ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն (ՍՊԱԾ), Հայաստանի երկրաշարժերի կանխատեսման և մոնիտորինգի, Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ու գնահատման, սեյսմիկ վտանգի հետ կապված երկրորդային վտանգի և քաղաքներում շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու կանոնների ուսուցման, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգող ծառայություն։ Ստեղծվել է 1991 թվականին՝ Հայաստանի կառավարությանն առընթեր։ 2005 թվականից՝ Հայաստանի տարածքային նախարարության գործակալություն։
Կառուցվածք
խմբագրելՍՊԱԾ-ը ունի 6 ստորաբաժանում՝ տեղեկատվության վերլուծության, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման վարչություններ, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, դիտացանցերի, գիտատեխնիկական հետազոտությունների, հասարակության կապերի և միջազգային համագործակցության բաժիններ։ Գործակալությունն ունի Հյուսիսային (Գյումրիում), Արևմտյան (Երևանում), Հարավային (Կապանում) և Արևելյան (Ստեփանակերտում) տարածքային ծառայություններ։ Համակարգում գործում են գիտատեխնիկական և փորձագիտական խորհուրդներ։
Երկրաշարժի կանխատեսման մասին փորձագիտաան խորհրդի եզրակացությունն անմիջապես հաղորդվում է ՀՀ նախագահին և վարչապետին։
Ծրագրեր
խմբագրելՍՊԱԾ-ը մշակել է սեյսմիկ պաշտպանության բոլոր տարրերն ընդգրկող «Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ՀՀ տարածքում» (1999), «Սեյսմիկ ռիսկի նվազեցումը Երևան քաղաքում» (1999) ռազմավարական, պետական համալիր, երկարաժամկետ ծրագրեր, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ սեյսմակայուն շինարարության նոր չափանիշներ, Սպիտակի երկրաշարժի գոտում շենքերի սեյսմակայունությունը բարձրացնող նոր եղանակներ և գնահատել ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը։ Ստեղծվել է արագ արձագանքման ուժերի համակարգ՝ սեյսմոլոգների, հատուկ փրկարարական ջոկատների, կապի աշխատողների, շինարարների և ուրիշների ներգրավմամբ։
ՀՀ տարածքում գործում են ծառայության Ազգային բազմահարաչափ, միջազգային (IRIS, GRS), տարածաշրջանային և տեղական ցանցերի ավելի քան 150 կայան, իրականացնում են երկրակեղևի և մթնոլորտի սեյսմոլոգիական, երկրաֆիզիկական, ջրաերկրադինամիկական, երկրաքիմիական, գեոդեզիական և կենսաբանական շուրջօրյա դիտարկումներ։
ՍՊԱԾ-ը սեյսմոլոգիական միջազգային կենտրոն է․ համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իրանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի համանման կենտրոնների հետ։
1998 թվականի հոկտեմբերին ժնևում բնական աղետների նվազեցման միջազգային տասնամյակի համաժողովում ՍՊԱԾ-ը արժանացել է ՄԱԿ-ի Սասակավայի մրցանակի։
2002 թվականին ընդունվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |