Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր

Հայաստանի ոստիկանության զորքեր, Հայաստանի ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։

ՀՀ ոստիկանության զորքեր
Հիմնական մարմինՀՀ ոստիկանություն
Կայքpolice.am
Նախկին անվանում(ներ)Ներքին զորքեր

Կազմավորվել է 1992 թվականի հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Ի սկզբանե կոչվել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքեր։ Ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանում է կառավարությունը, իսկ կառուցվածքը և կանոնադրությունը հաստատում է ոստիկանության պետը։

Ոստիկանության զորքերն ունի պատվո պահակախումբ, նվագախումբ, երգչախումբ[1]։ Յուրաքանչյուր պաշտոնական, տոնական և հիշարժան արարողությունների ժամանակ իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրում Պատվո պահակախմբի ծառայողներն ու զինվորական նվագախմբի երաժիշտները։ Օրինակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման և փակման արարողություններն անցնում են նույն նվագախմբի կողմից կատարվող երաժշտության ներքո։

ՊատմությունԽմբագրել

Հայաստանի ոստիկանության զորքերը կազմավորվել է հիմնականում նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՆՋ) և միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատների (ՄՕՀՋ) կադրերից, որոնք ակտիվ մասնակցել են ներքին զորքերի կողմից կատարվող բոլոր մարտական գործողություններին։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զորամասերն ունեցել են բազմաբովանդակ գործունեության ոլորտ՝ հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ծառայություն, ՀՀ ոստիկանության զորքեր ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողների նախնական զինվորական պատրաստության իրականացում, ենթասպայական կազմի վերապատրաստման դասընթացների անցկացում, կապավորների պատրաստում, մասնակցություն Հայաստանի Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և զինված ուժերի կողմից կազմակերպվող Հայաստանի սահմանների պաշտպանության բոլոր մարտական գործողություններին[2]։ Ներքին զորքերն ունեցել է նաև ուղղաթիռային (ավիացիոն) օղակ, որն ապահովված լինելով համապատասխան ուղղաթիռներով՝ մարտական գործողությունների իրականացման ժամանակ կատարել է տարատեսակ տեղափոխման ծառայություններ ՀՀ և ԼՂ ամենաանանցանելի և դժվարին տարածքներում։

Կարևոր իրադարձություններԽմբագրել

  • 1992 թվականի հունիսի 21-ին ՀՀ նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվեց ՀՀ ՆԳՆ ներքին զորքերը[3]։
  • 1992 թվականի հունիսի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունեց թիվ 375 որոշումը «ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի մասին», իսկ որոշ ժամանակ անց ՆԳ նախարարի հրամանով ստեղծվեցին ներքին զորքերի զորամասերն ու ստորաբաժանումները։
  • ՆԶ զորամասերը և ստորաբաժանումները մասնակցել են ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին և ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը։
  • 1994-1999 թվականներին ՀՀ Ներքին զորքերն ազատագրված Արցախում իրականացրել է մարտական հերթապահություն։
  • Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը և ներքին զորքերը տվել են 56 մահ, 4 անհայտ կորած և բազմաթիվ վիրավորներ[4]։
  • Ոստիկանության զորքերում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 11 զինծառայող։
  • Ներքին զորքերն իր մարտական ուղու սկիզբը կերտել է Արծվաշենի, Ֆիզուլու, Մարտակերտի, Քելբաջարի և այլ շրջանների պաշտպանության ընթացքում։
  • 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ներքին զորքերը վերանվանվեց ոստիկանության զորքերի, և փոխվեցին նրա առջև դրված խնդիրները՝ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը, հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը[5]։
  • 2009 թվականին ժամկետային զինվորական ծառայությունից անցում կատարվեց պայմանագրային հիմունքներով ծառայությանը։
  • 2014 թվականի հունիսի 21-ին բացվեց ոստիկանության զորքերի գլխավոր վարչության նոր վարչական շենքը[6]։
  • 2018 թվականից ոստիկանության զորքերը ստանձնեց ԶՈՒ հետ համատեղ պետական սահմանի պահպանության գործը[7][8][9]։
  • 2018 թվականի օգոստոսի 23-ին մարտական հերթապահության համար առաջնագիծ մեկնեց ոստիկանության զորքերի առաջին ստորաբաժանումը։ Այդ օրը հանդիսությանը մասնակցեց և ողջույնի ու ողջերթի խոսքով դիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[10]։
  • 2020 թ. մարտի 16-ից սկսած ոստիկանության զորքերը շուրջօրյա ծառայությամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ներգրավվեց COVID-19 պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրության միջոցառումների իրականացմանը և իր առաքելությունը մինչ այսօր կատարում է պատվով։
  • 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի զորամասից զոհվեց 43 ծառայող։
  • 2021 թվականի հունիսի 8-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ներկա էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ։ Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի այս զորամասից զոհվեց 43 ծառայող։ Կռվելով մինչև վերջ՝ նրանք անմահացան Շուշիի մատույցներում։ Բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի տեղակալ Արտաշես Մուղնեցյանը։Հայտարարվեց մեկ րոպե լռություն, հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ», «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով, որոնք հանձնվեցին ծնողներին, երեխաներին ու կանանց։Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո զորամասի գումարտակում ներկայացվեց ոստիկանության զորքերի զորամասի պատմությունն ու անցած մարտական ուղին։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց ոգեկոչման և հիշատակի աղոթք, ինչից հետո բացվեց «Հավերժության ճանապարհ» փառքի անկյունը։

Ոստիկանության զորքերի կազմավորման օրԽմբագրել

Ոստիկանության զորքերի կազմավորման օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 21-ին։ Ավանդաբար ոստիկանության զորքերին տոնի առթիվ շնորհավորում են պետության ղեկավարությունն ու ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները։ 2017 թվականի հունիսի 21-ին նշվեց ոստիկանության զորքերի 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունը[11]։

2019 թվականի հունիսի 21-ին հանդիսավոր նշվեց ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարելիցը։ Տոնական միջոցառումը մեկնարկեց ոստիկանության զորքերի շարահրապարակում։ Ցուցադրական ելույթներով հանդես եկան Պատվո պահակախմբի և ոստիկանության զորքերի զինծառայողները։ Շնորհավորական խոսք ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Զորքերի զինծառայողներին շնորհավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, ուժային և իրավապահ կառույցների ղեկավարներ։ Այնուհետև տեղի ունեցավ ոստիկանության զորքերի՝ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրումը։ Հնչեց նաև վալս՝ ոստիկանության զորքերի ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի մասնակցությամբ[12]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի օրենքը ոստիկանության զորքերի մասին»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-20 
  2. «Ոստիկանության զորքերի կանոնադրություն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-20 
  3. One Studio։ «Պատմություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ www.police.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-06-20 
  4. One Studio։ «Ոստիկանության զորքերը 28 տարեկան է»։ www.police.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-06-20 
  5. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-06-20 
  6. «Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հանդիսավոր բացումը Դավթաշեն համայնքում» 
  7. One Studio։ «Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր»։ www.police.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-06-20 
  8. «Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնեց հայ-ադրբեջանական սահմանագիծ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2020-06-20 
  9. «Ոստիկանության զորքերը ստանձնում են ՀՀ ԶՈՒ-երին աջակցություն ցուցաբերելու կարևոր առաքելություն. Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ծառայողներին մաղթել է անփորձանք ծառայություն»։ www.primeminister.am։ Վերցված է 2020-06-20 
  10. «Ոստիկանության զորքերը մեկնում են սահման՝ ծառայելու. Նիկոլ Փաշինյան(տեսանյութ)»։ Ա1+։ Վերցված է 2020-06-20 
  11. «Ոստիկանության զորքերի 25-ամյա հոբելյանը» 
  12. One Studio։ «ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ www.police.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-06-20 

Արտաքին հղումներԽմբագրել