Կոստրոմյան խոշոր եղջյուրավոր տավարի ցեղ (ռուս.՝ костромская порода крупного рогатого скота), կաթնամսատու տավարի ցեղ։ Ստացվել է 1945 թվականին ՝ Կոստրոմայի մարզի տոհմային տնտեսություններում յարոսլավլյան և տեղական տավարի ալգաու և շվից ցեղերի տրամախաչումից (Ստանիսլավ Շտեյմանի, Վաղինակ Շահումյանի և Նիկոլայ Գորսկու ղեկավարությամբ)։

Կոստրոմյան տավարի ցեղ

Կենդանիները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա։ Թույրը՝ բաց և մուգ մոխրագույն։ Ցուլերի կենդանի զանգվածը 800-900 կգ է, կովերինը՝ 550-650։ Կովերի տարեկան կաթնատվությունն առաջավոր տնտեսություններում՝ 4000-5000 կգ (միջինը՝ 3600-4000 կգ), կաթի յուղայնությունը՝ 3, 9%։ Ռեկորդային կիթը՝ 14115 և 14203 կգ։ Ինտենսիվ աճեցման և բտման դեպքում 18 ամսական ամորձատվածները կշռում են 450-500 կգ։ Սպանդային ելքը՝ 65-67%։ Ցեղը բուծվում է Կոստրոմայի, Իվանովոյի, Վլադիմիրի մարզերում, ինչպես նաև Բելառուսում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 625