Շվից, շվեյցարական գորշ, կաթնամսատու տավարի ցեղ։ Բուծվել է Շվեյցարիայում կարճեղջյուր տավարից (հնագույն ժամանակներում ներմուծվել է Արևելքից) սերված կենդանիների երկարատև ընտրության և զույգ ընտրության միջոցով։ Մարմնակազմը ամուր է։ Կենդանիները դիմացկուն են և լավ են օգտագործում արոտը։ Թույրը՝ գորշ (բացից մուգ երանգով)։ Սև կապարագույն քթահայելին սահմանազատված է սպիտակավուն մազածածկի օղակով, իսկ իրանի վերին գծի ուղղությամբ, մնդավից մինչև պոչարմատը, մազածածկը ավելի բաց գույն է (արտաքնակազմի բնորոշ հատկանիշներ)։ Կենդանիների իրանը ձգված է, կրծքավանդակը՝ լավ զարգացած, ոտքերը՝ ամուր։ Լավ կլիմայավարժվում են։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 800—950 (առավելագույնը՝ 1200), կովերինը 550—600 (առավելագույնը՝ 800) կգ է։ 13—14 ամսական զվարակները (մատղաշ)՝ 260—300 կգ։ Ճարպ քիչ են կուտակում։ Սպանդային ելքը 50—60% է։ Կաթնատվությունը՝ 4000—4500 կգ (ամենաբարձրը՝ 10 հազար կգ)։ Կաթի յուղայնությունը՝ 3,7—3,9%։ Շվից տավարի ցեղ բուծվում է բազմաթիվ երկրներում։

Շվից ցեղի տավարը Շվեյցարական Ալպերում

Հայաստանում շվիցի տրամախաչմամբ ստացվել է կովկասյան գորշ տավարի ցեղը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 575