորման և Իրավաբանական վարչության վրա, որոնք նույնպես Հայաստանի կենտրոնական բանկի կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում է։ ԿԲ-ում ստեղծված է Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով, որի նպատակն է քննարկել այս բնագավառում ծագած խնդիրները և հանդես գալ համապատասխան առաջարկություններով։ Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կազմում են ԿԲ նախագահը, ԿԲ նախագահի տեղակալը, Ֆինանսական վերահսկողության, Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, Ֆինանսական համակարգի կարգավորման, իրավաբանական վարչության պետերը։ Բանկային վերահսկողությունն իրականացվում է վերստուգումների տեղերում /on-site/ և ամենօրյա հեռակա վերահսկողության /off-site/ միջոցով։ Տեղերում վերստուգումները կարող են լինել ինչպես համալիր, ներառելով բանկի գործունեության բոլոր ոլորտները, այնպես էլ նպատակային՝ ուղղված կոնկրետ ոլորտի ստուգմանը։ Տեղերում վերստուգումները կազմակերպվում են պարբերաբար կազմվող տարեկան ծրագրերի հիման վրա։

Հղումներ խմբագրել

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն